Նախընտրական շրջայցի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին այցելեց Գոշավանք եւ այնտեղ մոմ վառեց: Նրան ներկայացվեց 12-13-րդ դարերի նշանավոր կառույցի նորոգման խնդիրը: 2013թ. հոկտեմբերի 24-ին սկսվեց Գոշավանք համալիրի մաս կազմող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու նորոգումը:
Պետական բյուջեից նորոգման ֆինանսավորումը մաս-մաս է կատարվում, ինչը չի նպաստում վերանորոգման գործի արդյունավետությանը: Գոշ համայնքի նախկին ղեկավար, Գոշում Դիլիջան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Ամիրխանյանն ասաց, որ տարվա գարնանը վերսկսվել են վանական համալիրի նորոգման աշխատանքները,որոնք տեւել են մինչեւ ուշ աշուն: Նրա վկայությամբ՝ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու գմբեթից զատ, փոխվել են այդ եկեղեցու գմբեթից ներքեւ գտնվող 2 ծածկերը:
Վերականգնողական աշխատանքները դանդաղ են կատարվում ոչ միայն այն պատճառով,որ դա նուրբ, ժամանակատար գործ է, այլեւ պետական բյուջեից մաս-մաս ֆինանսավորման հետեւանքով: Դժվար է ասել,որ վերանորոգման աշխատանքների նման ֆինանսավորման դեպքում, վանական համալիրի նորոգումը քանի տարի կտեւի:
Գ. Ամիրխանյանը հայտնեց.որ Մխիթար Գոշի մատուռը վերականգնված է, տարածքը բարեկարգված,տարածքը սալիկապատված, ցանկապատված, արեւային էներգիայով սնուցվող լուսավորության համակարգ է գործարկվել, սակայն մատուռի շրջակայքում դեռեւս որոշ աշխատանքներ կան կատարելու:
Կարդացեք նաև
Նշենք նաեւ,որ 2013թ. «Գոշավանք» պատմարգելանոցային թանգարանի շուրջ 300 ցուցանմուշները հանվեցին թանգարանի փայտաշեն շենքից եւ տեղափոխվեցին Դիլիջան քաղաք: Դրանք գցված են մասնավոր մի կառույցի նկուղում, իսկ Գոշում թանգարանի նոր շենքի խոստացված շինարարությունն այդպես էլ չի սկսվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ