Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաք  թեյ՝ պատգամավորներին, որ նիստերի դահլիճը չլքեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2016 15:49

Այսօր ԱԺ-ում վարկային նոր համաձայնագրի քննարկման ժամանակ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ իր կողմից  բարձրացված հարցին՝ Գյումրիի Անտառավան թաղամասում վթարային շենքի հետ կապված: Նա ասաց, որ այդ տներում այլեւս մարդիկ չեն կարողանում ապրել, տան մեջ ծառ է աճում, սնկեր են բուսնում: Նա ասաց, որ հայտարարություն անելով չի ու դրական ազդակներ հաղորդելով չի, հարցը կոնկրետ պետք է լուծվի:

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով վարկային ծրագրին, ասաց, որ այս տարիներին այդ վարկերով ՀՀ քաղաքացու հոգսը որեւէ կերպ չի թեթեւացել, ավելին, այս տարի օպտիմալացման հետեւանքով պետական աշխատողների 30 տոկոսը կրճատվել են. «Որն է այն կարմիր գիծը: Վստահությունը շատ լավ եք ասում, մենք էլ ենք ասում՝ վստահություն պիտի լինի կառավարության հանդեպ, որ գան ներդրումներ»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, միտում չկա, որ ներդրումները կավելանան, տրանսֆերտների պակասն էլ բերել է նրան, որ ուղղակի խայտառակ վիճակ է աղքատության մակարդակում: Նա զարմացած է, թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ինչ հաշվարկ է ներկայացրել՝ ասելով, թե աղքատությունը նվազել է. «Մենք ձեզ հետ միասին ապրում ենք նույն իրականության մեջ եւ ձեզ հետ միասին տեսնում ենք խայտառակ ինքնասպանությունները՝ մայրը երեխային, ամուսինը՝ կնոջը, կինը՝ ամուսնուն…բոլորը սոցիալական մոտիվացիա է: Էդ որտե՞ղ էդ աղքատությունը նվազեց»:

Նա ասաց, որ միայն այսօր 13 նամակ է ստացել քաղաքացիներից: Նա կառավարությանը հորդորեց Ամանորի այս նախաշեմին հետեւել գներին. «Ես հասկանում եմ, որ վերջին օրն է, մարդն ասում է՝ իմ աքլորն է, կուզենամ՝ 1 մլն կծախեմ, բայց այդպես չի լինի: Եթե կա պետություն, համապատասխան հանձնաժողով, այս բոլոր խնդիրներով պիտի զբաղվի»:

Նա զգուշացրեց, որ հիմա նոր վարկ ենք վերցնում՝ ասելով, որ մեզ դեռ վստահում են, գումար են տալիս եւ ռիսկային գիծը չենք անցել, բայց այդպես կարող ենք գլորվել անդունդը:

Հոռետեսական տրամադրությունները մեղմելու համար նիստը վարող Էդուարդ Շարմազանովն ասաց, որ լավ լուր ունի՝ առաջին անգամ ԱԺ-ում նիստերի դահլիճում կանանց կհյուրասիրեն տաք թեյ, որ դահլիճը չլքեն:

Հեղինե Բիշարյանը տեղից դժգոհեց, թե արդեն տաք ջուրն էլ եք համարում մեծ շռայլություն:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ ֆինանսների նախարարն ուզում էր լքել ԱԺ նիստերի դահլիճը: Արամ Մանուկյանը խնդրեց գնալ գոնե 10 րոպե հետո: Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից բղավեց՝ «Մրսում է, ո՞նց չգնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031