Այսպես է բնութագրում նկարիչ Հայկ Սայադյանը իր քաշած ամեն մի գիծ
Մանկության տարիներին նկարչական ալբոմների անկյուններին է նկարել ու արագ թերթելով՝ նկարները «շարժել», նկարիչ, անիմատոր, այլընտրանքային ֆիլմերի հեղինակ Հայկ Սայադյանը: Այն ժամանակ նրա մտքով անգամ չի անցել, որ տարիներ հետո իր նկարները ստատիկ չեն մնա թղթի վրա, այլ կամբողջանան, երբ այդ նկարնեը ստանան ձայն ու շարժում:
Ծնունդով վայոցձորցի նկարիչը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ունի իր համար երկու էներգետիկ կենտրոն՝ մեկը Վայք քաղաքի տակ կործանված Մոզ քաղաքը, որը նաեւ նրա ծննդավայրն է եւ մյուսը՝ Նորավանքը. «Մարդ կա՝ անտառներ է սիրում, ես բարձրանում եմ այդ չոր ու ցամաք սարերը ու սիրուց է, թե կարոտից՝ շունչս կտրվում է»:
2015 թվականին միջնադարյան հայտնի ճարտարապետ, ծաղկող Մոմիկի 755-ամյակն էր, որին գեղարվեստական մոտիվներով անդրադարձել է Հայկ Սայադյանը. «Շատ էի ուզում ավարտին հասցնել, բայց միայնակ չէի կարող: Հակառակ բազմաթիվ հոբելյանական խոստումների՝ չեղավ աջակցություն ոչ պետական, ոչ էլ անհատ ներդրողների կողմից: Գիտեմ, որ 755-ամյակի շրջանակներում էլ ոչ մի փոքրիկ միջոցառում անգամ չկազմակերպվեց»: Այնուամենայնիվ, արվեստագետը դադար չի տվել եւ նախատեսել է 2017 թվականին ավարտին հասցնել ֆիլմը: Բացի «Մոմիկ»-ը, Հայկ Սայադյանը նկարել է նաեւ Կոմիտասի մասին ֆիլմ, առեղծվածային տիկնիկագործ Նազարեի եւ իր երազի «Պապիկիս երազը», որը եւ այս աշնանը «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման փառատոնի շրջանակներում լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ ճանաչվեց:
Կարդացեք նաև
Բացի այս փառատոնը, Հայկ Սայադյանը այլ մրցույթների եւ փառատոների եւս մասնակցել է, ունի մրցանակներ, որոնց մասին չցանկացավ խոսել: Ստեղծագործող Հայկ Սայադյանը ձգտում է հետագայում անդրադառնալ նաեւ Նարեկացուն, բայց ինչպես նա է ասում՝ դեռ պետք է հասնել դրան:
Արվեստագետն ակտիվ համագործակցում է նաեւ օտարերկրացի ֆիլմարտադրողների հետ:
«Որպես կանոն, ֆիլմերը ծնունդ են առնում գրական կամ պատմական աղբյուրներից, իսկ մենք ունենք թե՛ պատմական, թե՛ գրական ժառանգության ֆանտաստիկ օրինակներ, որոնց վրա հիմնվելով՝ կարելի է մեր սեփականը համաշխարհային արժեք դարձնել: Օրինակ, Անիի ու Կիլիկիայի հայոց դինաստիաների պատմությունը կարելի է վերածել հզոր մի նախագծի, որը կարող է մատուցվել նաեւ եթերաշրջաններով, ինչը վերջերս շատ մեծ տարածում է գտել մեդիաբնագավառում»,-նշեց Հայկ Սայադյանը:
Նկարիչը խոսելով նաեւ օտարամոլության մասին՝ ասաց, որ այն կա ցանկացած ազգի մեջ, այլ բան է, երբ կոնկրետ մեխանիզմներ աշխատում են մեզ մատուցվել օտար արժեքներով: «Հիմա, օրինակ, Հայաստանում, որ նայում ես, ընդհանուր հնդկական արժեքներ են գալիս՝ ֆիլմերից սկսած, փառատոներով, հնդկական ապրանքներով վերջացրած: Պատմության բոլոր խորքերից էլ եթե նայենք, բոլոր ազգերը իրար տվել, առել են: Նույն Մոմիկի պարագայում էլ, ես փաստում եմ Մոմիկի ժամանակաշրջանը, մոնղոլ-թաթարական արշավանքների շրջանը, մշակույթը:
Այն ամուր հողը, որ կա ոտքիս տակ՝ մեր միջնադարն է»:
Ամեն մի ստեղծագործողի անհրաժեշտ է մի տարածք, որտեղ նրան խանգարող չկա ու ինքն իր հետ է, բայց նոր բան սկսելու համար, նկարչի խոսքերով, տարածքի փոփոխությունը կապ չունի. «Ցանկացած անցորդ, ցանկացած ձայն, հոտ ինձ համար կարող է ինչ-որ նոր բանի ծնունդ լինել: Ես էն շատախոս երեխան եմ, որ գալիս է տուն՝ պատմում, պատմում, պատմում է ու մտածում է, թե իր պատմածը տեղ չի հասնում ու փորձում է իր պատմածը համեմել երաժշտությամբ, կադրերով»:
Հայկ Սայադյանը իր առավելությունը մյուս մարդկանց համեմատ այն է համարում, որ նա կարողանում է իր հեքիաթը դարձնել իրական, տեսանելի եւ ցուցադրել այն. «Որոնց մեջ ոչ միայն հեքիաթներն են մտնում, այլեւ կարոտս, հիշողություններս, սպասումներս ապագայից: Ես չեմ ասում, որ շատ ավելին եմ զգում, քան իմ կողքինը, նա կարող է ավելին զգալ: Ուղղակի ես ոչ միայն նկարում եմ իմ զգացողությունները, այլեւ նրանց շարժում եւ ձայն եմ ավելացնում»:
Հայկ Սայադյանից հետաքրքրվեցինք, թե որպես ստեղծագործող, ինչպե՞ս է վերաբերվում գովեստին եւ քննադատությանը: Հեղինակը նշեց, որ բացասական կարծիքները, քննադատությունները եւս ուժ են տվել նորովի ստեղծագործելու համար. «Պետք է գտնել հավասարակշռության մի կետ, որի վրա հիմնավոր հենվել, որտեղ ոչ շատ լավ գովեստի խոսքերն են գցում այդ կետից, ոչ էլ բացասական քննադատությունները, դու պետք է պատրաստ լինես այդ բոլորը ընկալել»:
Նկարչի խոսքերով՝ գնահատելի են այն արվեստագետները, որոնք ձեռքները պահում են երիտասարդների զարկերակի վրա՝ հասկանալու համար՝ ինչ որ անում են, արդյոք ինչքանով է նրանց համար մատչելի, այլ ոչ թե՝ միայն կհուզի. «Եթե դու գիտես արածդ լավ բան է, կարեւոր է, որ մարդիկ իմանան, մնում է արդեն մատուցման լեզվի հարցը, բայց եթե խոսեմ իմ լեզվով՝ կլինի արվեստը՝ արվեստի լեզվով, ես ինձ համար, չեք հասկանում, ոչինչ, գնացեք՝ վաղը կգաք կհասկանաք, որը սխալ է, անիմաստ բան, որտեղ ոչ քո ասելիքն է հասնում, ոչ քո արածը գնահատվում:
Վարպետների վարպետությունն էլ հենց նրանում է, որ կանգնում ես նրանց կտավի դիմաց ու երաժշտություն ես լսում, երաժշտի վարպետությունն էլ նրանում է, որ լսում ես նրա նվագը ու պատկեր ես տեսնում, կուզեի ես էլ այդպիսի վարպետ լինեի»:
Ստեղծագործողների վարպետություններից մեկն էլ, ըստ Հայկ Սայադյանի, կայանում է նրանում, երբ դու ստեղծում ես մի բան եւ որի մասին 10 հոգի նայում են եւ նույն բանն են ասում. «Ես չգիտեմ կհասնե՞մ, թե՝ ոչ, բայց կարեւորը, որ ես գիտակցում եմ, որ ուզում եմ հասնել դրան: Կարող է հասնեմ այդ կետին ու դադարեմ նկարել ու ստեղծագործել»:
Նկարիչը իր նկարները, ամեն մի գիծ դեպի ապագա ուղարկվող նետեր է համարում: Ըստ նրա, նկարներից առավել կարեւոր նետեր են իր երկու բալիկները՝ Անգելինան եւ Լյուսին, որոնք եւս նկարում եւ ոգեշնչում են իրենց հայրիկին. «2017 թվականին ցանկանում եմ փոքրիկ ֆիլմ նկարել միայն երեխաներիս նկարածներով, որտեղ կլինի միայն նրանց մանկական երազանքները, անկեղծությունը եւ պարզությունը»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
21.12.2016