Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Տեր-Մինասյան. Նարեկ Սարգսյանի և Գագիկ Թամանյանի հանդիպումը կառուցողական էր

Դեկտեմբեր 21,2016 19:40

Օրեր առաջ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելով  օպտիմալացման շրջանակներում քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալող երկու թանգարանների միացման մասին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանն այն դրական քայլ էր համարել: Միաժամանակ այս համատեքստում նա անդրադարձել էր Նարեկ Սարգսյանի և Ալ. Թամանյանի լոնդոնաբնակ թոռան՝ Գագիկ Թամանյանի հանդիպմանը:

«Առավոտը» զրուցել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի հետ, որը հայտնել է. «Այո, դեռ հոկտեմբեր ամսին Ալ. Թամանյանի թոռը՝ պարոն Գագիկ Թամանյանը, որը Լոնդոնից եկել էր Երևան՝ Ալեքսանդր Թամանյանի արխիվը ցուցադրելու համար, առանձին թանգարան վերաբացելու վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով հանդիպում ունեցավ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ: Հանդիպումը միանգամայն կառուցողական էր: Նարեկ Սարգսյանը ներկայացրեց այն փաստարկները, որոնցով առաջնորդվել էր՝ ընդունելով երկու թանգարանների միավորման որոշումը: Նա նշեց, որ Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի նոր շենքում Թամանյանի ստեղծագործությանը կհատկացվի մի առանձին մաս՝ գրեթե մասնաշենք, այսինքն` այն կներկայանա առանձնացված և ամբողջական:

Թեև ներկայացված փաստարկները բավականին համոզիչ էին, Գագիկ Թամանյանն ուներ իր մտահղացումները և մտածումները, որոնցից գլխավորն այն էր, թե՝ մշակութային տարբեր գործիչներին, որոնք նույնիսկ չեն ապրել Երևանում, առանձին շենքեր հատկացնելու պարագայում ճիշտ կլիներ նաև Երևանի ժամանակակից ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանին նույնպես տրամադրել առանձին տուն-թանգարան: Նրա խոսքով՝ այդ դեպքում միայն Ալ. Թամանյանի ողջ արխիվը և բոլոր նյութերը ընտանիքի կողմից կնվիրաբերվի պետությանը:

Խոսակցությունն ավարտվեց հարցին կրկին անդրադառնալու փոխպայմանավորվածությամբ: Նարեկ Սարգսյանը խոստացավ Գագիկ Թամանյանին հարցը քննարկել իրավասու անձանց հետ և ընդունել ամենաօպտիմալ որոշումը, որը կբավարարի երկու կողմերին էլ»:

Սեփ.լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031