Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաչյա Պալյան. ՄԻՊ-ը առավել շատ գրավոր եւ բանավոր բողոքներ է ստացել ոստիկանության դեմ

Դեկտեմբեր 22,2016 12:25

«Տարին բուռն էր որոշակի իրադարձություններով, որոնք անկասկած վեր հանեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում որոշակի մտահոգիչ խնդիրներ»,- դեկտեմբերի 22-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանը:

Նա առանձնացրեց ապրիլյան պատերազմից հետո զինծառայողների որոշակի իրավունքների վերաբերյալ հարցերը, հուլիսի 17-31-ը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետ կապված անձին ազատություններից զրկելու կամ ազատությունը սահմանափակելու խնդիրները, այդ թվում նաեւ իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները. «Մասնավորապես՝ բերման ենթարկելու, վարչական ձերբակալման հետ կապված, դրանց իրավական կարգավորումների եւ իրավակիրառ պրակտիկայի թերությունների վերաբերյալ:

Տարվա վերջում կարելի է առանձնացնել նաեւ ՏԻՄ ընտրությունների ընթացքում տեղ գտած որոշակի խախտումները, որոնց վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին հայտարարություններով: Դրական մասով կուզեի նշել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերի եւ նշանակության ամրապնդումը Հայաստանում, որն իր արտացոլումը գտավ Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր սահմանադրական օրենքի քննարկումների ընդունման կապակցությամբ: Այն իրականում բարձրացնում է ինստիտուտի գործունեության երաշխիքները, այդ թվում ֆինանսավորման հետ կապված»:

Հրաչյա Պալյանը հավելեց, որ հուլիսյան իրադարձությունների հետ կապված պատահական չէ, որ ՄԻՊ-ը առավել շատ գրավոր եւ բանավոր բողոքներ է ստացել ոստիկանության դեմ. «Դրանք հիմնականում կապված էին հուլիսյան դեպքերի հետ եւ առնչվում էին անձին բերման ենթարկելու, օրենքով սահմանված ժամկետից ավել պահելու, անձի ազատության իրավունքի սահմանափակումից բխող իրավունքներին չծանոթացնելու, փաստաբանների իրավունքներին խոչընդոտելու խնդիրներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031