ՀՀ արդարադատության նախարար
Արփինե Հովհաննիսյանին
Հարգելի Ա. Հովհաննիսյան, հայցում եմ Ձեր օգնությունը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքի ապօրինությունները եւ կամայականությունները վերացնելու համար: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքը շահագրգռված է գործի ելքով եւ իր անգործություններով ամեն անգամ հիմքեր են ստեղծում, որպեսզի Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 20 տան հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայանա: Այժմ կրկին վերսկսվել է 07/01-916/13 կատարողական վարույթը, սակայն դարձյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության
Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքը դրսեւորում է անգործություն եւ պայմաններ է ստեղծում, որպեսզի դարձյալ պարտապանը եւ նրա հարազատները հիմքեր ստեղծեն կատարողական վարույթը կրկին կասեցնելու համար: Ես արդեն մի քանի օր է՝ զանգահարում եմ հարկադիր կատարողին եւ խնդրում եմ բնակարանը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի, սակայն վերջինս ինձ պատասխանում է, որ «ժամանակ չունեմ, երբ որ հարմար լինի, այն ժամանակ էլ բնակարանը կներկայացնի հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որտեղ ուզում ես բողոքի»: Արդեն երեք տարի է՝ գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդը չի կայանում: Ամեն անգամ հարկադիր կատարողները փոփոխվում են եւ իմ գործը մնում է նույն տեղում: Հարկադիր կատարողները դիտավորյալ ժամանակ են ձգում, որպեսզի պարտապանի հարազատներն ամեն անգամ ինչ-որ անհիմն հայցադիմումի օրինակ ներկայացնեն ԴԱՀԿ ծառայություն, որպեսզի վերջիններս կասեցնեն կատարողական վարույթը: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքն այն աստիճանի է շահագրգռված գործի ելքով, որ նույնիսկ չեն էլ սպասում, որպեսզի դատարանը հայցադիմումը ընդունի վարույթ: Միայն ինչ-որ հայցադիմում վերտառությամբ փաստաթուղթ ստանալով՝ կասեցնում են կատարողական վարույթը, եւ այդպես մի քանի անգամ:
20.03.2013թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի կողմից որոշում էր կայացվել 05.11.2012թ. ավարտված թիվ 07/01-2637/12 կատարողական վարույթը թիվ 07/01-916/13 համարով վերսկսելու մասին, իսկ 12.06.2013թ. որոշում էր կայացվել արգելադրված բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, սակայն մինչ օրս բնակարանի հարկադիր էլեկտրոնային աճուրդը չի կայանում:
Դիմելով Ձեզ՝ խնդրում եւ աղերսում եմ, միջոցներ ձեռնարկեք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքի անգործությունը վերացնելու համար:
ՆԱԻՐԱ ԱՍԱՏՐՅԱՆ
ք. Չարենցավան, 6-րդ թաղամաս,
21 շենք, 5-րդ բնակարան
«Առավոտ»
21.12.2016