Վերջերս «Լուսաբաց» հրատարակչությունը տպագրեց շվեյցարացի դրամատուրգ Ագոտա Կրիստոֆի (1936-2011) պիեսների ժողովածուն` Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ ֆրանսերենից: Աշխարհով մեկ հայտնի հեղինակ, որի գործերն առաջին անգամ են թարգմանվում հայերեն: Այդ առթիվ մի քանի հարցեր ուղղեցինք սիրված դերասանուհուն, արձակագրին եւ, տվյալ դեպքում, նաեւ թարգմանչին: Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցը:
– Անցած ամիսների ընթացքում, ձեր թարգմանությամբ, մի նոր անուն հայտնվեց «Դրամատուրգիա» եւ «ԱրտԳրականություն» հանդեսներում` շվեյցարացի դրամատուրգ Ագոտա Կրիստոֆը: Իսկ վերջերս, «Լուսաբաց» հրատարակչությունը լույս ընծայեց չորս պիեսներից կազմված նրա ժողովածուն` «Հրեշը» վերնագրով, դարձյալ ձեր թարգմանությամբ: Այդ հրապարակումներն, իսկապես, նորություն էին հայ ընթերցողի համար. ոչ միայն գործերը, այլեւ անունն էր մեզ իսպառ անհայտ:
– Այո, բայց ամեն նոր անուն դեռ նորություն չէ: Անծանոթ հեղինակներ են լույս տեսնում, որոնց տողերից հնության բույր է գալիս: Ագոտա Կրիստոֆի պարագայում վստահորեն կարող ենք ասել, որ նրա գործերը ոչ միայն նորություն են, այլ ավելին` կատարյալ հայտնություն:
– Արդյոք չափից ավելի շռայլ չէ՞ ձեր գնահատությունը:
– Բնավ ոչ: Գիտեք ինչ, ավելի քան հիսուն տարի ես արվեստում եմ: Այդ ընթացքում հարյուրավոր ներկայացումներ եմ խաղացել ու դիտել, նույնքան էլ` ֆիլմեր, կարդացել եմ անթիվ ու անհամար գրքեր, եւ թող անհամեստ չհնչի, հիմա ինձ դժվար է զարմացնել: Գուցե ինձ հոռետես համարեք, բայց կարծես գնալով ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում իսկապես տաղանդավոր, արտակարգ, աստվածային խենթությամբ ստեղծված գործերը: Ագոտա Կրիստոֆի պիեսները պատահաբար ձեռքս ընկան, անցյալ տարի, Շվեյցարիայում: Մի շնչով կարդացի, եւ մի քանի օր տպավորության տակ էի… Որոշեցի անպայման թարգմանել այդ գիրքն` ամբողջությամբ:
– Իսկ կարո՞ղ եք ասել, ի՞նչն էր, որ ձեզ այդպես ոգեւորեց:
– Նախ, ասեմ, որ նա ոչ միայն փայլուն դրամատուրգ է, այլեւ հրաշալի վեպերի հեղինակ, եւ ինչպես ամեն մի տաղանդավոր անհատականություն, մի շարք արժանիքներ ունի, բայց ես կխոսեմ այն հիմնականի մասին, որն ինձ ստիպեց լրջորեն զբաղվել նրա գրականությամբ:
Եվ հետո, ով-ով, դուք` լրագրողներդ, հրաշալի գիտեք, որ խառը ժամանակներում, մարգարեները չափից ավելի պահանջարկված են դառնում. Ապոկալիպսիս, Նոստրադամուս, Վանգա, տեր եւ տիկին Գլոբա… ո՞ր մեկն ասեմ: Եվ որոշակի մի օրինաչափություն է նկատվում. լավ բաներ գրեթե չկան նրանց «կանխատեսումների» մեջ, շարունակ ահասարսուռ աղետներ են խոստանում` պատերազմներ, համաճարակներ, երկրաշարժ ու ջրհեղեղ եւ, վերջապես, մոլորակի կործանում… Տարտամ, ժամանակի անորոշության մեջ սպասվող պատուհասներ…
– Բայց, մի՞թե ձեր թարգմանած հեղինակի գրականությունն այդպիսին չէ, մի՞թե հետեւյալ տողերը չեն գրված գրքի անոտացիայում. «Գործող անձանց մշտապես տեսնում ենք այլաբանական, ապամարդկայնացած միջավայրում, որտեղ շրջվել են բարոյական, մարդկային բոլոր արժեքները, իսկ դաժանությունը հանդես է գալիս մարդասիրության քողի տակ, հետեւաբար մարդն էլ դառնում է բացարձակապես անարժեք միավոր, ասես ականատեսն ենք քաղաքակրթության ավարտի, ասես մարդկությունը վերադառնում է քարանձավ եւ սկսվում է խոստացված ապոկալիպսիսը… Թվում է, թե հեղինակը լցված է հոռետեսությամբ, թե չափից ավելի խտացնում է գույները, սակայն երբ տեսնում ենք, թե այսօր ինչեր են կատարվում աշխարհի տարբեր անկյուններում, ստիպված ենք ընդունել, որ շուրջ երկու տասնամյակ առաջ գրված այս պիեսներն իրոք մարգարեական են»: Մի՞թե նրա կանխատեսումները նույնպես ահասարսուռ չեն:
– Անշուշտ, ահասարսուռ են, ավելին` մարգարեական եւ, ի տարբերություն վերը թվարկված անունների, չափազանց որոշակի: Սակայն դա չէ հիմնական, ես կասեի` գաղափարախոսական տարբերությունը: Կրիստոֆն առաջ անցնելով ժամանակից, խորանում է երեւույթների տրամաբանության մեջ, կանխորոշում իդեալազուրկ հասարակության տխուր մայրամուտը, գտնում կործանումի հիմնական պատճառը` մարդու ոչնչացումը որպես հասարակության հիմնական միավորի: Նրա բոլոր պիեսներում մենք տեսնում ենք դաժանության առօրեականացումը, իրականությունից կտրված հումանիստական ավանդների անզորությունը եւ, վերջապես, մարդու վերադարձը քարանձավ… Այն, ինչ արդեն տեղի է ունենում այսօր աշխարհի թեժ կետերում, եւ ո՛չ միայն: Կարող ենք ասել, որ Հայաստանում էլ արդեն նկատվում են մարդու եւ հասարակության դեգրադացիայի տագնապահարույց դրսեւորումներ: «Համաճարակ» պիեսում գործող անձինք փաստորեն այլեւս մարդիկ չեն, այլ երկու մասի բաժանված ռոբոտներ` ոչնչացվող եւ ոչնչացնող: «Ոչնչացնողները» տարածում են ինքնասպանության համաճարակ, եւ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, երկիր առ երկիր վերացնում Բանական արարածին: Եվ այսպես, Ա. Կրիստոֆը փորձում է համոզել մեզ, որ ինքնասպանության համաճարակով վարակված մարդկությունը եւ քաղաքակրթությունը անդառնալիորեն հասնում են իրենց վախճանին:
– Չափազանցված չէ՞, արդյոք:
– Գուցե չափազանցված է, բայց դա գրականություն է, ահազանգ է, եւ հեռու չէ իրականությունից: Հեղինակն` իր առաքելությունը գիտակցող բժշկի պես, ասում է. «Եթե չբուժվես, կմահանաս»:
– Այդ ամենը կարծես պատկերվել է քսաներորդ դարի մի շարք հեղինակների գործերում, ինչպեսեւ կինոյում:
– Այո, պատկերվել է. քսաներորդ դարի գրականության մեջ, ինչ-ինչ, սարսափներն անպակաս են: Բայց դարձյալ պիտի խոսենք կարեւոր մի տարբերության մասին. այդ հեղինակներից մի քանիսի, ինչպես, օրինակ` Օրուելի կամ Պլատոնովի վեպերը, քաղաքական-գաղափարական որոշակի ուղղվածություն ունեն ընդդեմ տոտալիտար վարչակարգը: Ասել է թե, չնայած նկարագրվող սարսափներին, աշխարհում, այնուամենայնիվ, կան վայրեր, որտեղ մարդը կարող է փրկություն գտնել, քանզի արատավոր վարչակարգն, ի վերջո, ենթակա է փոփոխման: Այսինքն` թունելի վերջում լույս կա: Օրուելի «1984»-ը կարդալիս անմիջապես հասկանում ես, որ հեղինակը նկատի է ունեցել Խորհրդային Միությունը, որն այլեւս գոյություն չունի: Բայց սարսափները շարունակվում են ու տարածվում աշխարհով մեկ: Նշանակում է պատճառը միայն վարչակարգը չէր, այլ… Տարածքների եւ Նյութի պատերազմ է գնում ամենուր, հիբրիդային պատերազմ` նոր ժամանակների դիվական գյուտը: Եվ հետո, վերը նշված ստեղծագործություններում նկարագրված գործողություններն, ասես, ծավալվում են զուգահեռ մի իրականության մեջ, մեզնից հեռու, նույնիսկ անմատչելի մի համաստեղությունում, ինչպես Ռոբեր Մեռլի` «Կապիկների մոլորակը» վեպում է: Մինչդեռ Ա. Կրիստոֆի գործերը կարդալիս, առաջին իսկ էջից, խուճապը համակում է քեզ: Ժամանակն այդ պիեսներում խտացված է: Մարդկությունն արդեն ապրում է այդ իրականության մեջ: Այդ գործերն արդեն, ցավոք սրտի, լոկ գեղարվեստական հնարանք չեն:
– Ինչպե՞ս կբացատրեք հեղինակի այդ մռայլ հայացքը:
– Իսկապես, զարմանալ կարելի է, որ հեղինակը վերջնականապես լքելով քաղաքացիական պատերազմի ասպարեզ դարձած իր հայրենիքը եւ հաստատվելով անդորր ու ապահով Շվեյցարիայում, որտեղ դարեր շարունակ պատերազմ ու բռնություն չեն տեսել, հանգիստ կյանքը վայելելու փոխարեն, իրար ետեւից ստեղծել է մարգարեական գործեր, որոնք լի են տագնապով ու զգուշացումով: Այդպիսին են իսկական տաղանդները` զգայուն հոգիները, ովքեր ժամանակից առաջ անցնելով հստակ տեսնում են սպասվելիք աղետները եւ զգուշացնում մեզ: Այնպես որ, դա ավելի շուտ սթափ հայացք է` առանց որեւէ պատրանքի: Նա գրում է մի իրականության մասին, որն ապրել է եւ որի առավել սաստիկ կրկնությունը տեսնում է ոչ հեռավոր ապագայում: Ագոտա Կրիստոֆն ազգությամբ հունգարացի է: Ի դեպ, դա նրա իսկական անուն-ազգանունն է, եւ ոչ թե ծածկանունը, ինչպես շատերն են կարծում` նմանեցնելով Ագաթա Քրիստիին: 1956թ., քսան տարեկանում, Բուդապեշտի ապստամբության ժամանակ հրաշքով կարողացել է անցնել սահմանը, Ավստրիայով հասել Շվեյցարիա եւ հաստատվել այնտեղ, եւ այնպես է յուրացրել ֆրանսերենը, որ 80-ականներից սկսել է գրել այդ լեզվով: Սկզբում պատմվածքներ, հետո պիեսներ եւ, վերջապես, իր նշանավոր վիպական եռագրությունը, որն, իրոք, պիեսների նման, բացառիկ երեւույթ է եվրոպական արդի արձակում:
– Մտադիր չե՞ք, արդյոք, այդ եռագրությունը նույնպես թարգմանել:
– Հնարավոր է, շատ կուզեի, բայց այնքա՜ն գործ կա անելու… Հաճելի է, իհարկե, նման հեղինակների թարգմանել, բայց նաեւ իմ սեփական ծրագրերը կան, որ հերթի են դրված:
– Եթե գաղտնիք չէ, կուզեի՞ք խոսել այդ ծրագրերի մասին: Օրինակ` հնարավո՞ր է, որ Ագոտա Կրիստոֆի պիեսներից մեկում խաղաք:
– Խաղալը` հազիվ թե, բայց չի բացառվում, որ բեմադրեմ: Իսկ թե որտեղ, առայժմ շուտ է այդ մասին խոսել:
Զրուցեց ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ»
21.12.2016