Լրահոս
Օրվա լրահոսը

Պարարտանյութերի պետական ծրագրից գյուղացիները գոհ չեն

Դեկտեմբեր 21,2016 19:15

Հայաստանում գյուղացիական տնտեսությունների մոտ 24 տոկոսը գտնում է, որ պարարտանյութերի որակը ցածր է, ավելի որակյալ պարարտանյութերի կարիք կա: Նոր տեսակների պարարտանյութերի անհրաժեշտության մասին են բարձրաձայնել գյուղացիական տնտեսությունների 2.7 տոկոսը: Լավ որակի թունաքիմիկատների՝ անհրաժեշտության մասին խոսել են 1.8 տոկոսը:

Այս տվյալներն ամրագրված են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Օքսֆամ հայաստանյան գրասենյակի կողմից  «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» (ՊԱԳՀ) բյուջետային ծրագրերի գնահատման զեկույցներում: Ծրագրի նպատակն է` բարձրացնել բյուջետային ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին` ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:

Սա թվով վեցերորդ եւ վերջին զեկույցն է: Ի դեպ, հարցումներին մասնակցած գյուղացիական տնտեսություններից 4 տոկոսը դժգոհություններ են արտահայտել նաեւ նշյալ բյուջետային ծրագրերի կատարման ժամկետների ուշացումից:

Հարցումների համաձայն, մեծամասնությունը գտնում է, որ պարարտանյութերի գները բարձր են: Հարցվածների 25 տոկոսը գտնում է, որ ցանկալի կլիներ, եթե գյուղացիները պարարտանյութերի դիմաց վճարեն բերքի իրացումից հետո և մասնաբաժիններով, քանի որ կոնկրետ ժամկետում վճարում կատարելու պատճառով դժվարություններ են ունենում, իսկ հետագայում ստիպված են լինում պարարտանյութերը ձեռք բերել վերավաճառողներից:

Ծրագրերի կատարման վերաբերյալ տեղեկացված անձանց գնահատականներով, թեև պարարտանյութերի բաշխման գործընթացը թափանցիկ է, բայց դրանց ձեռք բերման գործընթացի վերաբերյալ արդեն վերապահումներ կան: Նկարագրվում են անգամ կոնկրետ դեպքեր, երբ տարբեր ընկերություններ կամ գործարարներ ավելի էժան եւ որակյալ պարարտանյութեր են ցանկացել ներմուծել, սակայն մրցակցային անհավասար պայմանները խոչընդոտ են հանդիսացել։ Հատկանշական է, որ պետության կողմից մատակարար ընկերության ընտրությունն իրականացվում է առանց մրցույթի հայտարարության, ուստի վերոնշյալ անձինք ի սկզբանէ դուրս են դրվում գործընթացից: Ավելի էժան գներով մատակարարման հնարավորությունների կոնկրետ դեպքերի մասին մարդիկ տեղեկացրել են գյուղատնտեսության նախարարությանը, սակայն դա գործին ոչնչով չի օգնել:

Հարցումների համաձայն, փորձագետների կարծիքով հնարավոր է պարարտանյութերի արտադրությունը կազմակերպել նաեւ Հայաստանում, ինչը հնարավորություն կտա, որպեսզի պարարտանյութերը լինեն ավելի էժան, քան սուբսիդավորված գնով առաջարկվող պարարտանյութերն են։ Ի դեպ, խոսքը նաեւ օրգանական պարարտանյութերի մասին է, որոնք ավելի բարձր էֆեկտիվություն ունեն: Միակ մտավախությունն օրգանական պարարտանյութերի կիրառման հարցում այն է, որ ժամանակ կպահանջվի գյուղատնտեսությամբ զբաղվողների ընկալման փոփոխության համար: Թեև ՀՀ-ում արդեն իսկ կան ընկերություններ, որոնք սկսել են օրգանական պարարտանյութի արտադրություն իրականացնել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031