ՀՀ-ում առաջին անգամ իրականացվել է պատժի առավելագույն չափ ունեցող դատավճիռների ապացուցման բազայի ուսումնասիրություն: Համապատասխանաբար հետազոտվել են 76 դատավճիռներ 91 անձանց վերաբերյալ: 29-ը մահապատժի դեպքեր են, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցից 25-ի հիմքում ինքնախոստովանական ցուցմունքներ էին:
«Մեդիա կենտրոնում» «Դատական սխալների ուղղման ամերիկյան փորձը և իրավիճակը Հայաստանում» թեմայով հրավիրված քննարկմանը «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի նախագահ, լրագրող Զարուհի Մեջլումյանը, մեկնաբանելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, նկատեց. «Սա խոսուն թիվ է: Հիմնական խնդիրները հենց ցուցմունքների հետ են կապված: Գործի նման ելքով շահագրգիռ անձի ցուցմունքներ են դրվում գործի հիմքում, այդ ցուցմունքները տվողները հիմնականում մյուս մեղադրյալներն են: Այդ ցուցմունքները ոչ մի ապացույցով հաստատված չեն լինում»:
Զարուհի Մեջլումյանը փաստեց, որ դատական սխալները բնորոշ են ցանկացած երկրի դատաիրավական համակարգին այն պարզ պատճառով, որ դատավորներն էլ մարդիկ են և սխալական:
Նշենք, որ ի տարբերություն ամերիկյան փորձի` ՀՀ-ում իրեղեն ապացույցները ոչնչացվում են: Սակայն Զարուհի Մեժլումյանը տեղեկացրեց, որ երկու տարի առաջ հասել են նրան, որ քրեական դատավարության նոր օրենսգրքում նոր դրույթ կա, ըստ որի` կյանքի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցներն այսուհետ չեն ոչնչացվելու: Դրանք կպահպանվեն այնքան ժամանակ, որքան հնարավոր է պահպանել կենսաբանորեն:
Զարուհի Մեջլումյանը միևնույն ժամանակ մտահոգություն հայտնեց. «Քանի դեռ դատավարական նոր օրենսգիրքը չի ընդունվել ԱԺ-ի կողմից, գործող իրավակարգի համաձայն` իրեղեն ապացույցները ոչնչացվում են»:
«Ջեֆրի Դեսկովիչը` հանուն արդարության» հիմնադրամի հիմնադիր նախագահ Ջեֆրի Դեսկովիչը նշեց, որ ԱՄՆ-ում տարեցտարի աճում է դատապարտվածների արդարացման թիվը: Նա օրինակ բերեց վիճակագրությունը. «2015-ին 149 հոգի դատապարտված վիճակում արդարացվել է: Դրա նախորդ տարին 139-ը, 2012-2013-ին` 91: Այս տարվա ցուցանիշը դեռ հայտնի չէ»:
Ներկայացնելով իր ազատազրկման պատմությունը` պարոն Դեսկովիչն ասաց. «16 տարի բանտում նստել եմ սպանության համար, որը չեմ կատարել: Սխալ դատավճիռը կորզված ինքնախոստովանանքի վրա էր հիմնված: 6-7 ժամ հարցաքննություն կատարեցին. տարել էին մի տեղ, որ չգիտեի` որտեղ է, և փաստաբան չկար: Չէին կերակրում, ստի դետեկտոր էին միացրել ու երրորդ աստիճանի մարտավարությամբ սկսեցին հետս աշխատել: Անընդհատ վրա էր տալիս քննիչը, ձայնը բարձրացնում, նույն հարցերն անընդհատ կրկնում էր, ու ամեն ժամին համաչափ վախս ավելանում էր: Ծայրաստիճան վախեցած էի, ուզածս այն էր, որ այդ ամենը հենց այդ պահին վերջանա: Մի բան էր պետք, որից կառչեի: Ու իրենց ասածի հիման վրա ես պատմություն հորինեցի, որի հիման վրա ինձ ձերբակալեցին»: Սակայն տարիներ անց Ջեֆրի Դեսկովիչը ԴՆԹ-ի տվյալների բազայի հիման վրա կատարված նոր փորձաքննությամբ արդարացվել է:
Դառնալով ամերիկյան փորձին` նա նշեց. «Անգամ իրավապաշտպաններն առանց վճարի վերցնում են անմեղության արդարացման գործեր, կամ դատախազություններում կան առանձին մարմիններ, որոնք իրենց նախաձեռնությամբ վերանայում են այդ գործերը: Այժմ մեղադրյալների ցուցմունքները ձայնագրվում են»:
Արձագանքելով այն մտահոգություններին, որ ՀՀ-ում չկա պրակտիկա, որ դատավճիռները վերանայվեն` ԱՄՆ-ում գործող «Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի գրասենյակի ղեկավար Գրեգ Համփիկյանն ասաց. «ՀՀ-ն ուրիշ համակարգերի դասերը նախ պետք է հաշվի առնի: Ամենատարրական դասն այն է, որ իրեղեն ապացույցները պետք է պահպանել, քանի որ գիտությունը զարգանում է: Ես նպաստել եմ մոտ երկու տասնյակ դատապարտյալների արդարացմանը և դրանց իրեղեն ապացույցների մեծ մասը հավաքվել էր նախքան այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում սկսեցին ԴՆԹ-ի անալիզներ անել: Պետք է մտցնել մի կարգ` ըստ որի դատավճռի` ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները չոչնչացվեն: Վեց տարի առաջ ՀՀ փորձագիտական լաբորատորիայում եմ եղել ու կարող եմ ասել, որ այդ գիտակցությունը կա Հայաստանում, պարզապես պետք է տվյալների բազա հավաքել ու ԴՆԹ անալիզ անել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ