Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վարկ, այս անգամ բյուջեի խնդիրները լուծելու համար. Կառավարությունը 40 մլն եվրո նորից պարտք է անում

Դեկտեմբեր 22,2016 14:17

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց հերթական վարկային համաձայնագիրը՝ ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրված, որով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 40 մլն եվրո վարկ: Այն ուղղվելու է հարկաբյուջետային, սոցիալական եւ շրջակա միջավայրի կայունության խթանման եւ մրցունակության ամրապնդման համար:

Փոխնախարարն ասաց, որ սա բյուջետային աջակցության վարկ է հանդիսանում, նպատակային վարկ չէ, երբ բյուջեն դեֆիցիտ է ունենում, տարբերությունը կարող են լրացնել. «Այս 40 մլն եվրոն 2016-ին նախատեսված ֆինանսական դեֆիցիտը փակելու հարցն է լուծում»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հորդորեց պարզաբանել՝ «բյուջեի փողը չի հերիքում, փակում եք բացը», ոչ թե սոցիալական ու շրջակա միջավայրի փաթեթավորմամբ ներկայացնել. «Վարկով կարո՞ղ եք աշխատավարձ տալ պետական հիմնարկներին»:

Փոխնախարարը այսպես բացատրեց. «Եթե ծրագրային ժամանակահատվածում նախատեսում ենք, որ եկամուտները լինելու են 80 միավոր, ծախսերը լինելու են 100 միավոր, 20 միավոր ֆինանսավորման խնդիր կա: Կամ ներքին աղբյուրներից ենք փակում, կամ արտաքին աղբյուրներից գնում ենք վարկ ենք վերցնում»:

Հետեւաբար, փոխնախարարն ասաց, որ կոնկրետ ասել, թե ինչի վրա են ծախսելու գումարը՝ հնարավոր չէ, բյուջեի աջակցման համար է:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, որ եթե հատենք արտաքին պարտքի ռիսկային սահմանը, ի՞նչ ենք անելու, որովհետեւ որեւէ տեսանելի հույս, որ ՀՀ-ում առաջիկա տարիներին լուրջ ներդրումներ կարվեն՝ չկա:

Փոխնախարարը պատասխանեց, որ կիսում է մտահոգությունը, որ երկիրը ներդրումների կարիք ունի: Նա հաստատեց, որ սրընթաց բարձրացել է արտաքին պարտքի բեռը եւ դա խնդիր է, բայց անհրաժեշտ է եղել պարտք վերցնել՝ մակրոտնտեսական խնդիրները լուծելու համար: Երկու տարի շարունակ արտաքին շոկ է եղել, մեկը՝ ՌԴ-ից, մյուս կողմից՝ պղնձի գներն են նվազել համաշխարհային շուկայում:

Պարոն Հայրապետյանն ասաց, որ եթե Հայաստանին չվստահեին, պարտք չէին տա, հետեւաբար իրենց քաղաքականության կուրսին դեռ հավատում են:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպիսի գնահատական տվեց. «Դուք բյուջեն չեք կարողանում հավաքել, 100 մլրդ-ի պակասորդ ունեք, եւ դեֆոլտից խուսափելու համար դրսից ներարկումներ եք անում զուտ ձեր ներքին հիմնական ֆունկցիաները սպասարկելու համար: Դրա մեջ են նաեւ աշխատավարձերը»:

Նա խնդրեց նախորդ կառավարությունից գոնե 1 տարբերություն նշել, ի՞նչ կոնցեպցիա ունի այս կառավարությունը, որը չուներ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը:

Արմեն Հայրապետյանը պատասխանեց. «Որեւէ դեֆոլտի խնդիր չկա, որովհետեւ ֆինանսների կառավարման տեսանկյունից մենք բարձիկներ ենք անվանում իրենց՝ միջոցներ ենք կուտակում կայունացման հաշվի վրա»: Փոխնախարարն ասաց, որ եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ այս վարկը չի վավերացվում, ներքին պարտատոմսերի շուկայից կառավարությունը կփորձի ներգրավել, որն ավելի թանկ է արժենալու եւ երկրորդ ճանապարհը՝ գնալու է եւ եվրոբոնդեր է թողարկելու: Նա ասաց, որ ավելի շատ տոկոսային ծախսեր կկատարենք այդ դեպքում պետբյուջեից, որը կարժենա յուրաքանչյուր տարվա համար 8-10 մլն, հետեւաբար սա հնարավորությունների ամենաէժան տարբերակն է:

Արամ Մանուկյանը հարցրեց՝ 2020-ին, երբ սպասարկումների տոկոսը կբարձրանա, մոտ 900 մլն դոլար կկազմի՞ ՝ փոխնախարարը պատասխանեց, որ 2 «պիկ» ունեն, մեկը իսկապես 2020-ին է, մյուսը՝ 2025-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031