Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանը Գյումրի կատարած այցի ժամանակ անապահով մարդկանց օգնելու նպատակով «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանին 10 միլիոն դրամ, իսկ Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին 30 միլիոն դրամ տրամադրեց։ ԱԺ մեծահարուստ պատգամավորի հեռանալուց հետո դժգոհություններ առաջացան գյումրեցիների շրջանակում առ այն, որ իրենց զանգահարել, տներից կանչել էին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, սակայն այդպես էլ նրա տված օգնությունից իրենց բաժին չի հասել։
Այսօր Վարդևան Գրիգորյանն այս թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց Aravot.am-ին։ «Ինձ Գագիկ Ծառուկյանը տրամադրեց 30 միլիոն դրամ Գյումրու տնակներում բնակվողներին հատկացնելու համար։ Գյումրիում այսօր պաշտոնական՝ քաղաքապետարանի տվյալներով, կա 3100 տնակ, Գագիկ Ծառուկյանի տված գումարը ընդամենը 1500 տնակներում ապրողների համար էր։ Բացի դրանից, Գյումրու կենտրոնական հրապարակում պարոն Ծառուկյանին տվել են մոտ 260 դիմումներ՝ օգնության խնդրանքով։ Մյուս օրը ինձ բերել են այդ 260 դիմումը, գրանցել ենք ու հանձնարարություն է եղել առաջնահերթության կարգով այդ մարդկանց ապահովել։ Եթե այդ 260 հոգուն էլ հանենք, մնում է ընդամենը 1240 մարդ։
Զգալով, որ կարող է լուրջ աժիոտաժ առաջացնել, Գյումրիի 45 տոկոսը ծայրահեղ չքավորության մեջ է, ես խնդրել եմ Վահե Էնֆիաջյանին ԲՀԿ երիտասարդական թևից ներկայացուցիչներ ուղարկել Գյումրի, որպեսզի իրենք փողը բաժանեն։ Իսկ մենք ընդամենը ցույց տանք տնակային թաղամասերը, թե որտեղ են գտնվում դրանք։ Անչափ շնորհակալ եմ այդ երիտասարդներին, երեք օր մնացին Գյումրիում, առավոտ ժամը 10-ից մինչև իրիկունը ժամը 20-ը տնակ առ տնակ մտնելով՝ իրենք են գումարը բաժանել։
Նորից եմ կրկնում, 3100-ից 1250-ին պիտի գումար հատկացնեին։ Միևնույն է՝ 1500 տնակում ապրողների չէր հասնելու գումարը, ու նրանց մոտ հարց պիտի առաջանար՝ ինչո՞ւ նրանց հասավ ու մեզ՝ոչ։ Հենց դրա համար մենք հրավիրեցինք Երևանից ներկայացուցիչների, որպեսզի ավելի օբյեկտիվ և անաչառ լինի գործընթացը: Գյումրին փոքր քաղաք է, մեկը մյուսին ծանոթ են։ Այսպիսով խուսափեցինք տարբեր միջնորդություններից ու նաև ասեկոսեներից։ Իրենք իրենց ձեռքով են բաժանել, ավարտել, նոր հեռացել են Գյումրի քաղաքից»,-պարզաբանեց Վարդևան Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ինչո՞ւ էին ձեր գրասենյակից զանգահարել, հրավիրել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, Վարդևան Գրիգորյանը պատասխանեց․«Մեր գրասենյակից ո՛չ մեկին չեն զանգահարել, ո՛չ մեկին չեն կանչել, ժողովուրդը երևի ինձանից շուտ է իմանում, որ Ծառուկյանն այդ օրը գալու է։ Հիմա եթե եկել են գրասենյակ, խնդրել են, որ Ծառուկյանի գալու օրը իրենց տեղյակ պահենք, հետո օրը ճշտել են ու մեկը մյուսին փոխանցել, մեկը մյուսին զանգել, ասել է՝ Ծառուկյանը վաղը գալու է, այս ժամին լինելու է հրապարակում, նաև ծրագիրն են ասել, դա նշանակում է, որ հրավիրե՞լ են․․․ Հարցում անցկացրեք ու կտեսնեք, որ Գյումրու 99 տոկոսը ցանկություն կհայտներ Գագիկ Ծառուկյանին հանդիպելու ու իր խնդիրները ասելու։
Հրավեր ոչ մեկին չի եղել, մեր գրասենյակում ամեն շաբաթ օրը՝ ժամը 12-ից մինչև 4-ը քաղաքացիների ընդունելություն է։ Ամեն անգամ մոտավորապես 300 մարդ է եկել, 99 տոկոսն էլ ցանկություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին նամակ տալու, 99 տոկոսը ցանկություն է հայտնել Գյումրի գալու դեպքում նրան անպայման հանդիպելու։ Ովքեր եկել, դիմում են տվել, իսկ դիմումները մեզ մոտ հատ-հատ գրանցված են՝ բովանդակությամբ, հեռախոսի համարներով, նրանք նաև ցանկություն են ունեցել հանդիպելու։
Ժողովուրդը վերագրում է, որ իրենք գնացել են հանդիպման, ուրեմն անպայման իրենց Ծառուկյանի գումարներից պիտի հասնի։ 260 դիմում է բերվել հրապարակ, հերթով զանգել, կանչել ենք, որ Գագիկ Ծառուկյանին տված դիմումը հասել է մեզ, եկեք առաջնահերթության կարգով ստացեք։ Բոլորին 20 հազար դրամ է տրամադրվել՝ մի խորանարդ վառելափայտի գումար։ Նույնիսկ Թումասյան Վահանին 10 միլիոն հատկացնելուց հետո, ես Վահանին առաջարկեցի մարդկանց վառելափայտ բաժանելուց հետո ցուցակը տալ մեզ, որպեսզի չստացվի մեկը և՛ վառելափայտ ստանա, և՛ գումար, իսկ մյուսը՝ ոչինչ։
Այսօր արդեն 6000-ից ավելի մարդ եկել, գրանցվել է, թե մենք տնակում ենք ապրում, սոցիալապես անապահով ենք։ Մեկը գալիս է վիրահատության փող է ուզում, մյուսը՝ դեղորայքի, մյուսը՝ ուսման վարձ։ Ծառուկյան Գագիկը միշտ է բարեգործություն արել, չի բացառվում նորից անի։ Ժողովուրդը չպիտի վրդովվի, վերջին հաշվով այդ գումարը մինչև վերջին կոպեկը հասցեատերերին է հասել, ամենածայրահեղ վիճակում գտնվող մարդկանց։ Ընդհանուր գումարը բավարարել է ընդամենը 1250 տնակի։ Իսկ տնակների քանակը, նորից եմ կրկնում, պաշտոնական 3100 է։
Ես այդ մարդկանց էլ եմ հասկանում, իսկապես դրա կարիքը խիստ զգում են, եթե մարդն առավոտ արթնանում ու հանապազօրյա հացի մասին է մտածում, պարզ է, որ իմացավ օգնություն կա, անպայման կձգտի այդ օգնությունից ստանալ։ Բայց եթե գումարը չի բավարարում բոլորին, չպիտի նեղանալ, այսօր ամբողջ պետությունը չի կարող սոցիալական հարցը լուծել, 45 տոկոսը ծայրահեղ չքավորության մեջ է։ Ճիշտ է՝ մենք այդ գումարը միայն տնակներում ապրողներին տվեցինք, բայց Գյումրիում կան հանրակացարաններ, որտեղ բնակվողները 500 անգամ ավելի վատ վիճակում են, քան տնակի բնակիչները»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ