Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորին «վոլյունտարիստ» անվանելու համար պահանջում են ներողություն խնդրել

Դեկտեմբեր 22,2016 15:00

Միջնորդել են երրորդ անձ ճանաչված «Առավոտին»
ու «Հրապարակին» ներգրավվել որպես պատասխանողներ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներ Կորյուն Աթոյանի, Պարույր Քալանթարյանի, Լյուբա Մեհրաբյանի եւ Միհրդատ Հարությունյանի ներկայացուցիչ Աստղիկ Ղազարյանը: Ինչպես տեղեկացրել ենք, նրանք դիմել էին դատարան պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայցապահանջով:

Հայցվորների ներկայացուցիչը հստակեցրել է իրենց պահանջը: Անդրադառնանք «Առավոտ» օրաթերթում այս տարվա հունիսի 15-ին տպագրված «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով բաց նամակին: Բաց նամակի հեղինակը Նորայր Սարգսյանն է: Նամակն ուղղված է եղել ռեկտորին՝ Կորյուն Աթոյանին:

Ըստ հայցվորի ներկայացուցչի, նամակագիր Նորիկ Սարգսյանը զրպարտել է Լյուբա Մեհրաբյանին, նրան անվանել է «ՀՊՏՀ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ապօրինի վարիչ»:

Մինչդեռ, նա ամբիոնի վարիչ է նշանակվել 08.02.2011թվականին, նախկին ռեկտոր Յու. Սուվարյանի թիվ 19 հրամանի համաձայն:

2012 թվականի մայիսի 31-ին Լ.Մեհրաբյանն ամբիոնի վարիչ է ընտրվել հինգ տարի ժամանակով, բուհի գիտական խորհրդի հիսունյոթ անդամների ձայների մեծամասնությամբ, փակ, գաղտնի քվեարկությամբ:

Բաց նամակում Ն. Սարգսյանը նաեւ գրել էր. «2010-2013թթ. Լ.Մեհրաբյանն իր նկատմամբ իրականացրել է բազմաբնույթ իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք եւ կեղծիքներ…Նա իր տնտեսագետ ընկերուհիներին հատկացնում էր 1, 5 կամ 1,025 դրույք, իսկ ինձ՝ 0,75 կամ 0,25 դրույք, որտեղ վճարը ցածր էր՝ հակառակը»:

Ըստ հայցվորների ներկայացուցչի, դրույքների հետ կապված՝ «Ն. Սարգսյանը հակասում է իր կողմից գրած ու ստորագրված դիմումներին ու ծանրաբեռնվածությանը, նաեւ դասավանդված առարկաները ֆիքսող մարմիններին»:
Հայցվոր կողմն ակնկալում է, որ պատասխանողը պետք է ապացուցի, որ Լ.Մեհրաբյանը կազմել է կեղծ փաստաթղթեր, իսկ ռեկտոր Աթոյանն էլ «ֆինանսական եւ ստվերային այլ խախտումներ է կատարել», ինչի արդյունքում, գլխավոր հաշվապահն ու ռեկտորի որդին հրաժարական են տվել:

Հայցվորները հավելել են, որ որեւէ մեկը հրաժարական չի տվել, որեւէ ստվերային ու ֆինանսական խախտում չի եղել ՀՊՏՀ-ում, իսկ նշյալ անձինք էլ դուրս են եկել աշխատանքից՝ համաձայն իրենց դիմումների:

Նամակում նշվել էր, որ Կ. Աթոյանը, որպես ՀՀԿ խորհրդի անդամ, «պարտադրել է ՀՀ դատական ատյաններին՝ կայացնել անարդար վճիռ եւ որոշում՝ զրկելով իրեն մասնագիտական գործունեությունից»:

Հայցվոր կողմը ասվածը գնահատել է որպես զրպարտություն:

Կրկին ուշադրության է արժանի այն, որ հայցվոր կողմի ներկայացուցիչը բաց նամակը որակել է հոդված, գրելով. «Հոդվածում» «հոդվածագիրը» գրել է՝ «Պարոն ռեկտոր, եթե դուք չվայելեիք Հ. Աբրահամյանի հովանավորչությունը, ապա նշված եւ ինձ ոչ հասու ստվերային ֆինանսական այլ խախտումները, հավանաբար, ջրի երես դուրս կգային եւ այժմ գոնե կկանխեին Ձեր՝ ՀՊՏՀ ռեկտոր վերընտրվելու հնարավորությունը»:
Հայցվորների ներկայացուցիչը հստակեցնելով հայցապահանջը, խնդրել է դատարանից, որպեսզի պարտավորեցնի պատասխանողին, մեր լրատվամիջոցով հրապարակային ներողություն խնդրել ռեկտոր Կորյուն Աթոյանից՝ «վոլյունտարիստ» անվանելու համար:
Միջնորդության մեջ կար նաեւ հերքման այն տեքստը, որը նրանց՝ դատարանով հաղթելու դեպքում վճռի մաս է կազմելու ու հրապարակելու են նշյալ լրատվամիջոցներով:
Ռեկտորին վիրավորելու համար պահանջվում է Ն. Սարգսյանից վճարել նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով գումար, իսկ հայցվորներին զրպարտելու համար՝ պատասխանողից նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի չափով:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031