Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավարտվել է «Analitik.am» կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի վերաբերյալ գործի նախաքննությունը

Դեկտեմբեր 21,2016 17:35

ԱԺ պատգամավորից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության և ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջիններից շորթել է խոշոր չափերի գումարներ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Analitik.am» կայքի տնօրենը պարբերաբար հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և նրա մերձավորներին  արատավորող, նրանց օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ: Դրանց վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, ով պատգամավորից ամսական 300.000 ՀՀ դրամ է պահանջել` հակառակ դեպքում սպառնալով շարունակել նմանատիպ հրապարակումները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 3-ին Երևան քաղաքի «Coffi story» սրճարանում հանդիպել են վերջիններիս ներկայացուցիչները՝ Վ.Գիշյանն ու Ս.Հարությունյանը, ինչի մասին Տ.Ուրիխանյանը նախապես տեղեկացրել էր իրավապահ մարմիններին: Հանդիպման ընթացքում պատգամավորի ներկայացուցիչ Ս.Հարությունյանը Անի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Վ.Գիշյանին է փոխանցել պահանջված գումարը, որից հետո իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառման արդյունքում Վ.Գիշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է Ա. Հովհաննիսյանի շորթած  300.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա.Հովհաննիսյանը, խոշոր չափերի` 1 մլն ՀՀ դրամի շորթում կատարելու դիտավորությամբ, 2016թ. փետրվարի 2-ից մինչև մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում, «Analitik.am» լրատվական կայքում պարբերաբար արատավորող տեղեկություններ է հրապարակել Հայաստանի տնտեսության համար «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի գործունեության, իբր, վնասակարության, Ադրբեջանի Հանրապետության կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ: Այնուհետև Անի Հովհաննիսյանը «Analitik.am» լրատվական կայքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պայմանագիր կնքելու, սակայն իրականում արատավորող տեղեկությունների հրապարակումը շարունակելու սպառնալիքով 1 մլն ՀՀ դրամ գումար տրամադրելու քողարկված պահանջով դիմել է բանկին:

Բանկի կողմից մերժում ստանալուց հետո՝ 2016թ. մարտի 17-ից սկսած, Ա. Հովհաննիսյանը շարունակել է «Analitik.am» լրատվական կայքում բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը:

Կատարած հանցավոր արարքների համար Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031