Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարականներ տվեց՝ ամփոփել նախկին հանձնարարականներն ու մինչեւ տարեվերջ ավարտել դրանք:
Վարչապետը նաեւ հանձնարարեց ներկայացնել հաշվետվություններ, միջոցառումներ եւ 2017 թվականի գերակա ծրագրերը, եկող տարվա ծրագրեր՝ կոնկրետ պատասխանատուներով՝ գերատեսչության կամ նախարարության ղեկավարների ներկայացմամբ:
«Գերակա խնդիրների եւ միջոցառումների ծրագիրը այսօր կառավարությունում է, խնդրում եմ ամփոփեք, ռեւիզիա արեք, ինչն է ճիշտ, ինչը ոչ, եւ ծրագրերը, որ մենք ֆիքսում ենք 2017 թվականի համար, դրանք կոնկրետ նախագծեր են, որոնք նախարարն է տանում, նախարարի տեղակալներն են տանում»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին էլ հանձնարարեց ավարտել մարզերի անձնագրի ձեւավորումը, որտեղ արձանագրվում են բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը:
Կարդացեք նաև
Բացի այս, վարչապետն ասաց, որ պետք է համակարգել մարզպետների հետ աշխատանքը, որը կայանալու է համայնքների բյուջեների համեմատության ու վերլուծության առումով. «Ինչը նկատի ունեմ, 2 օր առաջ Վայոց ձորի եւ Արարատի մարզեր կատարած այցելությունների ժամանակ համայնքների բյուջեների համեմատությունները՝ բնակչության քանակի բավականին լուրջ ինֆորմացիա է տալիս, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել եւ դնել այն հորիզոնները, որոնք համայնքային բյուջեները կարող են ունենալ: Մարզպետներին, իրենց համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել յուրաքանչյուր համայնքի բյուջեն պետք է վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ եւ հայտնաբերվեն այն համամասնությունները, որոնց հիման վրա կձեւավորվի համայնքի բյուջեն»:
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին էլ դիմելով՝ վարչապետն ասաց՝«Մեր զբոսաշրջության կոմիտեն եւ քաղավիացիայի վարչությունը առաջարկություններ են տվել վիզաների հայեցակարգի վերաբերյալ: Խնդրում եմ այդ հարցը քննարկել եւ լուծում տվեք: Համեմատեք նաեւ մեր հարեւան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ