Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը ռուս-թուրքական հարաբերություններում միշտ էլ եղել է մանրադրամ». Աղասի Ենոքյան

Դեկտեմբեր 21,2016 17:10

120 զոհ, 800 հեկտարի տարածքային կորուստ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանն ունի այս իրավիճակը: Ամփոփելով 2016-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից՝ փորձագետները փաստեցին, որ որևէ դրական զարգացում չկա:

«Մեդիա կենտրոնում» այս թեմայով հրավիրված քննարկմանը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հավաստեց. «Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր զինվորը, ստորին, միջին մակարդակի սպաները և ժողովուրդը պատրաստ են հայրենիքը պաշտպանել, հայրենասեր են, ի տարբերություն իշխանությունների: Մյուս հետևությունն այն է, որ Մինսկի խումբը չկարողացավ վերսկսել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցում: Ակնհայտ է, որ Ռուսաստանն այդ հակամարտության մեջ ունի շահեր և փորձում է դրանք առաջ քաշելով՝ ինչ-որ հարցեր լուծել»:

Պարոն Գրիգորյանը նկատեց, թե, օրինակ, Ռուսաստանն ուզում է, որ Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ, այնքան ուժեղ է դա ցանկանում, որ ճնշում է ՀՀ իշխանություններին, որ գնան զիջումների, որպեզի ինքն էլ այդ հարցը լուծի:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հորդորեց տարանջատել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները Ղարաբաղի հարցի շուրջ եղած բանակցություններից. «Վերջին տարիներին բանակցային գործընթացում ոչ թե ուզում են հարցը լուծել, այլ պահպանել ստատուս քվոն: Այս առումով նոր բան չկա: Մինսկի գործընթացներն էլ չկան արդեն մի քանի տարի է: Ապրիլից հետո իրավիճակն ավելի վատացավ: Չեմ տեսնում հեռանկար, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է դեպի կարգավորում գնալ»:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը շեշտեց, որ ապրիլյան պատերազմը կողմերին հիշեցրեց, որ խնդիրը լուծված չէ. «Մինչ այս ՀՀ իշխանությունների քայլերն այնպիսին էին, որ ստատուս քվոն կարելի է պահել հավերժ, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Դրանից հետո իշխանությունները դասեր առան: Իհարկե, միշտ չէր, որ հետևությունները ճիշտ էին. օրինակ` 1000 դրամների` աղմուկ հանած նախագիծը, որով փաստացի պետության պարտականությունները կրկին դրվեցին քաղաքացիների վրա»:

Ըստ Աղասի Ենոքյանի` մյուս գործոնը սպառազինությունների ինտենսիվ ներհոսքն էր տարածաշրջան: Պարոն Ենոքյանի դիտարկմամբ` սպառազինություններն ավելի մահաբեր ու վտանգավոր են այժմ. «Ադրբեջանը կիրառեց զենքեր, որոնք մինչև հիմա արգելված էին: Սա ցույց է տալիս, որ հակամարտությունը կարող է ավելի խորանալ, և ռուսական գործոնը մեծանալ»:

Աղասի Ենոքյանի նկատած մյուս միտումն այն է, որ եթե մինչև սեպտեմբեր հայկական կողմն ու համանախագահներն էին ցանկանում Ադրբեջանին բերել բանակցային սեղան, ապա սեպտեմբերից հետո` իսկանդերների ցուցադրումից հետո, հակառակն է:

Ամփոփելով՝ պարոն Ենոքյանը փաստեց, որ իրավիճակն այժմ ավելի վատ է, քան մեկ տարի առաջ, պատերազմի հավանականությունը չի անցել, և ներքին ցանկացած ընդվզում սրա դեմ իշխանությունները կարողանում են կառավարել. «Խոսքը «Սասնա ծռերի» գործողությունների մասին է: Նույն 800 հեկտարի մասին, որ սկզբում կարծես լուրջ խնդիր էր դա համարվում, բայց հիմա, երբ ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնացել, որևէ ընդդիմադիր ուժ այդ հարցը չի բարձրացնում»:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի ձևակերպմամբ` 2016-ի առաջին դասն այն է, որ հույսը մեզ վրա պիտի դնենք. «Պատերազմը չի ավարտվել, և պետք է կարողանանք ապրել այդ հոգեբանությամբ: Առանց արցախյան կողմի` բանակցությունների սեղանին նստելու հիմնախնդրի մասին բանակցություններ տեղի չեն կարող ունենալ: Մյուս դասն այն է, որ Ադրբեջանի միակ զսպող գործիքն այն ընկալումն է, որ հայկական կողմերն իրենից ավելի ուժեղ են: Որ վայրկյանին պատկերացնի, որ բալանսը խախտվել է, նախաձեռնում է ռազմական գործողություններ»:

Աղասի Ենոքյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը միտված չէ Արցախի ու Հայաստանի հզորացմանը. «Ես չեմ էլ ընդունում այն, որ ասում են, եթե իշխանություններն ունենան քաղաքական կամք: Իշխանությունները չեն կարող ունենալ քաղաքական կամք: Իշխանություններին ձեռնտու չէ Հայաստանի հզորացումը, քանի որ գիտեն, որ ժողովրդավարության զարգացման դեպքում իրենք չեն լինի իշխանություն»:

Դառնալով ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում ղարաբաղյան հակամարտությանը` պարոն Ենոքյանը նշեց. «Ռուս-թուրքական հարաբերություններում Ղարաբաղը միշտ եղել է մանրադրամի դերում, սակարկության առարկա: Դա այնքան ակնհայտ է, որ ՌԴ-ն և Թուրքիան միասին քննարկում են Ղարաբաղի հարցի լուծումը, հետո նրանց ԱԳ նախարարների խոսնակները տեղյակ են պահում մեր իշխանություններին, թե իրենք ինչ են որոշել Ղարաբաղի վերաբերյալ»:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նկատեց, որ եթե մինչև ապրիլ կողմերը փայփայում էին այն հույսը, որ հնարավոր է հասնել հակամարտության խաղաղ կարգավորման, ապա ապրիլից հետո իրավիճակը գլխիվայր շրջվեց: Հակադարձելով պարոն Ենոքյանին` պարոն Թորոսյանը նշեց, որ չի կարող լինել մի իշխանություն, որը չցանկանա իր երկրի հզորացումը:

Ստեփան Գրիգորյանը կարևորեց Իրանի դերակատարությունը. «Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ավելի հավասարակշռված է, ակնհայտ է, որ Իրանի գործոնը կարող ենք օգտագործել հենց որպես հակակշիռ Թուրքիային: Իրանը մտահոգված է Ադրբեջան-Թուրքիա ալյանսից ու չի ուզենա, որ ՀՀ-ն և Ղարաբաղը թուլանան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031