Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեոնիդ Կալաշնիկով. «Հիշո՞ւմ եք Քլինթոնի հայտարարությունը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2016 13:39

«Կա խոսելու բան, թե ինչպես միջազգային կազմակերպություններում աջակցել միմյանց, ինչպես սոլիդար լինել հարցերի շուրջ: Սա վերաբերում է առավելապես Ռուսաստանին, որի դեմ պատժամիջոցներ կիրառելու գործընթաց է գնում: Եվ Արևմուտքը չարախնդորեն օգտագործում է հանգամանքը, երբ մենք միջազգային կազմակերպություններում անհամաձայնեցված դիրքորոշում ենք հայտնում»,- խորհրդարանում ասաց ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Նա մասնակցում է Երևանում անցկացվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստին:

ՌԴ պետդումայի պատգամավորը վստահ է` Արևմուտքը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում հենց ԵՏՄ-ի պատճառով: «Ես պատգամավոր եմ, որ կոմունիստ է, և ես միշտ ասել եմ, որ ԵՏՄ համագործակցությունը, համագործակցությունը նախկին ԽՍՀՄ պետությունների հետ, ՌԴ-ի համար պետք է առաջնային լինի: Փառք Աստծո, որ վերջին տարիներին ՌԴ-ի համար այս հարցը ոչ միայն օրակարգային է խոսքով, այլև՝ գործով: Հենց սա շոշափեցին Արևմուտքում, տեղի ունեցան ուկրաինական դեպքերը: Հիշո՞ւմ եք Քլինթոնի հայտարարությունը, երբ ասաց, թե մենք թույլ չենք տա, որ ԽՍՀՄ-ը վերականգնվի: Եվ ես այդ ժամանակ պատասխանեցի՝ ինչո՞ւ եք մեզ խանգարում, չէ՞որ մենք քաղաքական միավոր չենք ստեղծում, մենք տնտեսական կառույց ենք ստեղծում, մենք խանգարո՞ւմ ենք ձեզ տնտեսական համակարգեր ստեղծե՞լ, ոչ… Մենք ԽՍՀՄ-ը վերականգնելու նպատակ չունենք: Եվ թույլ չտվեցին՝ Ուկրաինային հանելով ԵՏՄ-ից» ,- ասաց Լեոնիդ Կալաշնիկովը:

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանում ԵՏՄ անդամակցության շնորհիվ շոշափելի արդյունքներ չկան, պետդումայի պատգամավորը պատասխանեց. «Միանգամից դուք արդյունքները չեք զգա: Բայց դատելով պաշտոնական տվյալներից, Հայաստանն առաջատարն է: Բացի այդ մի մոռացեք, որ արժութային ճգնաժամ կա, արժեզրկվում է մեր ազգային դրամը, ինչի պատճառով մենք չենք կարողանում հաշվել այն դրական ազդակները, որոնք կան անդամակցության հետևանքով»:

Լեոնիդ Կալաշնիկովը հույս ունի, որ շուտով ԵՏՄ անդամ-պետությունները կունենան միասնական շուկաներ տրանսպորտի, մարդկային ռեսուրսների, մաքսային կանոնակարգման, էներգետիկայի ոլորտներում: Պարզապես մի քիչ սպասել է պետք. «Ամեն ինչ միանգամից չի կառուցվում, ոչ Մոսկվան, ոչ էլ Երևանը մեկ օրում չեն կառուցվել»:

Դիտարկմանը, թե շուրջ 2 տարի է Հայաստանը ԵՏՄ անդամ է, դեռ որքա՞ն պետք է սպասենք արդյունքները տեսնելու համար, Կալաշնիկովը պատասխանեց. «2 տարին կարծում եք՝ շա՞տ է: Նայեք Եվրամիությունը, 70 տարի է ինչ կառուցվում է այն, բայց հիմա կանխատեսում են, որ փլուզվում է արդեն: Իսկ դուք ասում եք՝ 2 տարի, 2 տարում անգամ երիտասարդ ընտանիքը չի կայանում, չնայած՝ որոշները հասցնում են բաժանվել»:

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները բավական ընդգրկուն են: Քննարկվում են երեք հարթություններում համագործակցության` տնտեսական, անվտանգության, միջազգային հարթակներում փոխգործակցություն հարցեր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Արտակ Զաքարյանը վստահեցնում է`հայկական կողմն ունի իր տեսլականները:

Թե ինչպե՞ս են դրանց վերաբերվում ռուս գործընկերները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031