«Այսպիսի վատ տարի մեկ էլ 2009-ի ճգնաժամին է եղել, երբ 14,5% ՀՆԱ-ն անկում է ունեցել: Այս տարի աճի լավագույն ցուցանիշը կլինի 1%»,- այսօր ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Պարոն Խաչատրյանը «Հայացք» ակումբում ամփոփեց անցնող տարին, նկատելով, որ 2009-ից հետո այսպիսի վատ տարի դեռ չէինք ունեցել: Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ տնտեսական աճը մեր երկրում 0,2 տոկոս է, ինչն էլ տեղի է ունեցել ծառայությունների հաշվին:
Վահագն Խաչատրյանը գտնում է, որ այդ ծառայություններն էլ մասնավորապես զվարճանքի օբյեկտներն են՝ կազինոները եւ այլն: «Այսինքն՝ տնտեսական աճ ապահովել ենք կազինոների հաշվին»: Տնտեսագետի համոզմամբ՝ այդ ոլորտում ավելի շատ է հնարավոր մանիպուլյացիաներ անել եւ դրա հաշվին տնտեսական աճ ցույց տալ:
Պարոն Խաչատրյանի տվյալներով՝ նոյեմբերին հարկային հավաքագրումները կազմել են 96 մլրդ 773 մլն դրամ, ինչը 6 մլրդ-ով ավելի է նախորդ տարվանից: Չնայած սրան՝ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ այս ցուցանիշներն իրատեսական չեն եւ դեռ դեկտեմբերին, որը հարկերի հավաքագրման ամենաակտիվ շրջանն է, նոր միայն կարող ենք ասել հավաքագրված եկամուտների մասին: Ըստ նրա՝ ընդհանուր հարկերի հավաքագրումը պետք է կազմի 1 տրիլիոն 129 մլրդ դրամ, որից 184 մլրդ-ն դեռեւս պիտի հավաքվի: Նրա խոսքերով՝ վտանգը նրանում է, որ գործարարներից կամ կանխավճարներն են շատացրել կամ գերավճարները: Ամեն դեպքում, տնտեսագետը հարկերի այդչափ հավաքագրումը տնտեսական գործոններով չի պայմանավորում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով պետական պարտքին, պարոն Խաչատրյանն ասաց, որ այն հասնում է 6 մլրդ դոլարի շեմին: Նրա խոսքերով՝ տնտեսությունը չի աճում, բայց պետական պարտքն ավելանում է: Եկող տարի բյուջեի ծախսերի 8,8%-ը պետք է ուղղվի պետական պարտքի մարմանը: Նրա խոսքերով՝ պետական պարտքը վտանգավոր չի, եթե ունենանք տնտեսական աճ:
2017-ին կանխատեսված 2,7 % տնտեսական աճը, Վահագն Խաչատրյանի կարծիքով, առաջին 6 ամիսներին չի լինի: Եթե ինչ-որ փոփոխություն լինի, ապա՝ 3-րդ եռամսյակում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ