Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան մեր ուղեղում է

Դեկտեմբեր 22,2016 10:15

Երեկ զրուցում էի ուկրաինացի հասարակական գործչի հետ, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներով: Խոսք գնաց այն մասին, որ ապօրինի հարստացմանը վերաբերող օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եւ այն պաշտոնյաները, որոնք 25 տարի «կերել են», արդեն իսկ միլիոնավոր դոլարներ ունեն, նրանք, ասենք, հաջորդ տարվա հունվարի մեկից կարող են եւ չգողանալ եւ վայելել արդեն իսկ թալանածը: Զրուցակիցս դրան հակադարձեց՝ այն մարդը, որը 25 տարի թալանել է, չի կարողանա հունվարի 1-ից կանգ առնել: Նա կշարունակի տենչալ նոր հարստություններ, նոր հաճույքներ եւ վայելքներ: Նույնիսկ եթե նա ինչ-որ հրաշքով որոշի, այնուամենայնիվ, չգողանալ, ապա միեւնույն է, նորանոր միլիոններ են պետք լինելու՝ սեփական զբոսանավը, 200 հազարանոց ավտոմեքենան եւ 4 հարկանի պալատը սպասարկելու համար:

Այնպես որ, ըստ իմ զրուցակցի, օրենքի հետադարձ ուժ պետք էլ չի՝ կոռումպացված պաշտոնյան չի փոխի իր վարքագիծը, եւ ցանկության դեպքում նրան հնարավոր է կանգնեցնել դատարանի առջեւ:

Այստեղ, կարծես թե, վիճելու տեղ չկա: Մեկ այլ թեզ Հայաստանի դեպքում ինձ վիճելի է թվում: Զրուցակիցս վստահ է՝ եթե այս կամ այն չինովնիկի շուրջ կոռուպցիոն սկանդալ է առաջանում, ապա, անկախ դրա ելքից, դա այնպիսի վնաս կհասցնի նրա վարկին, որ այդ անձնավորությունը այլեւս չի կարողանա աշխատել իր պաշտոնում, չի կարողանա ընտրվել պատգամավոր: Նախ՝ դա հնարավոր է այնպիսի երկրում, որտեղ հասարակական կարծիքը էական ազդեցություն ունի պատգամավոր կամ, ասենք, նախարար լինել-չլինելու վրա: Հայաստանն այդ երկրների թվում չէ: Բայց դա ամենասարսափելին չէ. շատ ավելի վատ բան կա՝ հասարակական կարծիքը կարող է ապօրինի հարստացածի կողմից լինել՝ «այո, գողանում է, այո, հարկեր չի մուծում, բայց ժողովրդի մասին է մտածում, ժողովրդի կողքին կանգնած է, բարերար է, հայրենասեր է, 5 եկեղեցի է կառուցել, հետեւաբար նաեւ՝ աստվածավախ է»: Այսինքն՝ կոռուպցիան կարող է եւ չխանգարել «համաժողովրդական հիացմունքին»: Այ, երբ գողացող չինովնիկը հասարակության մեջ ընկալվի նույն ձեւով, ինչպես ընկալվում է, ասենք, մանկապիղծը, ահա այդ ժամանակ է, որ պաշտոնյան տասն անգամ կմտածի՝ գողանալուց առաջ:

…Անմիջապես աչքիս առաջ եկավ վարչապետի մարզային հանդիպումների պատկերը, որն առաջին հայացքից վերը շարադրածի հետ կապ չունի: Կարեն Կարապետյանը խոսում է ներդրումների, նորարարությունների, կրեատիվ մոտեցումների մասին: Գյուղապետերը նստած են անհաղորդ դեմքերով, չեն կարողանում պատասխանել ամենատարրական հարցերի եւ մտածում են՝ «տենաս, ես կկարողանա՞մ նրանից մի քանի կոպեկ փող պոկեմ, որ ես էլ ավելի լավ ապրեմ, իմ գյուղի ժողովրդին էլ ավելի լավ նայեմ»: Նրանք դեռեւս մնացել են կոլխոզի նախագահի կարգավիճակում, որը ռայկոմի քարտուղարից «ֆոնդեր» է պոկում:

Կոռուպցիայի, ինչպես եւ շատ այլ բացասական երեւույթների հիմքում, ինձ թվում է, «քյարթու» մտածելակերպն է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armine G says:

    Միանգամայն ճիշտ եք: Զարգացած բարեկեցիկ երկրներից ոչ մեկի հասարակությունը երբեք չի հանդուրժի կոռուպցիոն սկանդալ կամ նույնիսկ չնչին անարդարություն:
    Հայ հասարակությունը լինելով մեծահոգի ու հանդուրժող, ի վնաս հենց իրեն, համբերատար դիմանում է ապօրինի տականքների հարստահարմանը: Հենց որ Հայ Ժողովուրդը փոխի իր վերաբերմունքը ապօրինության հանդեպ, էլ չհանդուրժի որեւէ կոռումպացված չինովնիկի, այն ժամանակ Հայաստանը կդառնա զարգացած բարեկեցիկ երկիր:
    Հայաստանում կամ ցանկացած այլ երկրում վերնախավը կփոխվի միայն այն ժամանակ , երբ փոխվի հասարակությունը: ոչ մի կոռումպացված չինովնիկ չի դիմանա այն հասարակությանը որն ունի բարձր բարոյական արժեքներ ուստի եւ անհանդուրժողականություն այն անբարոյական վերնախավին, որը փորձում է գոյատեւել եւ գաղջանալ հասարակության հաշվին:
    Մինչեւ հասարակությունը չփոխվի, վերնախավը չի փոխվի:
    Հայաստանում վերնախավը չի կարող փոխվել ոչ ընտրական մեխանիզմներով, ոչ էլ հեղափոխությամբ քանի դեռ Հայ հասարակությունը – մեր ժողովուրդն ինքը չի մաքրվել բարդույթներից ու գաղջից: Հայ հասարակությունը պետք է ապրի բարոյական սկզբունքներով , չհանդուրժի ու պախարակի սուտը անազվնությունը թալանը դավաճանությունը:
    Միայն այդ դեպքում վերնախավը կարող է փոխվել, որպեսզի համապատասխանի հասարակությանը:

  2. Լավատես says:

    ՝ապօրինի հարստացմանը վերաբերող օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ՝

    Եթե այդ ապօրինի հարստացման ժամանակներում քաղաքացիները եւ իշխանությունը հանդուրժել են հանցագործների կողմից ապօրինի հարստացման օրենքի խախտում, բնական է, որ այդ ժամանակվա քաղաքացիներն ու իշխանությունը նույնպես մեղսակից են, նրանց էլ է պետք դատել հանցագործ անձի հետ միասին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031