Այս պահին Դիլիջանի ուսումնական դպրոցի ընդունման-հանձնման աշխատանքներ են տեղի ունենում եւ Ֆիննախից գույքը վերադարձվում է պետական եկամուտների կոմիտեին: Այսօր տարեկան իր ամփոփիչ ասուլիսում ասաց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Այդ գործընթացն ավարտվելուց հետո, ըստ վարչության պետի, պետգույքը կընդունի ուսումնական կենտրոնը, որից հետո կամ վաճառքի ձեւով կօտարի, կամ հավատարմագրային կառավարման կհանձնի կամ էլ` վարձակալությամբ կտա. «Մեզ համար բոլոր տարբերակներն էլ ընդունելի են: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր դեպքերում էլ պետությունը ոչ մի լումա չի կորցնելու»:
Aravot.am-ի հարցին, թե կա՞ն այնպիսի ներդրողներ, որոնք ներդրումային պարտավորությունները չեն կատարել եւ մայրաքաղաքում նրանց կիսակառույցներն այդպես էլ անավարտ մնացել են, ինչպես օրինակ «Դվին» հյուրանոցի շենքը, որը տարիներով անավարտ կանգնած է, պարոն Սահակյանը պատասխանեց, որ Դվին հյուրանոցային համալիրն իր պարտավորությունները կատարել է. «13 միլիոն դոլարի ներդրումային պարտավորություն ուներ, որը որ կատարել է, բայց, քանի որ ծրագիրը մեծ էր, ավարտին չի հասցրել 13 միլիոն դոլարով եւ մեզ առաջարկել է ընդհանուր առմամբ, 100 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր, այս պահին ծրագիրը կառավարությունում քննարկվում է»:
Կարդացեք նաև
Արման Սահակյանի տվյալներով, անցնող տարում պետգույքի վարչությունը 6 միլիարդ 859 միլիոն դրամի պետական գույք է օտարել, նախորդ տարվա 4 միլիարդ 422 միլիոն դրամի համեմատությամբ: Պետական գույքի մասնավորեցումից բյուջեն ստացել է 50 միլիոն դրամ: Նախորդ տարվա ցուցանիշը գրեթե նույնն է: Պետական գույքի վարձակալությունից էլ, դեկտեմբերի 15-ի դրությամբ, պետբյուջե է մտել 221 միլիոն 227 հազար դրամ՝ նախատեսված 192 միլիոն 400 հազարի փոխարեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ