«Ժառանգություն»-«Համախմբում»-«Երրորդ հանրապետություն»-ՀԴԿ
-Սեյրան Օհանյան համագործակցության շուրջ
«Բանակցությունները դեռ շարունակվում են: Երբ մենք հանդես գանք համատեղ հայտարարությամբ, շատ հարցերի պատասխանները, հավանաբար, այնտեղ կլինեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով «Համախմբում», «Ժառանգություն», «Երրորդ հանրապետություն» եւ իր ղեկավարած կուսակցության ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համագործակցությանը վերաբերող հարցին: Ինչպե՞ս է հնարավոր արեւմտամետ ու ռուսամետ, լիբերալ եւ սոցիալիստական ուժերի համագործակցությունը` «Առավոտի» մյուս հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Երկրի ներքին իրավիճակը, Հայաստանում կուտակված խնդիրներն առավել քան կարեւոր են: Խնդիր կա այս համակարգը փոխելու:
Ուստի սկզբունքային հարց ենք դրել` եթե քաղաքական ուժերը համաձայն են, որ այս համակարգից պետք է հրաժարվել, քայլ առ քայլ ձեւավորել նոր համակարգ, ապա մենք կարող ենք համագործակցել: Նաեւ հաշվի առնելով այն, որ շատ ծանր է տնտեսության վիճակը եւս, ինչը ցույց են տալիս բոլոր գնահատականները, այդ թվում նաեւ մեր ձեռքի տակ առկա հարցումները, ապա հասկանալի է, որ այս իրավիճակում պետք է լինի միայն հակաճգնաժամային ծրագրի մշակում, որի իրագործումը չի նախատեսում այս կամ այն կողմնորոշում: Այսինքն՝ խնդիրը դրված է այսպես` կարո՞ղ ենք ՀՀ-ում հրաժարվել այն համակարգից, որը ոչ մի կերպ երկիրը չի տանում իրական զարգացման»:
Արամ Սարգսյանի կարծիքով՝ եթե Հայաստանի շահը պահանջում է, որ քաղաքական ուժերը կարող են նպաստ բերել առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերահսկելի դարձնելու գործում, ապա համագործակցությունը կարող է լինել նաեւ լայն: Ըստ մեր զրուցակցի՝ որեւէ մեկ քաղաքական ուժ ի զորու չէ վերահսկել ընտրական գործընթացները միայնակ: Այս համագործակցությունը, ՀԴԿ նախագահի հավաստմամբ, բնավ էլ չի նշանակում, որ այս կուսակցությունները պետք է հրաժարվեն իրենց սկզբունքներից ու կողմնորոշումներից, առավել եւս՝ իր ղեկավարած կուսակցությունը: Պարզապես երկրում իրավիճակն է արտառոց. «Ասում եք` որտե՞ղ է, որ սոցիալիստները կարող են միավորվել լիբերալների հետ: Իսկ ո՞ր երկրում է տեսած, որ բոլոր ընտրությունները կեղծվում են, գնում են մարդկանց ձայները, ադմինիստրատիվ ողջ ռեսուրսն օգտագործվում է ի նպաստ մեկ քաղաքական ուժի եւ այլն: Այստեղ ոչ թե զարմանալ է պետք, այլ հասկանալ, թե ո՞ր պայմանները ստիպեցին, որ մենք հիմա գնում ենք այսպիսի դաշինքի ձեւավորման, ոչ թե գաղափարական»:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վարկաբեկվեց, երբ նախորդ նախագահական ընտրություններից հետո չկարողացավ հավուր պատշաճի կառավարել հետընտրական գործընթացները, Վարդան Օսկանյանը վարկաբեկվել էր ավելի վաղ` իր ամրագրած «օկուպացված տարածքներ» հայտնի թեզով, Վիկտոր Դալլաքյանը վարկաբեկվեց, երբ քննադատում էր Սերժ Սարգսյանին, այդ թվում նաեւ կազինոներում խաղալու համար, ապա ինքն անցավ իշխանական դաշտ, անդամագրվեց ՀՀԿ-ին, իսկ Սեյրան Օհանյանը վերջնականապես վարկաբեկվեց հատկապես ապրիլյան պատերազմի արդյունքում բանակում ի հայտ եկած խնդիրների եւ չարաշահումների պատճառով. նման թիմով գնալ ընտրությունների եւ ակնկալել հանրության վստահությունը մտահոգիչ չէ՞, «Առավոտի» հարցին Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես կտրուկ դեմ եմ, որ դուք օգտագործում եք «վարկաբեկված» տերմինը, որովհետեւ վարկաբեկված են նրանք, ովքեր թալանով, կողոպուտով են զբաղվել, ովքեր պետական պարտքը հասցրել են վեց միլիարդ դոլարի, երկիրն էլ հասցրել են ճգնաժամային իրավիճակի:
Ինչ վերաբերում է անհատներին, որոնց թվարկեցիք, յուրաքանչյուրն իր գործունեության ընթացքում սխալներ արել է: Այդ մարդիկ քաղաքական գործիչներ են, նրանց ետեւում կուսակցություններ են, եւ եթե կուսակցականները նրանց վստահում են, ապա կարելի է ընթացք տալ: Ես չեմ պատրաստվում իրենց փոխարեն պատասխանել այդ հարցերին: Բայց Սեյրան Օհանյանի պատասխանատվության մասով միայն նկատեմ` այստեղ սկզբունքային խնդիր կա. ո՞վ է իրականում պատասխանատու բանակում ռազմական շարժի, կարգապահության եւ մնացյալի համար: Դա Գլխավոր շտաբի գործն է, նախարարը համակարգում է ընդհանուր աշխատանքները: Եթե Գլխավոր շտաբի պետն իր տեղում չէր, ապա երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է միջոցներ ձեռնարկեր: Ես չեմ ցանկանում խորանալ, Սեյրան Օհանյանը, հավանաբար, ինքը ավելի մանրամասն կասի այդ ամենի մասին»:
Հետաքրքրվեցինք` կա՞ երաշխիք, վստահություն, որ նախկինում այս համակարգի ջատագովներ Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, Վիկտոր Դալլաքյանը հիմա իսկապես ցանկանում են փոխել համակարգը: «Եթե իրենք այսօր հայտարարում են դրա մասին, եւ միասնական փաստաթուղթ է ստորագրվելու, արդեն պատասխանատվությունն ընկնում է իրենց վրա»,- պատասխանեց Արամ Սարգսյանը: Իսկ լայն կոնսոլիդացիայի համատեքստում ենթադրվո՞ւմ է համագործակցություն նաեւ ՀԱԿ-ի հետ, քանի որ վերջինս էլ հանդես է գալիս արմատական ընդդիմադիր կեցվածքով, նաեւ ընտրական գործընթացները վերահսկելու, դրանք կատարելագործելու ջատագովներից է: «Դա մեզ համար առանձնահատուկ հարց է: Այն կառույցը, որը դուք նշում եք, հատկապես վերջին համագումարում հնչած գաղափարներից հետո, ինձ համար այդքան էլ ընդունելի չէ համագործակցությունը: Համագործակցության միակ տարբերակը, որը կարող եմ տեսնել, ընտրությունների ընթացքի ընդհանուր վերահսկողությունն է»,- եղավ պատասխանը: Մեր զրուցակիցը նկատի ունի ԼՂ հարցում առաջին նախագահի մոտեցումների նկատմամբ իր մի շարք վերապահումները:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
21.12.2016