Ինչպես հայտնի է, երկու տարի առաջ Կենտրոնական բանկը առեւտրային բանկերի առաջ պահանջ դրեց` կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից հասցնելու 30 միլիարդի։ ԿԲ-ն իր այդ որոշումով որոշ բանկերի, այսպես ասած, մղեց խոշորացման: Այսինքն՝ այն բանկերը, որոնք չեն հաղթահարի այդ շեմը, ստիպված կլինեին կամ փակվել, կամ միավորվել: 2017 թվականին արդեն բոլոր գործող բանկերը 30 միլիարդ շեմը պիտի ապահոված լինեն: Իսկ թե Հայաստանում մինչ այս գործող 21 առեւտրային բանկերից ռեալ քանիսը կմնան՝ դեռ հայտնի չէ: Այս օրերին էլ որոշ բանկեր միավորման գործընթացում են գտնվում: Մի քանի բանկ էլ արդեն միավորվել են:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն անդրադառնալով բանկերի կապիտալիզացիայի եւ միավորման հետ կապված հարցերին՝ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այդ գործընթացը կարող է ընթանալ երեք սցենարով:
Վատագույն դեպքն այն է, երբ բանկերը չեն ունենում համապատասխան գումար, այս կամ այն բանկը ստիպված է լինում փակվել: Երկրորդ սցենարը, ըստ տնտեսագետի, միավորման կամ կլանման սցենարն է, որի պարագայում երկու բանկերը միավորվում են հավասարազոր պայմաններով: Կլանման սցենարի դեպքում, սակայն, ավելի խոշորների կողմից փոքրի կլանման եւ խոշորի կոնկրետ իրավունքների պահպանման եւ ավելի մեծ իրավասությունների շրջանակներում միավորման գործընթաց է իրենից ենթադրում:
3-րդ տարբերակն էլ, Վիլեն Խաչատրյանի խոսքով, այն է, որ տվյալ բանկն ունի որոշակի հնարավորություններ` ավելացնելու իրենց ներդրումները եւ դրանով կապիտալիզացիայի մակարդակը հասցնելու 30 միլիարդի:
Այնուամենայնիվ, կապիտալի շեմը բարձրացնելուց հետո էլ 2017-ին, ըստ Վիլեն Խաչատրյանի, բանկային համակարգի համար այնքան էլ լավ տարի չի սպասվում: Տնտեսագետի խոսքով՝ երբ Կենտրոնական բանկը ներկայացրեց բանկերի ռազմավարությունը, տրամաբանորեն դրված էր, որ գոնե միջին տնտեսական աճի միտումներ պետք է լինեն, եւ 2-3 տոկոսի մակարդակը պահպանվի. «Սակայն մենք տեսնում ենք, որ տնտեսական աճի տեմպերը բավականին դանդաղել են, եւ դրանք 100,4 տոկոսի են հասել, իսկ դա նշանակում է, որ բանկային համակարգն իր պլանավորած ցուցանիշներից 2017 թվականին ստիպված կլինի շեղվել, այսինքն` հնարավորություն չի ունենա կատարել իր կոնկրետ զարգացման ծրագրերը եւ այլն՝ լինի դա մասնաճյուղերի ընդլայնման, հաճախորդների ավելացման քաղաքականություն, թե այլ ծրագրեր»:
Վիլեն Խաչատրյանը մի կարեւոր հանգամանքի վրա էլ է ուշադրություն հրավիրում:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ 2014 թվականի դեկտեմբերից մինչ այս տարվա նոյեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում, վիճակագրության համաձայն, բանկերի վարկային պորտֆելն ավելացել է ընդամենը 75-78 միլիարդ դրամով, որն ընդհանուր առմամբ կազմում է 2 տրիլիոն 250 միլիարդ դրամի գումար. «Սա մեր արտարժութային եւ դրամային վարկերն են: Իսկ մյուս կողմից՝ մենք նկատում ենք, որ ավանդները ավելի արագ տեմպով են աճում, որոնք կազմում են 2 տրիլիոն 175 միլիարդ դրամ, այսինքն` մենք նկատում ենք, որ ավանդները ընդհուպ մոտեցել են վարկերին: Կա այսպիսի խնդիր, որ վարկառուները սովորաբար վերադարձնում են հին վարկը եւ կոնկրետ երկարացնում են դրա ժամկետը եւ որոշակի առումով օգտվում են տոկոսադրույքների իջեցման հնարավորությունից, որ ընձեռում են որոշ բանկեր, այսինքն` սա քաղաքականություն է, որի միջոցով փորձում են հնարավորություն տալ վարկառուին վերադարձնել իր գումարները, եւ դրա համար երկարաձգում են նրա վարկի մարման ժամանակահատվածը:
Այսինքն` ամսական տոկոսների վճարման եւ մայր գումարի չափը փոքրանում է, եւ վերջինս հնարավորություն է ստանում դա մարել: Կարծում եմ՝ դրա հաշվին է ավելի շատ վարկային պորտֆելն ավելացել, քան կոնկրետ տնտեսության մեջ վարկավորում իրականացնելու»:
Նա մտահոգիչ է համարում այն փաստը, որ մեր բյուջեի պակասորդն արդեն իսկ հասել է 193 միլիարդ դրամի` տասը ամսվա կտրվածքով, որից 138 միլիարդ դրամը ֆինանսավորել է բանկային հատվածը. «Այսինքն` բանկային համակարգն այս պահի դրությամբ զբաղված է ոչ թե տնտեսություն ֆինանսավորելով, այլ կոնկրետ բյուջեի պակասորդ ֆինանսավորելու գործով՝ հետեւաբար տնտեսությանը զրկելով ռեսուրսներից: Այսինքն`մենք չենք կարողանում հավաքել եկամուտներ բյուջեի մեջ, առաջանում է պակասորդ, պակասորդը մեծանում է, որը սկսում են ֆինանսավորել բանկերը եւ դրա դիմաց ստանալ տոկոս: Եվ ստեղծվում է մի իրավիճակ, որ տնտեսությունը զրկվում է ռեսուրսներից ու աճի հնարավորություններից»:
Մեր այն դիտարկմանը, թե տվյալ դեպքում նաեւ պետության ներքին պարտքն է ավելանում, պարոն Խաչատրյանը նկատեց. «Այս տարվա ընթացքում ներքին պարտքը շատ ավելի մեծ քանակությամբ է ավելացել՝ մոտ 300 միլիոն դոլար: Տարեսկզբին եղել է 760 միլիոն դոլար, իսկ այժմ ունենք 1 միլիարդ դոլարի սահմանագիծը գերազանցող 1 միլիարդ 63 միլիոն դոլարի հասնող ներքին պետական պարտք: Մենք երբեւէ 1 միլիարդ դոլարը գերազանցող ներքին պարտք չենք ունեցել: Այս պահի դրությամբ ունենք նման պարտք: Եվ մեր արտաքին պարտքը այս տարի աճել է մոտ 230 միլիոն դոլարով, իսկ ներքին պարտքն աճել է 300 միլիոն դոլարից ավելի: Այսինքն` երկուսը միասին աճել է մոտ 530-540 միլիոն դոլարի չափով` տասը ամսվա վիճակագրությամբ: Դա մոտ 10 անգամ ավելի է, քան 10 ամիսներին ապահոված տնտեսական աճը: Մոտ 50 միլիոն դոլարի տնտեսական աճ ենք ապահովել, իսկ պարտքն ավելացել է մոտ 10-11 անգամ ավելի»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
21.12.2016