Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի ոստիկանապետի հորեղբոր որդին ու արեւելագետը՝ տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ

Դեկտեմբեր 21,2016 21:50

Շիրակի մարզում տեղակայված 4 տարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն իսկ նոր նախագահներ ունեն։ Այսպես՝ Գյումրին ընդգրկող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել մասնագիտությամբ արեւելագետ, նախկին դաշնակցական Արտակ Ավետիսյանը։

Նշենք, որ վերջինս ՀՀԿ-ական պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի ընկերն է։ Արտակ Ավետիսյանն այդ պաշտոնում փոխարինելու է սոցիալական ծառայության «Գյումրի 2» տարածքային բաժնի պետ, ՀՀԿ-ական Էդուարդ Բաղրամյանին։

Գյումրու մի հատվածն ու Ախուրյանի գյուղերը ընդգրկող թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ-ական Մարզպետունի Մարգարյանը։ Ի դեպ, այս հանձնաժողովը նախկինում գլխավորում էր Սամվել Բալասանյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը։ Ու Սամվել Բալասանյանը հենց այս ընտրատարածքից էր մշտապես ընտրվում ԱԺ պատգամավոր։ Նախկինում այն համարակալված էր որպես թիվ 35 ընտրատարածք։

Թիվ 30 ու 33 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների պաշտոնները զբաղեցնելու են «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները։ Արթիկն ու Մարալիկն ընդգրկող թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գոռ Պետրոսյանը։ Մեզ հասած տեղեկություններով, վերջինս Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի հորեղբոր որդին է, ակտիվ ՕԵԿ-ական, բնակվում է Մեղրաշենում։ Ըստ Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքի, նա Մեղրաշեն գյուղի ավագանու անդամ է։

Ի դեպ, նշենք, որ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը Արթիկի ոստիկանապետի եղբայրն է, «Հայկական վերածնունդ» կուսակցության տեղի պատասխանատուն։ Նա Շիրակի մարզի ամենաակտիվ ու կազմակերպված գյուղապետերից է, նախորդ ԱԺ ընտրություններում այդ տարածաշրջանում ՕԵԿ-ի մեծամասնական թեկնածուն էր։

Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը մնացել է նույնը՝ ՕԵԿ-ական Գրիգոր Հովհաննիսյանը, որը ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մտերիմն է։ Այս տարածքային ընտրական հանձնաժողովն այսուհետ ընդգրկելու է Աշոցքը, Ամասիան ու Ախուրյանի 17 համայնքներ։

Նկատենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հանձնաժողովների անդամների անունները տեղադրված են, սակայն դեռ չկան նոր ընտրված նախագահների ու տեղակալների անուն-ազգանունները։ Նախագահների, տեղակալների ընտրությունը կատարվել է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՌՌՌ says:

    Արևելագետը հատուկ է նշանակվել այդ պաշտոնին,որ սպասվող ԱԺ ընտրությունների ժամանակ կեղծիքներ կատարի Արման Սահակյանի համար,որի ընտրվելը անհավանական է Շիրակում:Արևելագետի վրա քրեական գործ կար հարուցված Վիվա-Սելին թալանելու համար:Երևի հայտնի «գազի բալոնը» հարցերը լուծել է:

  2. artak says:

    Արա եդ գործով նախկին մարզպետ-քավոր ռոմիկն էլ կար : Բա ով ջրեց եդ գործը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031