«Մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվում, որ ընտրությունների լուսաբանումը ստիպված կարող է շատ զգուշավոր իրականացվել»,- դեկտեմբերի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կկիրառվեն Ընտրական օրենսգրքի դրույթները, այսինքն՝ սուտ մատնության համար քրեական պատասխանատվությունը որքան ակտիվ կիրականացնեն համապատասխան կառույցները. «Շատ լուրջ լծակ է տրվել այդ մարմիններին Ընտրական օրենսգրքով լրագրողների գործունեությունը սահմանափակելու համար, դա ակնհայտ է»:
Բորիս Նավասարդյանը լրատվամիջոցների աշխատանքը համեմատեց իլյուզիոնիստներ Հարրի Հուդինիի եւ Դեւիդ Կոպերֆիլդի հետ. «Հայկական լրատվամիջոցներին դրել են Հարրի Հուդինիի եւ Դեւիդ Կոպերֆիլդի վիճակում: Երբ օրինակ, իրենց դնում են մետաղյա արկղի մեջ, հետո շղթաներով փաթաթում են, հետո թաղում են եւ ասում են՝ դե դուրս արի: Սովորաբար, Հարրի Հուդինին եւ Դեւիդ Կոպերֆիլդը դուրս էին գալիս: Եվ մոտավորապես սա է անկախ Հայաստանի պայմաններում լրատվամիջոցների ամբողջ ճակատագիրը եւ պատմությունը. աներեւակայելի դժվարություններ են ստեղծում իրենց համար, իրենք մի կերպ դուրս են պրծնում, շարունակում են գործել, իհարկե՛, կորուստներով»:
Բորիս Նավասարդյանը հավելեց, որ թվայնացման հետեւանքով այն, ինչ եղավ մարզային հեռուստաընկերությունների հետ, լուրջ տագնապ է առաջացնում, որ այս անգամ Դեւիդ Կոպերֆիլդը, ի դեմս թվային հեռարձակման լիցենզիաներ չունեցող մարզային հեռուստաընկերությունների, միգուցե դուրս չգա փորձություններից. «Մենք շատ լավ գիտենք, որ հատուկ քաղաքական նպատակ չի հետապնդում, այսինքն՝ քաղաքական շահագրգռվածություն ոնց որ թե չկա, բայց միեւնույն ժամանակ ոչինչ չի արվում, որ իրենք փրկվեն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ