Կառավարությունը ԱԺ-ի վավերացմանը ներկայացրեց ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016-ի նոյեմբերի 11-ին ստորագրված ենթակառուցվածքների կայունացման աջակցման համար վարկային նոր համաձայնագիր, որով նախատեսվում է, որ ՀՀ կառավարությանը կտրամադրվի բյուջետային աջակցման վարկ 90 մլն ԱՄՆ դոլար: 90 մլն-ից 60 մլն-ը ծախսվելու է 2016-ի բյուջեի համար, մնացածը՝ 2017-ի բյուջեի համար: Վարկը տրամադրվել է 15 տարի ժամկետով լողացող լիբոր փոխարժեքով:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը չկարողացավ պատասխանել պատգամավորների հարցերին՝ կապված բյուջեի թերհավաքագրման հետ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ երկու տարբերակ կա. կա՛մ փոխնախարարը լավ չի պատրաստվել զեկուցմանը, որ թվերը չգիտի, կա՛մ այդ թիվն այնքան վախենալու է, որ չի ուզում հրապարակել: Նա նաեւ հարցրեց՝ 2016-ի բյուջեի նախագծում գրված է, որ ՀՀ-ն վերցնելու է 443 մլն դոլարի վարկ: 2017-ի բյուջեի նախագծում ասվում է, որ 550 մլն դոլարի վարկ ենք ստանալու, այսինքն, կանխատեսումը բյուջեի մեջ 100 մլն-ի շեղում է տալիս: Նա ասաց՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ իրավիճակը կառավարության վերահսկողությունից դուրս է գալիս:
Կարդացեք նաև
Փոխնախարարն ասաց, որ ընդհանուր պետական պարտքը 2016-ի համար լինելու է ՀՆԱ-ի 55.5 տոկոս: ԿԲ-ի պարտքը լինելու է ՀՆԱ-ում 4.8 տոկոս: Ներքին պետական պարտքը լինելու է 9.9 տոկոս: 2017-ին բոլոր պարտքերը իրար հետ՝ ԿԲ, կառավարություն, լինելու է 56.8 տոկոս:
Արմեն Հայրապետյանն ասաց, որ կանխատեսումը կարող է եւ չարդարանալ: Կյանքում էլ է այդպես, մի բան ենք պլանավորում, չի ստացվում, կամ հաջողություն է լինում անսպասելի: Հիմա այս ընթացքում անհաջողություններ են եղել եւ շեղվել են սպասումներից:
Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց՝ ասելով. «Ճիշտ եք ասում, հիմա մեր բյուջեն այնպիսի բյուջե է, որ 80 մլրդ ավել-պակաս…պակաս կլինի՝ կգնանք պարտք կվերցնենք, ի՞նչ է եղել, պրոբլեմ չկա: Մանավանդ, որ ինչպես դուք եք ասում, մեզ վստահում են՝ պարտք են տալիս»:
Փոխնախարարը վստահեցրեց, որ կառավարությունը իրավիճակը ամբողջությամբ վերահսկում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ