Լրահոս
Օրվա լրահոսը

Նորացված «Պատերազմ, թե՞ խաղաղություն»-ը

Դեկտեմբեր 21,2016 20:15

ՀՀ առաջին նախագահի ելույթը ՀԱԿ-ի երկրորդ համագումարին շարունակում է հրապարակային քննարկումների, ավելի շատ գրառումների տեսքով ողողել համացանցը: Բնականաբար այդպես էլ պիտի լիներ:

Միանգամից հստակեցնենք, որ պետք չէ Տեր-Պետրոսյանի մոտեցումով հայացքները ընդհանրացնել, բացարձակացնել եւ մտածողությունների անհեթեթությունը ընդգծելու համար սեփական մտքից բացի այլ տեսակետի սով նկատել ու անվերջ շեշտել միակ դեղատոմս հրամցնողի ինքնաառանձնաշնորհումը:

Այլ խոսքով, «ոչմիթիզհողականներ», «բանկօտոմականներ» (17 դեկտեմբեր 2017) կամ «ազգը ֆիդայացնողներ», «Ստամբուլը արյան ծով դարձնողներ» (1 նոյեմբեր 1997) տերպետրոսյանական որակումների դիմաց պետք չէ առաջարկ անողը, ուղերձ փոխանցողը կամ քայլ առնողը, այս դեպքում պիտակավորել իբրեւ դավաճան, իբրեւ հայրենի տարածքների վաճառական, իբրեւ ծախված, իբրեւ ապազգային մարդ: Տեր-Պետրոսյանի գործած սխալը պետք չէ վերադարձնել:

Բանավեճը լուրջ է եւ լրջանալու պահը զգացողը նման ծայրահեղականացումներով, բացարձակացումներով եւ էժանագին որակումներ օգտագործելով ոչ միայն ինքնահակասական դրության մեջ կհայտնվի, այլ նաեւ չի նպաստի առողջ բանավեճի կայացմանը:

Բայց թվում է, որ այս ոճից ձերբազատվելու ճիգը արդյունավորված չէ Տեր-Պետրոսյանի մոտ: 1997-ից մինչեւ 2016 թ., թվաբանությունը գումարում է 19 տարի, որը բավարար չի եղել առաջին նախագահի համար սրբագրելու այս կարեւոր բացթողումը: Ազգը ֆիդայացնողը դարձել է ոչմիթիզհողական, իսկ Ստամբուլը` Բանկ Օտոման:

Այս բաժինը շեշտելը կարեւոր է այն առումով, որ առաջին նախագահի մոտ որքան էլ գիտականության, սառնասիրտ պետական մարդու զուտ պետական շահեր հետապնդելու ցուցադրականությունը շեշտվում է, նույնքան տուրք է տրվում ժողովրդահաճությանը, պոպուլիզմին: Բայց անցնենք առաջ:

Առաջին նախագահի խոսքը, թվում է, որ հիմնականում հետեւյալ նպատակն է հետապնդում:

Այն, ինչ որ այսօր բանակցային օրակարգի վրա է արցախյան հակամարտության առումով, ինքն առաջադրել է 19 տարի առաջ: Ժամանակին, եթե «պատերազմի համակարգը»  ընկալած լիներ, ավելի ամուր դիրքերից կընթանար լուծմանը. մինչ, այսօր ավելի թույլ հայկական կողմն է, որին հրամցվում է հարցի լուծման փուլային տարբերակը: Այս պարզունակ բացատրությունը ունի իր մարդկային-հոգեբանական հիմնավորումները: Բնականաբար, մարդ ինքնագոհունակությունը զգում եւ ցանկանում է ցույց տալ, որ իր ասածները այսօր իբրեւ առաջարկ քննարկման լայն ենթահող են գրավել, եւ ավելի՛ն, մեկնաբանվում են միջնորդ պետությունների կողմից երկու կողմերին իբրեւ փոխզիջումնային լուծման տարբերակ: Այս ինքնագոհունակությունը անմիջական շրջապատի հետ կիսելը կարող է նկատվել շատ բնական եւ գուցե չափազանցված, երբ օգտագործվում է իբրեւ նախաբան այս դեպքում պատկանած կուսակցության բարձրագույն համագումարին եւ դրանից նաեւ իբրեւ ուղերձ` բոլորին:

Ավելի մանրամասն համեմատությունը 01.11.97-ի եւ 17.12.16-ի պիտի նկատի ընդհանրություններ, այլ տեղեր փակագծերի բացումներ, եւ բերված օրինակների նմանություններ: Այս վերջինի դեպքում իսրայելյան օրինակի գերակայությունը եւ նրա ազդեցությունը ակներեւ է: Տեր-Պետրոսյանը ցանկանում է վերածվել Պերես-Ռաբինի եւ խաղաղասերի կերպարով հանձնվել պատմությանը: Այստեղից նաեւ իր անտեղի հակադրությունները իբրեւ թե ռազմատենչների եւ պատերազմի կուսակցականների դեմ:

Անձնական ինքնագնահատականների այս բաժինը բավական շեշտված է երկու փաստաթղթերի մեջ էլ. բնականաբար կան նաեւ քաղաքական ուղերձներ այդ բոլորի ճանապարհով: Գուցե իրավամբ, ելույթը շատ մեկնաբանվեց իբրեւ ուղերձ Մոսկվային. ռուսական գերմիջնորդությամբ վերստին արծարծման նյութի վերածված կազանյան փաստաթուղթը, որը մոտավորապես մադրիդյան նորացված սկզբունքների մասին է, առիթ է վերստին հիշեցնելու Տեր-Պետրոսյանի փուլային լուծման տարբերակի համաձայնությունը եւ դրանով իսկ Մոսկվային փոխանցելու իր համաձայնությունը լավրովյան ծրագրին: Ավելի բացատրողական կլինի այս ուղերձի հավանականությունը, երբ Տեր-Պետրոսյան ճշտում է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին խաղաղություն, հաշտություն եւ բարի դրացիություն կարգախոսով մասնակցելու ընտրարշավի նյութը: Այսինքն` ՀԱԿ-ը պետք է խորհրդարանում ունենա իր կշիռը` իրականացնելու համար հաշտությունն ու խաղաղությունը, որից հետո նաեւ հարցերը կլուծի Անկարայի հետ:

Քաղաքական այլ ուղերձներ եւս կարող է նկատվել, բայց հիմնական դիտարկումը կենտրոնանում է հետեւյալ կետի վրա:

«Պատերազմ թե՞ խաղաղություն» հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցնում էր` կարելի՞ է արդյոք հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս քվոն եւ Ղարաբաղի խնդրի չլուծված վիճակը: Եւ հետո պատասխանում էր. «Ստատուս քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները»:

Իսկ 17 դեկտեմբերի ելույթում հաստատում էր. «Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է` որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը` երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»:

Եթե ընդունենք Տեր-Պետրոսյանի համոզմունքը, որ միջազգային հանրությունը թույլ չի տա երկար ժամանակով պահպանել ստատուս քվոն, ապա բնականաբար հարց պիտի տանք, թե ինչու՞ է հանդուրժվում ստատուս քվոյի երկար պահպանումը:

Պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր ելույթի մեջբերված բաժնում է. միջազգային խաղաղապահ ուժերի բաղադրության շուրջ միջազգային համաձայնություն գոյանալու դեպքում է միայն, որ կարագանա խաղաղապահ ուժերի տեղակայումը կամ ընդհանրապես խնդրի լուծման կարեւորագույն փուլերի առաջ շարժելու գործընթացը:

Ուրեմն, մինչ այդ իբրեւ բանակցող կողմ, այն էլ հաղթած կողմ պաշտոնապես հայտարարելը, թե պատրաստ է փոխզիջումների կամ տարածքներ միջանկյալ կարգավիճակի դիմաց լուծման տարբերակին համաձայն լինելու, քաղաքականորեն, մեղմ ասած, ճիշտ չի նկատվում:

Հայկական դիվանագիտությունը այս հանգրվանին շարժվում է միջազգային ընտանիքի արծարծած պահանջների հետ իր մոտեցումները համատեղելու ընդհանուր մարտավարական մոտեցումներով: Այն է`բացառել ուժային միջոցները, շփման գծի վրա տեղադրել վերահսկողության մեխանիզմներ, պահպանել 94-ի հրադադարը, շարունակել բանակցությունները ԵԱՀԿ-ի շրջանակներում, ընդարձակել ԵԱՀԿ-ի անձնական ներկայացուցչի լիազորությունները:

Իսկ ավելի հեռահար կտրվածքով, եւ այս առիթով արտգործնախարարի տեղակալի բնորոշումով, եթե փուլային տարբերակի մասին է խոսքը, ապա ուրեմն հայկական կողմի մոտեցումն է

Ա.- Ճանաչել Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակը:

Բ.- Վերադարձնել Ադրբեջանի կողմից գրավված տարածքները Արցախի Հանրապետությանը:

Գ.- Սկսել գործընթաց Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանազատման:

Ահա հարցի լուծման դեղատոմսերը: Հաղթող կողմը կարգավիճակը հստակացնելուց եւ արցախյան գրավված տարածքներին վերատիրանալուց հետո է, որ ձեռնարկում է բանակցություններ Արցախ-Ադրբեջան սահմանազատման շուրջ:

Իսկ այս մոտեցումը պատերազմ թե՞ խաղաղություն մտածողությամբ ստեղծված երկվության հետ կապ չունի: Քաղաքականությունում խիստ կարեւոր է ժամանակի ընտրության օգտագործումը: Բանակցային նյութերի  արծարծումներն ունեն իրենց պահերը, հասունացող` աշխարհաքաղաքական իրադրությունների հետ: 19 տարի առաջ եւ անընդհատ նույն արծարծումները կատարելը քաղաքական այս տրամաբանությունում կարող է չդիտարկվել։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031