Կատարյալ առողջությունը ենթադրում է կենսակերպի մի քանի հիմնական կանոնների պահպանում: Տարբեր հիվանդությունների ի հայտ գալու պատճառները քննարկելիս` մասնագետները հաճախ են մատնանշում օրգանիզմի գենետիկ նախատրամադրվածությունը, հիվանդությունների նկատմամբ հակվածությունը, արտաքին գործոնների ներազդեցությունը, վարակների տարածվածությունը: Միևնույն ժամանակ կարևոր նշանակություն է տրվում կանխարգելիչ միջոցառումներին: Առողջ կենսակերպը 21-րդ դարին բնորոշ տարածված հիվանդությունները կանխարգելող կարևորագույն գործոններից է: Ակտիվ ու շարժուն կենսակերպը, վնասակար սովորություններից հրաժարվելը նույնքան կարևոր են, որքան ճիշտ և առողջ սննդակարգին անցումը:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս կիրառել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված առողջ սնուցման 12 պարզագույն սկզբունքները: Աստիճանաբար այն կարող է դառնալ սովորություն, ինչպես նաև յուրօրինակ մշակույթ՝ ընդունելի բոլոր սերունդների համար:
Սննդակարգը պետք է լինի բազմազան, նախընտրություն տալով բուսական և ոչ թե կենդանական սննդին:
Ամեն օր` սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ պետք է օգտագործել հաց, հացահատիկային մթերք, մակարոնային արտադրանք, բրինձ կամ կարտոֆիլ:
Կարդացեք նաև
Օրը մի քանի անգամ պետք է միրգ և բանջարեղեն ուտել՝ նախապատվություն տալով թարմ և տեղական ծագման մթերքին:
Մարմնի քաշը պետք է պահպանել նորմի սահմաններում՝ ամենօրյա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ:
Վերահսկել է պետք օգտագործվող ճարպերի քանակը (այն պետք է կազմի օրվա ընթացքում ստացվող էներգիայի ոչ ավելի, քան 30 տոկոսը) հագեցած ճարպաթթուների մեծ մասը փոխարինելով չհագեցած բուսական յուղերով:
Յուղոտ միսն ու մսամթերքն անհրաժեշտ է փոխարինել ընդեղենով (լոբի, ոսպ, ոլոռ), ձկով, թռչնամսով:
Հարկ է օգտագործել յուղի և աղի ցածր պարունակությամբ կաթ և կաթնամթերք:
Պետք է ընտրել շաքարի ցածր քանակությամբ մթերք` սահմանափակելով ռաֆինացված շաքարի, քաղցր ըմպելիքի և քաղցրավենիքի օգտագործումը:
Օրվա ընթացքում օգտագործված աղի քանակը չպետք է գերազանցի մեկ գդալը՝ 5 գրամ, ներառյալ այն աղը, որն առկա է հացի, վերամշակված, ապխտած կամ պահածոյացված մթերքում:
Չպետք է չարաշահել ալկոհոլը, օրական օգտագործել առավելագույնը մինչև 20 գրամ:
Սնունդը պետք է պատրաստել հիգիենիկ և անվտանգ պայմաններում, նախընտրելի է շոգեխաշման, թխման մեթոդը, այդպիսով հնարավոր է նվազեցնել յուղի կիրառությունը:
Երեխաներին, կյանքի առաջին 6 ամիսներին, պետք է կերակրել բացառապես կրծքով, հաջորդիվ` կյանքի 1-ին տարում կազմակերպելով ճիշտ սնուցում:
Կարևոր է հիշել, որ առողջ սնունդը կերակրի սահմանափակումը չէ, այլ՝ անվտանգ, ճիշտ վերամշակված, հավասարակշռված սննդի կիրառումը:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն