Կառավարությունն այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել: Օրակարգը որոշ պատգամավորների սրտով չէ: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը բողոքեց, որ կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ բերելով 3 վարկային պայմանագիր. «Այս պայմանագրերի արդյունքում ՀՀ արտաքին պարտքը 1 նիստի ընթացքում կարող է ավելանալ 180 մլն-ով: Անթույլատրելի է նման տեմպերով պարտքի ավելացումը»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ահազանգեց. «Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը գտնվում է երեւի 4-րդ աստիճան էլ չի, 400 աստիճանի վթարային վիճակում: Մարդիկ էվակուացնում են երեխաներին: Նոր տարուն գալու են եւ կառավարության դիմաց վրաններ են խփելու: Սա հնչեցնում եմ՝ որպես ահազանգ»: Նա ասաց, որ վերջին ձնաբքի ընթացքում ամբողջ ձյունը լցվել է տները: Լուրջ վտանգ կա, կարող է տունը փլուզվել մարդկանց վրա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ այդ հարցը կքննարկեն ընդմիջմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ