Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերը
«Ես երեք կատեգորիայի խնդիր եմ տեսնում, որոնց մենք կբախվենք։ Առաջինը թեժ կետերն են կամ չկարգավորված հակամարտությունները՝ Աֆղանստան, Ղարաբաղ, Դոնբաս, Մերձդնեստր, Սիրիա, նաեւ կազդեն Իրաքը, Եմենը։ Երկրորդ խմբի խնդիրները ավանդական բնույթի են՝ թմրանյութերի անօրինական շրջանառություն, ահաբեկչություն, տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ»,- վերջերս նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Պետդումայում։ Երրորդ խմբի խնդիրների թվում նա նշել է Արեւմուտքի հետ Ռուսաստանի ու դաշնակիցների դիմակայությունը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության բացակայությունը` հավելելով. «Այս ամենը, այսպես, թե այնպես, կազդեն մեր պետությունների անվտանգության վրա»։
Թեժ կետերը, Արեւմուտքի հետ Ռուսաստանի ու դաշնակիցների դիմակայությունը 2017թ. ազդեցություն կունենան ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա` փաստացի հասկացնել է տալիս Մոսկվան:
Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները փակուղի են մտել: Դա փաստեց Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մշակույթի գործիչների հետ հանդիպմանը՝ նշելով, որ, ըստ էության, բանակցություններ չկան: Պաշտոնական Մոսկվան ԼՂ խնդրի թեժ լինելու հանգամանքն առանձնացնում է, սակայն Բաքվի հետ շարունակում է ռազմատեխնիկական հարցերով բանակցությունները: Մոսկվային հաջողվել է մեղմել Ալիեւի զայրույթը, եւ ըստ ամենայնի Ռուսաստանի իշխանությունները դեռ զենքի վաճառքի նոր պայմանագրեր էլ կկնքեն Ադրբեջանի հետ:
Թեեւ հայաստանյան քաղաքական դաշտում գրեթե որեւէ քաղաքական ուժ չի վիճարկում Մոսկվայի` «անկողմնակալ միջնորդի» դերը, փաստ է, որ Ռուսաստանը` Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, վաղուց չեզոք դիտորդի դեր է ստանձնել: Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դեպքում ոչ ոք վստահ չէ, որ Ռուսաստանը «միջնորդից» կվերածվի Հայաստանի ռազմավարական դաշնակցի: Արդեն բոլորն են համոզված, որ Ռուսաստանն առնվազն չեզոքություն կցուցաբերի` նպատակ ունենալով չփչացնել հարաբերությունները Ալիեւի հետ:
Կարդացեք նաև
Իսրայելի հետ գործարքները` Մոսկվային «թասիբի գցելու» միջոց
Վերջերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տիկնոջ հետ այցելեց Բաքու: Ադրբեջանի նախագահի ու Իսրայելի վարչապետի տետ-ա-տետ ձեւաչափով հանդիպմանն Ալիեւը ողջունելով Նեթանյահուի այցը Ադրբեջան՝ ընդգծեց, որ Իսրայելի վարչապետն արդեն երկրորդ անգամ է գտնվում Ադրբեջանում. «Վստահ եմ, որ այցը կլինի շատ արդյունավետ, կամրապնդի մեր հարաբերությունները։ Հունվարին մենք հանդիպեցինք Դավոսում, իսկ այժմ հանդիպում ենք Բաքվում։ Վստահ եմ, որ ձեր այցը կանցնի լավ, եւ ձեռք կբերվեն լավ արդյունքներ»։ Նեթանյահուն իր հերթին նշել է. «Իսրայելի ու Ադրբեջանի, երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեն ամուր հարաբերություններ, մոտ բարեկամություն։ Հրեաներն այստեղ զգում են հարմարավետ։ Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր արժեքներ։ Ադրբեջանում ապրող հրեաները կամրջի դեր են խաղում մեր ժողովուրդների միջեւ։ Դրա համար էլ կան բազմաթիվ հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք»։
Իսրայելական timesofisrael.com կայքը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Բաքվում կայացած բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության հարցը։ Ալիեւն այդ բանակցությունների ամփոփիչ մամլո ասուլիսում որպես նվաճում մատնանշել է Իսրայելից 4.85 միլիարդ դոլարի սպառազինություն գնելը։ Ընդ որում, նա հավելել է, որ դա վերջնական ցուցանիշը չէ։ Հայտնի է նաեւ, որ Ադրբեջանը իսրայելական արտոնագրով անօդաչու թռչող սարքեր է արտադրում:
Իսրայելական աղբյուրները նաեւ հայտնում էին, որ Բաքուն դիտարկում է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգ գնելու հարցը, որը նախատեսված է հրթիռներ ոչնչացնելու համար։ Ալիեւը Նեթանյահուի հետ համատեղ մամլո ասուլիսում նշել է, որ Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Ալիեւի խոսքով՝ այդ համագործակցությունն արդեն շարունակվում է մի քանի տարի։ Նա համագործակցության ընդգրկուն լինելն ի ցույց դնելու նպատակով էլ շեշտել է, որ ստորագրել են 4.85 միլիարդ դոլարի զենք գնելու մասին պայմանագրեր, որոնց մեծ մասն արդեն իսկ իրագործված է. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ գոհ ենք համագործակցության այս մակարդակից։ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են շատ ոլորտներում»։
Երկու երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերը փաստում են այդ համագործակցության պոտենցիալը։ Նախատեսվում է ստեղծել տնտեսական համատեղ հանձնաժողով, որը կնպաստի ապրանքաշրջանառությանն ու դիվերսիֆիկացմանը։ Խոսք է գնում Ադրբեջանից Իսրայել նավթի արտահանման մասին։ Իսրայելը դիտարկում է այն խողովակաշարին միանալու հնարավորությունը, որն Ադրբեջանից կառուցվում է դեպի Արեւմուտք Միջերկրական ծովի գազահանքերից արդյունահանված իսրայելական գազն արտահանելու համար։ Այդ մասին Բաքվում նշել է Նեթանյահուն՝ ընդգծելով հետեւյալը. «Այսօր մենք խոսում ենք ոչ միայն Ադրբեջանից Իսրայել նավթի վաճառքի մասին, որը մեր նավթային ներկրման կարեւոր մասն է։ Մենք խոսում ենք ընդհանուր ենթակառուցվածքի օգտագործման մասին՝ գազի արտահանման եւ իսրայելական գազի արտահանումն այն մեծ խողովակաշարին միացնելու հարցը, որի կառուցումը ներկայումս ընթանում է Ադրբեջանից դեպի Թուրքիա»։
Այսպիսով, Նեթանյահուի եւ Ալիեւի հանդիպման գլխավոր տեղեկությունն այն էր, որ Ադրբեջանը Իսրայելից ընդհանուր առմամբ 4.8 մլրդ դոլարի զենք է գնել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության եւ Իսրայելի համապատասխան կառույցի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այդ մասին հայտնել է պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը` հավելելով, որ նախարարությունը դրական պատասխան է տվել այդ համակարգերի գնմանը։
Հարկ է նշել, որ Ադրբեջան-Իսրայել վերջին բանակցությունները կարծես նպաստեցին ռուս բանագնացի` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի աշխատանքային այցի արագ կազմակերպմանը Բաքու:
Պակիստանը՝ Ադրբեջանի հուսալի գործընկեր
Ռազմական ոլորտում սերտ համագործակցելու երկուստեք ցանկության մասին էին հայտնել Պակիստանն ու Ադրբեջանը: Այս երկրները սկսել են խոսել տնտեսական համագործակցության մակարդակը բարձրացնելու մասին: Պակիստանցի եւ ադրբեջանցի պաշտոնյաները օրեր առաջ Բաքվում հայտարարել են, թե համաձայնության են եկել առեւտրային կապերը խորացնելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, ապրանքաշրջանառությունը ընդլայնելու եւ զուգահեռաբար երկու երկրների մաքսային եւ վիզային ընթացակարգերը դյուրացնելու վերաբերյալ: Պակիստանը Ադրբեջանի կառավարությանն է ներկայացրել տնտեսական համագործակցության հնգամյա պլան: Այս մասին, մասնավորապես, հայտնել է Պակիստանի առեւտրի դաշնային նախարարը: Երկրի առեւտրային նախարարից առաջ այս տարի Ադրբեջան էին այցելել նաեւ նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, ռազմական արդյունաբերության նախարարը:
Ադրբեջանի ջերմ վերաբերմունքը Հայաստանի անկախությունը չճանաչած աշխարհում միակ երկրի՝ Պակիստանի նկատմամբ, լիովին հասկանալի է: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից` փոխվարչապետ Էյնուբովը, ռազմական արդյունաբերության նախարար Ջամալովը, պաշտպանության նախարար Հասանովը վերջին ամիսներին Պակիստանում էին: Հաջորդ տարի նախատեսվում է նախագահ Իլհամ Ալիեւի այցը Իսլամաբադ: Ադրբեջանի ղեկավարը ընդամենը մեկ տարի առաջ՝ «Իսլամական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովի շրջանակներում էր այցելել Պակիստանի մայրաքաղաք: Այս այցերի ընթացքում ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ ռազմական ոլորտի համագործակցությունից մինչեւ փոխադարձ աջակցություն միջազգային հարթակներում:
Ալիեւի նպատակն է Պակիստանի հետ հարաբերությունների խորացմամբ պահպանել Հայաստանի նկատմամբ ռազմական առավելությունը: Ալիեւի ակնկալվող պակիստանյան այցի ընթացքում ծրագրվում է մի շարք կարեւոր փաստաթղթերի, համաձայնագրերի ստորագրում: Ադրբեջանական «Մինվալ օնլայն» պարբերականի փոխանցմամբ` խոսք է գնում ժամանակակից հակաօդային պաշտպանություն ձեռք բերելու եւ Ադրբեջանում Պակիստանի հետ համատեղ ռազմական համակարգերի արտադրության մասին, ինչի շուրջ կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Պակիստանի վարչապետի՝ Բաքու կատարած այցի ընթացքում: Ադրբեջանի հրթիռային եւ հրետանային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը նոյեմբերին լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, թե «երկրի հուսալի պաշտպանության համար անհրաժեշտ են մինչեւ 500 կիլոմետր հեռահարությամբ օպերատիվ-մարտավարական հրթիռներ»:
Կանխատեսում են պատերազմ
Արդեն իսկ ակնհայտ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաքուն ամենեւին էլ չի բացառում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը: Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսին «Իսկանդեր» հրթիռային համակարգերի ցուցադրությունը առիթ հանդիսացավ, որ Ալիեւը սպառազինության ձեռք բերման շուրջ բանակցություններն այլ երկրների հետ առավել ցուցադրական դարձնի:
Միաժամանակ ամերիկացի փորձագետները չեն բացառում հաջորդ տարի Ղարաբաղում նոր ռազմական հակամարտության բռնկումը: «Միջնորդական ջանքերի ձախողման, սպառազինությունների մրցավազքի եւ հրադադարի հաճախակի խախտումների հետեւանքով ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը գնալով աճում է»,- նշվել է ԱՄՆ-ի ազդեցիկ փորձագիտական կենտրոններից մեկի՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի զեկույցում, որի նպատակն է կանխատեսել 2017-ի հավանական հակամարտություններն ու դրանց հնարավոր ազդեցությունը ԱՄՆ-ի վրա:
«Եթե չլինեն արդյունավետ միջնորդական ջանքեր, հրադադարի խախտումներն ու նոր թափ ստացած լարվածությունը կարող են վերստին բորբոքել ղարաբաղյան հակամարտությունը՝ ապակայունացնելով Հարավային Կովկասը: Սա կարող է ազդել նաեւ Ամերիկայի տնտեսական շահերի եւ համաշխարհային նավթային շուկայի վրա»,- փաստում են վերլուծաբանները՝ չբացառելով, որ նոր պատերազմի հետեւանքով Ադրբեջանից գազի եւ նավթի արտահանումը կարող է ընդհատվել:
Ղարաբաղն ավելացնելով հաջորդ տարվա այն վտանգների շարքում, որոնք պետք է կանխարգելել, ամերիկացի փորձագետները միաժամանակ պատերազմի բռնկման հնարավորությունն ու ԱՄՆ-ի վրա դրա ազդեցության մակարդակը շատ բարձր չեն գնահատում: Փոխարենը՝ ԱՄՆ-ի ազգային շահերին լրջագույնս սպառնացող եւ խիստ հավանական է համարվում ռազմական բախումը ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ. «Հիմա, երբ Վաշինգտոնում նախագահական նոր վարչակազմ է իշխանության գալիս, անհրաժեշտ է օգնել, որ որոշում կայացնողները կանխեն եւ խուսափեն ամերիկյան շահերին սպառնացող ճգնաժամերից»,- նշել է փորձագիտական կենտրոնի ղեկավար Փոլ Սթեիրսը: Զեկույցի հեղինակները եզրակացրել են. «Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնում է փոթորկահույզ ժամանակներում, եւ հնարավոր է՝ շատ ժամանակ չանցած արդեն նրա վարչակազմը կանգնի լուրջ արտաքին ճգնաժամի առաջ»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
21.12.2016