Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ը կօգտագործի իր դեսպանի սպանության միջադեպը՝ Թուրքիայից քաղաքական եւ ռազմական զիջումներ ստանալու նպատակով». Արմեն Պետրոսյան

Դեկտեմբեր 21,2016 18:01

«Սպանության միջադեպը, մասնավորապես՝ մարդասպանի արտասանած խոսքերը, թե՝ «սա վրեժ է Սիրիայի և Հալեպի համար»,  որոշակի կանխատեսումների եւ ենթադրությունների հիմք էին տալիս առ այն, որ մահափորձի հետքերը տանում են դեպի Սիրիա՝ դեպի հակակառավարական տարաբնույթ խմբավորումներ կամ առնվազն բխում են նրանց շահերից, քանի որ նաև նրանց դեմ ռուսական օդատիեզերական ուժերն արդեն 15 ամիս է՝ իրականացնում են ռազմական գործողություններ: Խոսքն առաջնահերթ «Ջեյշ ալ-Ֆաթհ» ընդդիմադիր դաշինքի  մասին է, որը միավորում է սիրիական հակակառավարական մի շարք բավական ազդեցիկ խմբավորումների, այդ թվում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Ահրար ալ-Շամ», «Ջայշ ալ-Իսլամ» և այլն»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով սիրիական «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորման կողմից Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը ստանձնելու մասին հայտարարությանը, ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ դա սիրիական ընդդիմադիրների պատասխանն ու զգուշացումն էր Ռուսաստանին՝ Հալեպը կորցնելու եւ առհասարակ՝ Սիրիայի տարածքում Ռուսաստանի դերակատարության հետ կապված. «Կարծես՝ այս մահափորձով ընդդիմադիրները պատերազմ են հայտարարում կամ պատասխանում են Ռուսաստանին՝ զգուշացնելով,  որ նման հարձակումները կլինեն պարբերական, եթե Մոսկվան շարունակի հարվածել սիրիական ընդդիմադիրների դիրքերին»:

Հետաքրքրվեցինք, թե նշվածի համատեքստում ի՞նչ ընթացք կունենան ռուս-թուրքական հարաբերությունները: Արմեն Պետրոսյանը նախ նկատեց՝ հաշվի առնելով միջադեպին հաջորդած ռուս-թուրքական բարձր մակարդակի շփումները եւ հայտարարությունները, կողմերը կատարվածը գնահատեցին՝ որպես հարված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Կարեւոր իրողություն կա, որի մասին չի բարձրաձայնվում: Առհասարակ, որեւե պետության դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացվող գործողությունները, ավելին՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի սպանությունը դեսպանընկալ երկրում, լուրջ խնդիրներ, անգամ հակամարտության պատճառ կարող են դառնալ այդ երկրների համար: Պատմության մեջ գրանցվել են անգամ պատերազմական գործողություններ՝ նման միջադեպերի հետեւանքով: Բայց այս դեպքում սպանությունն ահաբեկչության հետեւանք է, սակայն կարծում եմ՝ ստվերային քննարկումների եւ շփումների արդյունքում Ռուսաստանը կօգտագործի այդ միջադեպը եւ թուրքական հատուկ ծառայությունների ակնհայտ թերացումները՝ Թուրքիայից որոշ քաղաքական, գուցե՝ ռազմական զիջումներ ստանալու նպատակով: Թեպետ այս մասին չի բարձրաձայնվում, բայց Ռուսաստանն, անշուշտ, այդ «խաղաքարտը» կարող է օգտագործել: Իսկ ստվերային շփումները բավական ակտիվ են՝ հատկապես սիրիական հակամարտության շրջանակում երկու երկրների միջեւ առկա որոշակի պայմանավորվածությունների շրջանակում»,-եզրափակեց Արմեն Պետրոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031