Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. 2016-ին լրագրողները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2016 17:04

«Չափազանց բարդ եւ լարված ժամանակաշրջան էր»,- դեկտեմբերի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ 2016 թվականի ընթացքում լրագրողների նկատմամբ բազմաթիվ բռնություններ արձանագրվեցին. «Լրագրողները եւ լրատվամիջոցները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում: Դրա հետ մեկտեղ լրատվամիջոցները բախվել են մի շարք լուրջ մարտահրավերների: Առաջին հերթին՝ ապրիլյան պատերազմը իսկապես լուրջ մարտահրավեր էր, որովհետեւ նոր լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի զարգացման պարագայում պատերազմական գործողությունների լուսաբանումը միանգամայն նոր երեւույթ եւ նոր փորձություն էր լրագրողների համար»:

Աշոտ Մելիքյանը առանձնացրեց նաեւ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը. «Այստեղ լուրջ հարցեր էին առաջանում՝ ինչը լուսաբանել, ինչը ոչ, եթե ինչ-որ մի բան չի կարելի լուսաբանել, ապա ինչու, եթե լուսաբանվում է, ապա ինչպես: Բայց այստեղ մենք ականատես եղանք ոստիկանական նոր վայրագությունների, եւ այդ ամենը հիշեցրեց 2015 թվականի հունիսյան իրադարձությունները Բաղրամյան պողոտայում: Ճնշումները, ֆիզիկական բռնությունները թիրախավորված բնույթ էր կրում: Եվ աննախադեպ էր այն, որ կիրառվեցին հատուկ միջոցներ»:

Աշոտ Մելիքյանը ընդգծեց, որ ըստ նախնական տվյալների՝ ֆիզիկական բռնությունների առումով 2016 թվականը գերազանցեց 2015-ին. «Բնական է, որ այս պայմաններում լրագրողը եւ լրատվամիջոցը չի կարող ազատ գործել: Մանավանդ, որ այդ իրադարձություններից հետո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրեցինք մի շարք խոչընդոտներ եւ նաեւ ֆիզիկական բռնություններ:

Ցավոք, միայն էքստրեմալ պայմաններում չէ, որ լրագրողները նման փորձությունների են բախվում, եւ վերջին միջադեպը Ազգային ժողովում (նկատի ունի լրագրող Վահե Մակարյանի հայտարարությունը, թե ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հարվածել է իրեն. Ա. Չ.) ցույց տվեց, որ ոչ այնքան էքստրեմալ պայմաններում՝ հենց Ազգային ժողովի ներսում, լրագրողը կարող է ենթարկվել ֆիզիկական բռնության եւ ճնշման: Այս ամենը թույլ է տալիս մեզ ասել, որ շատ բարդ պայմաններում են լրագրողները գործել եւ ապագայում էլ, քանի որ սպասում ենք խորհրդարանական ընտրությունների, այդ փորձությունները կարող են կրկին ի հայտ գալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031