«Այս զորակոչի ընթացքում մոտեցումները զուսպ են լինելու, այսինքն` զորակոչային մարմիններն առաջնորդվում են բացառապես օրենքի պահանջներով, իսկ ձեր ընտանեկան հանգամանքներից բխող արտոնություն ձեր որդու համար, որպես զորակոչիկի, չի սահմանվում, նա ենթակա է զորակոչման ընդհանուր հիմունքներով»,- այսօր ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի նիստում բողոք-դիմումներից մեկի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ՊՆ նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Զորակոչիկի մայրը խնդրում էր որդուն իրենց բնակավայրին մոտ զորամասում ծառայության ուղարկել՝ ասելով, որ հիվանդ է ու չի կարող որդուն ծառայության ընթացքում հեռու տեղ այցելել. «Ինքը ուզում է բանակ գնալ, շատ է ուզում, բայց ինչ կլինի մոտ գցեք, ես հիվանդ եմ , չեմ կարա գնամ, ամիսը մեկ գոնե իմ երեխային տեսնեմ: Տրանսպորտ չեմ կարողանում նստել, ճնշումս շատ է բարձրանում»:
«Որոշում ընդունողը մենք չենք, մենք ընդամենը միջնորդությամբ պետք է հանդես գանք, եթե հանդես գանք, բայց խնդիրն այն է, որ մեր միջնորդությունը պետք է հիմնավորված լինի, պետք է մտածենք, որ հանձնաժողովի միջնորդությունները չարժեզրկվեն»,- ասաց պարոն Հարությունյանը՝ առաջարկելով ուղիղ դիմել ՊՆ նախարարին կամ ԶՈՒ շտաբի պետին:
Պարոն Հարությունյանը ծնողին նաեւ բացատրեց. «Ձեր ամուսինը հաշմանդամություն չունի, առողջ է, այսինքն, խնամքի խնդիր չկա, դա հանգամանք չէ, ուրիշ խնդիր, եթե ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող կամ պատերազմին մասնակցած անձ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ