Դեկտեմբերի 20-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացվեց «Հիշողության կերպարանքները» 6-րդ գիտագործնական սեմինարը, որին մասնակցում էին Մատենադարանի, Մայր աթոռի թանգարանի, Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի եւ այլ հաստատությունների վերականգնողները, բարձր տեխնոլոգիաների մասնագետները, գիտաշխատողները:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար Արա Խզմալյանը. «Միակ տարին է, որ սեմինարը միջազգային բնույթ չունի՝ ֆինանսների պատճառով: Նախորդ տարիներին մենք դրսից բազմաթիվ մասնագետներ ենք հրավիրել եւ շուրջ 80 միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ ենք կապ հաստատել: Սեմինարի միջազգային ճանաչելիությունը, հեղինակությունն իսկապես մեծ է, որովհետեւ գոնե ԱՊՀ տարածքում չկա երկրորդ նման հարթակ, որ կմիավորի գրավոր ժառանգության պահպանմամբ զբաղվող բոլոր ոլորտները: Երեք օր զեկուցումներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մյուս տարի Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ կկայանա 7-րդ միջազգային սեմինարը, ու նորից կվերականգնենք սեմինարի նախկին միջազգային ծավալները: Ի վերջո, հենց այս սեմինարի արդյունքների շնորհիվ է Մատենադարանին տրվել բազային կազմակերպության կարգավիճակ»:
Կարդացեք նաև
«Հիշողության կերպարանքները» գիտագործնական սեմինարի ընթացքում Գերմանիայում վերապատրաստում անցած Մատենադարանի 9 զբոսավարները խոսեցին իրենց ստացած գիտելիքներից եւ փորձառությունից: Իմիջիայլոց, նրանց այցի կայացմանը աջակցել էին IDEA հիմնադրամը եւ «Ավրորա» նախաձեռնությունը:
«Վերապատրաստումն այնքան կարեւոր էր մեզ համար, որ մեծագույն ցանկություն ունենք, որ նման ծրագրերը շարունակական լինեն եւ ընդգրկեն ոչ միայն Մատենադարանը, այլեւ այլ թանգարաններ: Երկրի գրավչության մասին տեղեկատվական քաղաքականություն ունեցող մասնագիտություն է զբոսավարությունը: Զբոսավարները գիտնականի չափ գիտելիք ունեն եւ դիվանագետի պես ճկուն են»,-նշեց պարոն Խզմալյանը, որը զբոսավարների հետ միասին մասնակցել է բազմաթիվ դասընթացների, ճանաչողական այցերի Գերմանիայի առաջատար թանգարաններում ու պետական գրադարանում:
Վերապատրաստում անցած զբոսավարներից մեկը փաստեց, որ Մատենադարանի այցելուների 50%-ը օտարազգիներ են, մեծ թիվ են կազմում նաեւ հայաստանցի աշակերտները, ու նյութը մատչելի ձեւով վերջիններիս ներկայացնելու ու միջնադարյան մշակութային ժառանգության հասանելիությունն ապահովելու խնդիր կա::
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ