Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին այսօր Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը:
Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից և միտված է նպաստելու հայ-իրանական առևտրատնտեսական կապերի խորացմանը:
Կարդացեք նաև
Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:
Ավարտելով պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն՝ ԻԻՀ Նախագահը գործարար համաժողովից հետո մեկնել է Երևանից:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-Իրան
գործարար համաժողովում
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգարժա՛ն գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ արդեն ավանդական դարձած հայ-իրանական գործարար համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին:
Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել հոկտեմբեր ամսին Իրանում կայացած «Հայաստան Էքսպո-2016» ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ՝ համախմբելով մեր երկրների պետական ու գործարար հատվածի ներկայացուցիչներին և նրանց հնարավորություն ընձեռելով քննարկելու առկա հիմնախնդիրները, մշակելու մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործուն մեխանիզմներ և ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ:
Այսօր մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ամբողջովին օգտագործված չէ, իսկ ավելի ստույգ և անկեղծ լինելու համար ասեմ, որ այդ ներուժի ընդամենը մի չնչին մասն է օգտագործվում:
Անհրաժեշտ է մեր առևտրատնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչելու խոշոր տնտեսական ծրագրեր, որոնց հաջողված փորձն ունենք, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում։
Այսօր ես պարոն Նախագահին խնդրեցի խրախուսել տարբեր ոլորտների խոշոր գործարարներին՝ գալու Հայաստան և այստեղ գործ դնելու, ինքս էլ խոստանալով, որ կխրախուսեմ հայ գործարարներին՝ նույնն անել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այստեղ ես անձնական հսկողության տակ կվերցնեմ այն բոլոր գործերը, որ իրանցի խոշոր գործարարները կդնեն Հայաստանում:
Մենք ցանկանում ենք նաև, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկրների տնտեսությունների համար: Իհարկե, իրանցի շատ գործարարներ վաղուց արդեն հաջողությամբ գործունեություն են ծավալում Հայաստանում, սակայն հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարար շրջանակների կողմից Հայաստանի՝ դեռևս չօգտագործված ներդրումային հնարավորությունների բացահայտմանը:
Հարգելի՛ գործարարներ,
Այսօր Հայաստանում ստեղծված են բոլոր նախադրյալները՝ ներդրումներ կատարելու և հաջողությամբ գործարարությամբ զբաղվելու համար: Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ թեև Հայաստանը փոքր և բաց տնտեսությամբ երկիր է և հենց դրա համար էլ շատ զգայուն է արտաքին միջավայրից եկող բացասական ազդակների նկատմամբ, այդուհանդերձ, իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ մեզ հաջողվել է երկրում ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր: Անշու՛շտ, պակաս կարևոր չէ երկրի գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը: Վերջին տարիներին այս ոլորտում իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնք բարձր են գնահատվել մեր միջազգային գործընկերների կողմից: Սակայն մենք չենք պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով: Այսպես, օրենսդրական բարեփոխումների շնորհիվ նախատեսված է ամրագրել ազգային և առավել բարենպաստության ռեժիմները, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում այժմ գործող և ապագայում նախատեսված արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից։ Նպատակ ունենալով աջակցել գործարարներին, գործարար միջավայրի զարգացմանը՝ հետևողականորեն կրճատվում և պարզեցվում են մի շարք ընթացակարգեր։
Հայաստանում ներդրումներ կատարելու համեմատական առավելություններից մեկն էլ այն է, որ մեր երկիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: Մասնավորապես, իրանցի ձեռներեցները, գործունեություն ծավալելով Հայաստանում, կարող են օգտվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից: Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով, առանց վարչարարական խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկա: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ և Հայաստանն օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից», որի հապավումը կոչվում է GSP և ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից:
Հայաստանը, որպես Իրանին սահմանակից և բարեկամ երկիր, նաև դարպաս և լրացուցիչ տրանսպորտային միջանցք է դեպի ԵՄ և ԱՊՀ երկրներ: Այս առումով կարևորում եմ այսօր իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:
Նշեմ, որ Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բարեկամ Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ հասնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Կասկածից վեր է, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ են պարունակում, սակայն վերջինիս լիարժեք բացահայտման ճանապարհին կան խնդիրներ, որոնք մեզանից պահանջում են ամենօրյա սրտացավ վերաբերմունք և համատեղ լուծումներ:
Մասնավորապես, երկու երկրների տնտեսավարողների համար շարունակում են բավականին բարդ թվալ բիզնես գործունեության և ներդրումային կանոնակարգումները: Լուծման սպասող խնդիրներից կառանձնացնեի նաև Հայաստանից Իրան և Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցման, Սյունիքի մարզում՝ Իրանին սահմանամերձ գոտում ստեղծվող ազատ տնտեսական գոտու և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու միջև համագործակցության հարցերը։
Այնուհանդերձ, համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև տնտեսական սերտ համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի ոչ միայն զուտ առևտրային կապերի ամրապնդմանը, այլև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գիտելիքահենք տնտեսության զարգացմանը:
Ցանկանում եմ նշել նաև, որ Իրանի՝ վերջին տարիներին գրանցած հաջողությունները, օրինակ՝ նանոտեխնոլոգիաների ոլորտում, Հայաստանի հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապացուցում են, որ հնարավոր է լուրջ ձեռքբերումների հասնել բարձր տեխնոլոգիաների բնագավառում նույնիսկ արտաքին սահմանափակումների կամ սահմանափակ ռեսուրսների պարագայում։ Անկասկած, երկու հարևան և բարեկամ պետությունների գիտական և նորարարական ներուժի համախմբումը կնպաստի մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը և արդյունաբերության մրցունակության բարձրացմանը։
Ուստի, անհրաժեշտ եմ համարում նորագույն և բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների միջև մշտական աշխատանքային կապերի հաստատումը:
Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ որոշում է կայացվել և ստեղծվել են կոնկրետ ուղղություններով չորս ենթահանձնաժողովներ: Կարծում եմ, որ սա համագործակցության առումով աշխուժություն կմտցնի կոնկրետ ոլորտներում:
Իրանցի գործարարների համար հնարավոր համագործակցության ոլորտներ կարող են լինել նաև դեղագործությունը, բժշկությունը, ոսկերչությունը, տեքստիլ արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, տրանսպորտը և այսպես կարելի է թվարկել շատ-շատ ոլորտներ:
Մեծ ներուժ եմ տեսնում նաև մշակութային, առողջապահական, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման համար։ Այս առումով հատկապես կարևորում եմ մեր երկրների միջև մուտքի արտոնագրերի վերացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Այսօր պարոն Նախագահը հետաքրքրվում էր, թե այս տարի ինչպիսի՞ դինամիկա կա տուրիզմի աճի կամ նվազման առումով, և ես նրան ասացի, որ առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն են այցելել երկու հարյուր վաթսուն հազար իրանցի զբոսաշրջիկներ, այն դեպքում, երբ ամբողջ անցյալ տարի դրա գրեթե կեսն էր այցելել: Հույս ունեմ, որ մենք տարվա արդյունքներով արդեն հատելու ենք, տա Աստված, երեք հարյուր հազարի սահմանը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Լիահույս եմ, որ այս համաժողովն իրապես կնպաստի մեր երկրների հնարավորությունների բացահայտմանը և համագործակցության լավագույն ձևաչափերի նախանշմանը։
Սիրով հրավիրում ենք իրանական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում` հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրի պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում:
Շնորհակալ եմ նաև Ձեզ, մեծարգո՛ պարոն Նախագահ, մասնակցության և մեր երկրների միջև տնտեսական կապերը զարգացնելու հարցում ևս ցուցաբերած աջակցության համար:
Շնորհակալություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ