Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպիտակում զավակներին խեղդամահ արած ու ինքնասպան եղած կնոջ մասին. «Շատ լավ մայր էր, հրաշալի խնամում էր իր երեխաներին, ամուսնու հետ ահավոր լարված էին». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 22,2016 12:43

Սպիտակում վարձակալած բնակարանում հայտնաբերվել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի կախված դին, ննջասենյակի անկողնում երկու անչափահաս՝ 5 եւ 7 տարեկան երեխաները՝ խեղդամահ արված։

Հենց դեպքի օրը միանգամից վարկած շրջանառվեց, որ կինը խեղդամահ է արել աղջիկներին, ապա՝ ինքնասպան եղել։ Ի՞նչը կարող էր կնոջը նման քայլի դրդել, հայտնի չէ։ Համենայնդեպս, ճանաչողները Մարինե Հովհաննիսյանին բնութագրում են որպես կիրթ, դաստիարակված, համեստ կնոջ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, 45-ամյա կինն իրականում հոգեկան խնդիրներ է ունեցել։ Նա 2014 թվականին գրանցվել է Սպիտակի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում դեպրեսիա հիվանդությամբ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կնոջ մոտ հիվանդությունն առաջացել է ամուսնու հետ լարված հարաբերությունների պատճառով։ Ինչն էլ, ըստ խոսակցությունների, դարձել է 4 տարի առաջ ամուսնալուծվելու բուն պատճառը։ Ասում են՝ ամուսինն էլ ագրեսիվ վարքագծով ու ոչ դրական կերպար է, ամուսնալուծությունից հետո պարբերաբար հետապնդել է կնոջն ու սպառնալիքներ հնչեցրել։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սպիտակի հոգեբուժական կաբինետի նյարդաբան-հոգեբույժ Անահիտ Օհանյանը մանրամասնեց, որ կինը գտնվել է հանգիստ վիճակում։ Երկու ամիսը մեկ այցելել է ու դեղեր ստացել. «Ռեպրեսիվ համախտանիշ է ունեցել։ Շատ լավ մայր էր, հրաշալի խնամում էր իր երեխաներին, ամուսնու հետ ահավոր լարված էին։ Վերջին անգամ հոկտեմբերին է եկել, դեղեր ստացել, վիճակը հանգիստ էր»,- ասաց նա։

Օհանյանը դժվարացավ նշել, թե ինչը կարող էր վիճակի կտրուկ վատթարացման պատճառ հանդիսանալ, իրեն հասած տեղեկություններով՝ կինը հավանաբար կրոնական ինչ-որ կառույցի է անդամակցել։ Հոգեբույժի խոսքով՝ կնոջ խնդիրներին քաջատեղյակ են եղել նաեւ քաղաքապետարանում, ովքեր էլ պարբերաբար աջակցություն են ցուցաբերել։

Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլնազարյանի խոսքով՝ կինը տարբեր աշխատանքներ է կատարել, ունեւոր մարդկանց տներ մաքրել, համայնքը պարբերաբար օգնություն է ցուցաբերել նրա ընտանիքին, 2 ամիս երեխաների մանկապարտեզի վարձն է վճարել։ Ըստ Գյուլնազարյանի՝ կնոջ վարքագծում որեւէ տարօրինակ բան չի նկատել։ Վերջին անգամ 45-ամյա Մարինեին հանդիպել են 2 շաբաթ առաջ, հագուստ ու կոշիկներ տրամադրել երեխաներին:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031