«Առնվազն 35 տոկոս էժան գնով պարարտանյութը գյուղացիներին հանձնելու հնարավորություններ կան: Այսինքն, գները արհեստականորեն ուռճացվում են: Իսկ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում մեր շուկան ի վիճակի էր դա ավելի էժան գներով առաջարկել գյուղացուն, եթե մոնոպոլ իրավիճակը չչարաշահվեր և պետությունը իր գործիքներով չսահմանափակեր մրցակցությունը շուկայում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Կարինե Հարությունյանն`անդրադառնալով «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» (ՊԱԳՀ) բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքներին: Ուսումնասիրությունն իրականացրել են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնն (ՏԶՀԿ) ու «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակը: Ըստ այդ հետազոտության, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գյուղացիական տնտեսությունները բազում դժգոհություններ էին բարձրացրել`սկսած պարարտանյութերի որակից, գնից եւ ծրագրի կատարման ժամկետներից:
Տեղեկացնենք, որ ծրագրի շրջանակում պետությունը գյուղացիներին տրամադրում է ազոտական, ֆոսֆորական և կալիմական պարարտանյութեր, որոնց գները 1 պարկի համար կազմում է 6-7 հազար: Համեմատության համար Կարինե Հարությունյանը նկատում է, որ այս պարարտանյութերը Վրաստանում սուբսիդավորվող գնից երկու անգամ էժան են, իսկ Հայաստանը սելիտրան ներմուծում է հենց Վրաստանից.
«Կա ՏՄՊՊՀ վերլուծություն, որը վկայում է, որ նույն պարարտանյութը մեկ այլ կազմակերպության կողմից ՀՀ է ներմուծվել 36 տոկոս ավելի էժան գնով: Այսինքն` գյուղացին էլ կարող է այն առնվազն 36 տոկոսով էժան գնել: Բացի այդ, կան դիտարկումներ, որ այդ պարարտանյութը կարելի է փոխարինել ավելի էժան պարարտանյութերով, ներմուծել ոչ թե Վրաստանից, այլ, օրինակ, Իսրայելից և այլն: Մեծ փոխարինման հնարավորություններ կան, որոնցից կառավարությունը պարզապես չի օգտվում, որովհետև մատակարար կազմակերպությունը մրցույթի արդյունքում չի ընտրվում, այլ կառավարության որոշմամբ է դա իրականացնում և, փաստորեն, այդ մի կազմակերպության պարարտանյութը ծածկում է ամբողջ շուկան»: Կարինե Հարությունյանը, հղում անելով գիտնականները և ոլորտի մասնագետներին, կարծիք հայտնեց, որ ներքին արտադրությանը զարգացնելը կարեւոր է:
Կարդացեք նաև
«Օքսֆամ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն էլ անդրադարձավ մասնավորաբար գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեությունը: ԳԱՄԿ-երի գործունեությանը գյուղացիներից շատ քչերն են տեղյակ, շատերն էլ պարզապես հետաքրքրված չեն այդ գրասենյակներով իրազեկեին գյուղացիներին նաեւ այս ծրագրերի մասին: «Ցանկալի կլինի, որպեսզի ավելի կոմպլեքս ծառայություն մատուցվի»,- ասաց Մարգարիտա Հակոբյանը`հավելելով`քանի որ ԳԱՄԿ-երը գնում են ինքնաֆինանսավորման անհրաժեշտ է, որ այն ունենան իրենց տեսլականը:
Տիկին Հակոբյանը կարեւոր է համարում նաեւ, որ տեղեկատվական այս դարում ավելի լավ է ամբողջ խորհրդատվությունը ներկայացվի առցանց, քան թղթերի վրա, որը սովետական ժամանակաշրջան է հիշեցնում: Մանավանդ, որ այդպես ավելի արագ, մատչելի եւ քիչ ծախսատար կլինի: Տիկին Հակոբյանի համար էլ տարակուսելի է`եթե հնարավոր է Հայաստանում պարարտանյութերի արտադրություն կազմակերպել, ինչո՞ւ ներկրել. «Եթե տեղական արտադրություն լինի, ապա կապահովվի նաև որակը: Մենք առաջարկություն ենք հնչեցրել նաեւ գնումների մասով: Այդ գործընթացը պետք է լինի ավելի թափանցիկ և բոլորին հնարավորություն տրվի մասնակցել մրցույթին»:
«Պարարտանյութերի հարցը իսկապես օրակարգային է: Այո, կան թերացումներ ՊԱԳՀ ծրագրի մեջ, բայց նախարարությունը ունի համապատասխան հանձնարարություն` վերանայել ծրագրի շարունակման և սուբսիդավորման մեխանիզմները, որպեսզի հետագայում նախկինում տեղ գտած թերացումները չկրկնվեն»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Մրցակցության բացակայության եւ Հայաստանում պարարտանյութերի արտադրություն մասով էլ փոխնախարարն ասաց. «2016 թվականի համար հայտարարվել է բաց մրցույթ, ներկայացվել են հայտեր, այդ թվում և մեկ ռուսական կազմակերպության կողմից: Մասիս Բեյրությանը պարտվել է 20 ցենտով: Այսինքն, մրցակցությունը 2016 թվականին եղել է, միանշանակ չի կարելի նշել, թե մրցակցություն չկա: Իսկ 2017թ-ի հետ կապված ունենք հանձնարարություն՝ փորձել գտնել ավելի ճկուն մեխանիզմներ, որպեսզի այդ մտահոգությունները չկրկնվեն»: Որպես գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ, փոխնախարարն ասաց, որ ցանկալի է, որ մենք ունենանք տեղական արտադրության բարձրորակ, ինքնարժեքով մատչելի արտադրանք, որպեսզի մեր գյուղմթերքը լինի իրացվելի, մրցունակ ու ինքնարժեքով ցածր, բայց պարարտանյութերի արտադրության կազմակերպման հարցն այլ գերատեսչության ենթակայության տակ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ