Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հաշվեկշռված արտաքին քաղաքականությունը որպես Ռուսաստան-ԱՄՆ երկխոսության հաստատման հարթակի ստեղծման ռազմավարական հնարավորություն

Դեկտեմբեր 22,2016 17:03

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), պրոֆեսոր (ՀՀ), ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի առաջատար հրավիրված պրոֆեսոր, Հարվարդի համալսարանի Ազգային անվտանգության ծրագրի առաջատար հրավիրված հետազոտող, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ Հայկ Քոթանջյանի զեկուցումը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի համատեղ նիստում:

22.12.2016, Երևան

Հարգելի պարոնայք Համանախագահներ,

Հարգելի գործընկերներ

Հայաստանը 1991 թ. անկախացման օրվանից իր անվտանգային քաղաքականությունը խարսխում է հաշվեկշռվածության, ինչպես հարևան պետությունների, այնպես էլ ուժի արտատարածաշրջանային կենտրոնների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ձգտման վրա: Տվյալ ընտրությունն արտացոլում է անկախ հայկական պետության՝ որպես Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի 11-միլիոնանոց Հայության կայուն զարգացման և անվտանգության երաշխավորի արդյունավետ կենսագործունեության աշխարհառազմավարական իրողությունները և աշխարհաքաղաքական հրամայականները: Ընդսմին անհրաժեշտ է նշել տվյալ հաշվեկշռի պահպանման անփոփոխությունը՝ անկախ Հայաստանի դաշնակիցների ու գործընկերների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններում ծագող բոլոր բարդություններից: Պատիվ ունեմ շեշտելու, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, որի հետ երկկողմ ձևաչափով անվտանգային հարաբերությունները Հայաստանը լրացնում է բազմակողմ ձևաչափով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, նրա և այլ պետությունների հետ ծավալվող ռազմավարական համագործակցությամբ:

Հայ-ռուսաստանյան ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդի փուլը առանձնանում է մեծ դինամիկությամբ, ինչը պայմանավորված է միջպետական հարաբերությունների տվյալ ոլորտի նկատմամբ երկու եղբայրական պետությունների ղեկավարների առանձնակի ուշադրությամբ: Այս առումով խորհրդանշական իրադարձություն էր Գյումրիում 2013 թ. կայացած Հայ-ռուսաստանյան բիզնես-համաժողովը, որին մասնակցեցին Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Համաժողովին նախորդեց նրանց այցելությունը 102-րդ ռուսաստանյան զորակայան՝ դրա ռազմատեխնիկական արդիականացման և սպասարկման արդյունավետության մեծացման խնդիրների քննարկմամբ:

Ըստ իս՝ Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստեղծման պարագայում այդ խնդիրների լուծումը զգալի կարևորություն ու հրատապություն է հաղորդում Գյումրիում հայ-ռուսաստանյան պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծման նախագծի հայաստանյան ու ռուսաստանյան շահագրգիռ քննարկմանը: Ընդ որում, համալիրի տվյալ բազմապրոֆիլային մասշտաբը նպատակահարմար է հաշվարկել այնպես, որպեսզի նա, 102-րդ զորակայանի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռաբար, դառնա Ռուսաստանի և Հայաստանին սահմանակից պետությունների միջև գործարարական ռազմատեխնիկական համագործակցության ծավալման հարթակ՝ ապահովելով մուտք դեպի տվյալ պետություններում գտնվող զենքի շուկաներ, որոնք ՌԴ-ի համար ավանդական են: Միևնույն ժամանակ, Գյումրիում աշխատատեղերի բացումը կդառնար 102-րդ զորակայանի տեղաբաշխման քաղաքում ժողովրդագրական իրադրության բարելավման և ռուսաստանյան զորակայանի զինծառայողների հետ տեղի հայ բնակչության սոցիալական կապերի ամրապնդման գործոն:

Երեկ ռուսաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է Գյումրիում 102-րդ ռուսաստանյան զորակայանի արդիականացման առնչությամբ համատեղ հայ-ռուսաստանյան ձեռնարկության համակարգային ծավալման կարևորությունը[1]:

Որպես այդ պաշտպանական-արդյունաբերական նախագծի մեկնարկային փուլ նպատակահարմար է դիտարկել Շիրակի մարզում այնպիսի հայ-ռուսաստանյան ձեռնարկության ստեղծումը, որն զբաղվեր 102-րդ ռուսաստանյան զորակայանի սպառազինության ու ռազմական տեխնիկայի նորոգմամբ և սպասարկմամբ: Այս խնդիրների լուծումը կադրերով ապահովելու համար տրամաբանական կլիներ նախատեսել համատեղ հայ-ռուսաստանյան պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկության ուժերով իր բազմապրոֆիլային տեխնիկական քոլեջի հիմնադրումը: Իսկ միջազգային իրավապայմանագրային հիմք կարող են դառնալ Հայաստանի Շիրակի մարզի և Ռուսաստանի ՈՒլյանովսկի ու Ռոստովի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը[2]: Ռազմավարական առումով այս կարևոր խնդրի լուծման գործում և ի կատարումն «Շիրակի մարզի և ՈՒլյանովսկի մարզի վարչակազմերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության մասին 15.09.2009 թ. համաձայնագրի»[3] առանձնակի դեր կարող է խաղալ ՈՒլյանովսկի մարզի զարգացած պաշտպանական-արդյունաբերական համալիրը, որի բաժնեմասը մարզի համախառն արտադրանքում կազմում է մոտ 80 %: Տարածաշրջանային նշանակության տվյալ ռազմաարդյունաբերական ձեռնարկության փուլային ծավալմանը Ռոստովի մարզի մասնակցության կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գյումրու զորակայանի գործունեությունը ղեկավարող Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի հրամանատարությունը տեղաբաշխված է Ռոստովում:

Մեր կարծիքով՝ տարածաշրջանային համաժողովների օրակարգում ռազմատեխնիկական ու պաշտպանական-արդյունաբերական համագործակցության հեռանկարներին նվիրված հատուկ բաժնի ներառումը կարող է լուրջ խթան դառնալ երկու պետությունների տարածաշրջանների տնտեսական, ռազմատեխնիկական ու սոցիալական կայուն զարգացման համար: Դատելով Հայաստանի Հանրապետության նոր Կառավարության նորամուծական կողմնորոշումից՝ նա Գյումրիում բազմապրոֆիլային ռազմաարդյունաբերական ձեռնարկության ստեղծման գործում հայ-ռուսաստանյան համագործակցությունը կդարձնի իր ռազմավարական գերակայություններից մեկը:

Ինչպես վերը նշվել էր, Հայաստանը, Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի նկատմամբ իր կողմնորոշումներում առաջնորդվելով հաշվեկշռի պահպանման ռազմավարական անվտանգային շահերով, ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ միաժամանակ արգասաբեր գործընկերություն է ծավալել նաև ուժի այնպիսի եվրաատլանտյան կենտրոնների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպական Միությունը: Հայաստանը 2005 թվականից արդյունավետ կերպով իրագործում է ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերը, որոնք նպատակաուղղված են պաշտպանական-անվտանգային բարեփոխումների առաջմղմանը: Դրա հետ մեկտեղ մեր պետությունը Իրաքում, Կոսովոյում, իսկ այժմ նաև Աֆղանստանում, Լիբանանում ու Մալիում ձեռնարկված խաղաղապահական օպերացիաներին մասնակցության միջոցով մեծացնում է իր ներգրավվածությունը միջազգային անվտանգության համակարգում:

Այս համատեքստում Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի 25-ամյա ռազմավարական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Լինելով Հայաստանի Հանրապետության հիմնական դոնորներից մեկը՝ ԱՄՆ-ը կարևոր դեր է խաղում պետական կառավարման համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների իրագործմանը նպատակաուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործում՝ ծանրակշիռ ներդրում կատարելով Հայաստանի Հանրապետության անկախ պետականության զարգացման ոլորտում: Հատկապես կարևոր է Ֆրանսիայի ընկերակցությամբ և՜ ԱՄՆ-ի, և՜ Ռուսաստանի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների հարցում համաձայնության պահպանմանը:

Վերը ասվածի և վերջին տարիներին ռուս-ամերիկյան հարաբերություններին բնորոշ առճակատման հաշվառմամբ հարկ է նշել, որ այդ առճակատումը էապես սահմանափակում է հաշվեկշռված արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի ունեցած ռեսուրսները: Այս տեսակետից Ռուսաստանի և ԱՄՆ-ի մերձեցումը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարական շահերից: Մենք համարում ենք, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցության ու Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության բազմամյա հաշվեկշռվածությունը հնարավորություն է տալիս Հայաստանին դիտելու որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության զարգացման համար համընդունելի հարթակի:

Ռուսաստան­­–ԱՄՆ երկխոսության համար հարթակի ստեղծումը առանձնակի կարևորություն է ստանում ԱՄՆ-ի նորընտիր Նախագահի պաշտոնավարման մեկնարկից առաջ Մոսկվայի ու Վաշինգտոնի ռազմավարական գերակայությունների ճշգրտման շրջանում: Այս տեսակետից ռուս-ամերիկյան երկխոսության համար խորհրդարկումների և ազդակների փոխանակման հայկական գիտական հարթակը կարող է օգտագործված լինել ոչ միայն ընթացիկ երկկողմ հարաբերությունների, այլև համընդհանուր ու տարածաշրջանային անվտանգության հետ կապված ռազմավարական տրամաչափի հարցերի քննարկման նպատակով: Ռուս-ամերիկյան ռազմավարական երկխոսության ծավալման գործում Հայաստանի դերի տվյալ գնահատականի հաստատումն է պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից այնպիսի գիտափորձաքննական համաժողովների հաջող կազմակերպման փորձը, որոնց մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի, ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի և Պաշտպանական ազգային համալսարանի, բրիտանական Չաթեմ Հաուզի, Երուսաղեմի համալսարանի, Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի և այլ հռչակավոր անվտանգային դպրոցների առաջատար ներկայացուցիչներ:

Միջազգային անվտանգության ռազմավարական պրոբլեմների գծով գիտափորձաքննական հարթակների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ստանձնած դերին աջակցության նկատմամբ մեր Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ցուցաբերած պատասխանատու վերաբերմունքի հաստատումն է նրա մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղարարական ռազմավարության ռազմավարական վերանայմանը՝ Երևանում մեր կողմից վերջերս կազմակերպված ռազմավարական համաժողովում այդ վերանայման արդյունքների քննարկմամբ: Գիտափորձաքննական մակարդակով տվյալ խաղաղապահական համագործակցության առաջմղման մեկնարկային հարթակ դարձավ 2015 թվականի Ռազմավարական ֆորումը, երբ Ռուսաստանին Ղրիմի վերամիավորումից հետո Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրման փուլում մեզ հաջողվեց Երևանում մեկ սեղանի շուրջ հավաքել ինչպես Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ի այլ պետություններ, այնպես էլ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի այլ պետություններ ներկայացնող՝ անվտանգության գծով մասնագետների:

Թույլ տվեք վստահաբար նշել այն կարևորությունը, որն ունի ընդհանրապես Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ազգային ու միջազգային անվտանգության պրոբլեմների գծով նրա գլխամասային պետական վերլուծական կենտրոնի՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի առաքելությունը՝ հանդես գալու որպես Հայաստանի դաշնակից Ռուսաստանի ու գործընկեր ԱՄՆ-ի միջև խորհրդարկումների ու երկխոսությունների ծավալման գիտափորձաքննական հարթակ:

 

[1] Տես «Возобновление войны станет серьезнейшей угрозой». Министр обороны Армении рассказал о сотрудничестве с Москвой и НАТО (https://lenta.ru/articles/2016/12/21/sargsyan/).
[2] Տես «Совместная пресс-конференция Президента Сержа Саргсяна и Президента РФ Владимира Путина по итогам переговоров» (https://www.president.am/ru/interviews-and-press-conferences/item/2013/12/02/President-Serzh-Sargsyan-press-conference-with-the-President-of-Russian-Federation/).
[3] Տես «Межрегиональное сотрудничество» (https://arm.rs.gov.ru/node/541).            

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031