Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ տիկին Մոսկալկովայի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը, որին է միտված նաև ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջև այսօր ստորագրված հուշագիրը:
Ընդգծելով, որ ռազմավարական գործընկեր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են՝ ընդգրկելով փոխշահավետ համագործակցության տարբեր ոլորտներ, Նախագահ Սարգսյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ փոխգործակցությունը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը հայ-ռուսական օրակարգի կարևոր բաղադրիչն են:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ