Լրահոս
Օրվա լրահոսը

Միտում՝ ըստ ոստիկանների վրա քարեր նետած երիտասարդի փաստաբանի

Դեկտեմբեր 21,2016 16:58

Դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Գագիկ Պողոսյան) կայացավ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Միքայելյանի, Արսեն Մկրտումյանի եւ Սոսո Մարգարյանի գործով հերթական դատական նիստը: Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2. կետով: Այն է՝«1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներն անմիջականորեն կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով»:

Ամբաստանյալները մասնավորապես մեղադրվում են Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկում`ՊՊԾ գնդի մոտակայքում զանգվածային անկարգություններ կատարելու, այդ օրը ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեջ:

gagik_miqaelyan_dat_1

Ամբաստանյալ Սոսո Մարգարյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ինչը մեղադրողը ժամանակավրեպ համարեց, դատարանն էլ չբավարարեց այն:

Փաստաբանի ձեւակերպմամբ, մեղադրանքում ամբաստանյալներին մեղսագրված արարքներում կոնկրետացված չէ, թե նրանց ենթադրյալ գործողությունների արդյունքում ովքեր են տուժել, ընդ որում՝ երիտասարդները մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, մինչդեռ նրանք հրկիզումներ չեն արել, գույք չեն ոչնչացրել, հրազեն ու պայթուցիկ նյութեր չեն օգտագործել, ոստիկաններից որեւէ մեկին էլ ցավ կամ մարմնական վնասվածք չի պատճառվել: Ըստ Արա Զաքարյանի, շուրջ 50 հոգու տուժողների ցանկում ներգրավելը միտում ունի` գործի քննությունը կարող է ձգվել, եւ ամբաստանյալները տեւական ժամանակ մնան կալանքի տակ:

Արա Զաքարյանը մեկ այլ միջնորդություն ներկայացրեց՝ դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին: Խոսքը տրվեց ամբաստանյալներին: Մասնավորապես Սոսո Մարգարյանն ու Գագիկ Միքայելյանը սկզբում ասացին, որ ընդամենը քարեր են նետել եւ չեն ընդունում իրենց ուղղված մեղադրանքը, ավելի ուշ երեքն էլ ասացին, որ ընդունում են մեղադրանքը: Մեղադրողը, տուժողի ներկայացուցիչները չառարկեցին միջնորդության վերաբերյալ:

Կարճատեւ ընդմիջում հայտարարվեց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031