2017-ից դրանք նոր թափով կշարունակվեն աշխարհի տարբեր անկյուններում
Հաճախ ենք հանդիպում արվեստագետների, որոնք չե՛ն մրցակցում, չե՛ն ձգտում գերազանցել որեւէ մեկին: Նրանք ռոմանտիկ հոգեկերտվածքով երաժիշտներ են: Խոսքը վերաբերում է Արամ Խաչատրյանի անվան տրիոյին. Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): Համոզված ենք, որ չի գտնվի գոնե մեկ արվեստագետ, որը չկիսի այս կարծիքը: Տրիոն, որը հիմնվել է 17 տարի առաջ, այս կազմով ստեղծագործում է արդեն 10 տարի: Մեկ փաստ. պետական կարգավիճակ չունեցող երաժիշտների եռյակը «աչք չի բացում» հյուրախաղերից:
Նրանք հասցնում են բառացիորեն ամեն ինչ՝ համերգներ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, վարպետության դասեր, 2014թ. Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացվել է Խաչատրյանի անվան տրիոյի դասարան, ինչը եզակի դեպք է եւ դասն անցկացնում են երեք երաժիշտները: 2011թ. նրանք հիմնել են Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ, որը հոգում է տաղանդավոր երեխաների ուսման ծախսերը, ապահովում կրթաթոշակով: Ավելին, հունիսի 15-ին, միաժամանակ Ստեփանակերտում, Շուշիում եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում սկսվեց համերգ-ակցիա՝ դրամահավաք՝ քառօրյայում զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով:
Կարդացեք նաև
Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ երաժիշտները ինչպե՞ս են բազմաճյուղ գործունեության համար ժամանակ գտնում, երբ տարին 12 ամիս տրիոն «դրսում» է, Արմինե Գրիգորյանը հավաստիացրեց, որ կոնկրետ այս տարի իրենք որոշում են կայացրել հնարավորինս կրճատել հյուրախաղերը, միայն իրականացնել արտասահմանյան այն համերգները, որոնց պայմանագրերը կնքվել են մեկ եւ ավելի տարի առաջ: Կարեն Քոչարյանն էլ փաստեց, թե արտասահմանյան համերգները միայն ընթացիկ տարվա սկզբում են եղել. տրիոն համերգներ է ունեցել Ռուսաստանի, Գերմանիայի քաղաքներում, Լիբանանում: Իսկ Կարեն Շահգալդյանն էլ հավելեց, թե իրենց որոշումը՝ կրճատել հայուրախաղերի քանակը, մեկ նպատակ է հետապնդում՝ առավել ժամանակ տրամադրել յուրաքանչյուրի կատարելագործվելու համար:
Ռեպլիկին, թե ոչ մի երաժիշտ չի սահմանափակվում մեկ աշխատատեղով այնպես, ինչպես տրիոյի անդամները, մեր զրուցակիցները միաբերան հայտնեցին, թե իրենց դեպքում կամ որոշ կոլեգաների, անպայման չէ դա կապել սոցիալական խնդիրների հետ, հետո էլ նշեցին, թե երաժշտի դեպքում ցանկացած աշխատանք՝ մանկավարժական, համերգային եւ այլն, լրացնում է մեկը մյուսին:
Դիտարկմանը՝ արտասահմանում այդքան պահանջված խաչատրյանական տրիոյին քիչ ենք հանդիպում, օրինակ՝ կառավարական համերգներին, գուցե այն պատճառով, որ չունեն պետական կարգավիճակ, Կարեն Քոչարյանը միայն հիշեցրեց, որ տրիոն ընդգրկվել է Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի, Եղեռնի 100-րդ տարելիցի պետական միջոցառումների ծրագրում, մշտապես համագործակցելով մշակույթի նախարարության եւ այլ կառույցների հետ, համերգներ է ունենում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում:
Իսկ թե ընթացիկ տարում «մերժված» հյուրախաղերից որոշները տեղափոխե՞լ են 2017թ., ի պատասխան՝ Արմինե Գրիգորյանը նշեց, թե կվերսկսեն հյուրախաղային համերգները, ընդամենը թվարկելով դրանց մի մասը՝ Կանարյան կղզիներում, Մալթայում, Լիբանանում, ՌԴ -ում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
21.12.2016