Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումը Իրանի նախագահի հայաստանյան այցի հետ զուգորդելը ճիշտ չէ. Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ ՀՀ կատարած այցը նախապատրաստվել էր մինչեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ Բաքու կատարած այցը:
«ՀՀ-ն Իրանի հետ պետք է առաջնորդվի սեփական օրակարգով, բայց դա չի նշանակում, որ չպետք է հետեւենք տարածաշրջանում տեղի ունեցողին»,-«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Ոսկանյանը:
Ըստ նրա՝ ուշագրավ է այն փաստը, որ Ռոհանիի այցը Նաթանյահուի՝ ավելի վաղ Բաքու կատարած այցի հետ կապեցին ադրբեջանական փորձագիտական շրջանակները. «Խիստ հայտարարություններ, անգամ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցին Իրանի հասցեին, մասնավորապես՝ «մոլլաների ռեժիմ», ինչն Ադրբեջանի կողմից խիստ քամահրական մոտեցում է Իրանի պես մահմեդական երկրի հանդեպ: Կարծում եմ՝ Իրանն առաջիկայում իր գործողությունները կհամակարգի այնպես, որ ադեկվատ արձագանքի նման հայտարարություններին»:
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ Ադրբեջան-Իսրայել գործակցության խորացումը նաեւ հակաիրանական բաղադրիչ ունի. «Իրանի համար անհանգստացնող է այն հանգամանքը, որ բացի սպառազինությունների վաճառքից, որը կարող է կիրառվել Իրանի դեմ, Իսրայելն Ադրբեջանին տրամադրելու է նաեւ օժանդակություն անվտանգության ոլորտում՝ այսպես կոչված ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար: Մինչդեռ Ադրբեջանում թիվ մեկ խնդիրը շիայական ընդդիմության առկայությունն է, որին ոչ մի կերպ չի կարելի կոչել ահաբեկչական խմբավորումներ: Նրանք իրանամետ դիրքորոշմամբ հավատացյալներ են»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ