Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի տուրքերը 100 մլն-ից դառնում են 500 մլն դրամ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2016 13:09

Այսօր «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը:

Նախագծով նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ: Այս նախագիծը համապատասխանեցվում է ԱԺ-ի ընդունած Հարկային օրենսգրքին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիտողություն արեց: Նա նկատեց, որ ընդամենը մի քանի օր առաջ էր կառավարությունը արտահերթ նստաշրջան հրավիրել. «Դուք նո՞ր եք նկատել, որ անհրաժեշտ էր համապատասխանեցնել Հարկային օրենսգիրքը «Պետական տուրքերի» մասին օրենքի հետ: Եթե այդ պարզ բանը դուք նկատած լինեիք այն ժամանակ, այս հարցը կարելի էր լուծել հենց արտահերթ նիստում: Նախ անհասկանալի է, երբ Հարկային օրենսգիրք եք բերում, ինչո՞ւ փաթեթի մեջ չեք բերում այս ամենը եւ ինչո՞ւ եք ամեն ինչ այսքան ուշ նկատում»:

Փոխնախարարը պատասխանեց, որ Հարկային օրենսգրքում նշված փոփոխությունն իրականացվել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, դրա համար են ուշ նախապատրաստել փոփոխությունը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ իր մտահոգությունը հայտնեց, որ կոնկրետ «օնլայն կազինո» կա, որից շատ մեծ թվով հայաստանցիներ են օգտվում: Այն գրանցված է արտասահմանում, ինտերնետային հասանելիություն ունի եւ վերահսկողությունից դուրս է, որեւէ կերպ հայաստանյան կառույցները դրանց վրա ազդեցություն չունեն:

Կարեն Թամազյանը փարատեց մտահոգությունը՝ ասելով, թե նույն կերպ հայերը ապրանքներ են ձեռք բերում արտասահմանում եւ ներմուծում ՀՀ. «Իմ կարծիքով պետք է կշեռքի վրա դրվի ազատությունը եւ մեր ներքին տնտեսվարողներին պահելու հարցը: Հավանաբար մյուս տարվա ընթացքում կառավարությունը որեւիցե ձեւ հանդես կգա նախաձեռնությամբ»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց՝ երբ ավելացնում ենք տուրքերը, վտանգ կա՞, որ կփակվեն այդ բիզնեսները: Փոխնախարարը պատասխանեց, որ վիճակախաղերի կազմակերպիչների մոտ հասույթը 2014-ին կազմել է 33 մլրդ դրամ, 2015-ին՝ 38 մլրդ դրամ, 2016-ի տվյալները դեռ չունեն, բայց աճի միտում կա: Ինտերնետ շահումով խաղերի դեպքում հասույթն ավելի մեծ է՝ 2014-ին՝ 44 մլրդ դրամ, 2015-ին՝ 77 մլրդ դրամ եւ 2016-ի 9 ամսվա կտրվածքով՝ 108 մլրդ դրամ: Պետտուրքերը սահմանվել էին վիճակախաղերի համար 2003-ին, ինտերնետ շահումով խաղերի համար՝ 2006-ին,այսինքն, արդեն 10 տարուց ավելի է հարկային բեռը չի փոխվել, չնայած ծավալները մեծացել են:

Ինչ վերաբերում է փակվել-չփակվելուն, կառավարությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի դրանք չեն փակվելու: Հարկերի պատճառով համենայնդեպս դա չի լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031