Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար կլինի Սեյրան Օհանյանին որպես իրական ընդդիմություն ընկալելը». Հայկ Մարտիրոսյան

Դեկտեմբեր 21,2016 15:41

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը քիչ հավանական է համարում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականություն է մտնում Բաղրամյան 26-ի թելադրանքով:

«Մինչ այս ինձ թվացել է, թե պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Պարզվում է՝ ոչ: Եթե նախարարը պաշտոնաթողությունից հետո է միայն համարում, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, ուրեմն մինչ այդ նա այնտեղ անգամ չի էլ եղել: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞վ է զբաղվում պաշտպանության նախարարը: Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա ամեն բան կախված է նրանից, թե ինչ են ասել իր հրաժարականից հետո Սեյրան Օհանյանին Բաղրամյան 26-ում: Եթե կոնֆլիկտ է եղել, ապա դժվար թե հիմա նրա ազատ քաղաքականությամբ զբաղվելը նրան որևէ դիվիդենդներ բերի:

Եթե չի եղել, ապա այս քայլը կարող է և վնասել նրան: Իսկ եթե թելադրված է հենց նախագահականից, որ տվյալ պարագայում քիչ հավանական եմ համարում, ապա հաշվարկը հիմա ճիշտ է արված»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

New-York based Armenian political scientist, historian Hayk Martirosyan is guest in Hayeli press club

Մեր հարցին, թե հաշվի առնելով, որ արդեն իսկ հայտարարվել է, որ Սեյրան Օհանյանը համագործակցելու է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հետ, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ համագործակցություն կլինի այդ համագործակցությունը ու ինչպիսի շանսեր կունենա ՊՆ նախկին նախարարը ընտրություններում, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե ամեն բան այնպես է՝ ինչպես ասվում է, և գաղտնի այլ հանգամանքներ չկան, ապա շանսերը թերևս զրոյական են…իսկ թե քաղաքականությամբ զբաղվելն ինչ ազդեցություն կթողնի նրա կերպարի, վարկանիշի վրա, ապա, եթե գունային գամմայով համապատասխանեցված շապիկներով սերիական նոր լուսանկարներ չհայտնվեն ինտերնետում, և եթե նախկին նախարարը վերջապես սկսի բովանդակալից ճառեր ասել՝ գուցե ինչ-որ դրական տեղաշարժեր լինեն այդ առումով»:

Քաղաքագետը նկատեց, որ Սեյրան Օհանյանը գոնե առայժմ հաստատ իրական ընդդիմություն չի ստեղծի. «Օհանյանը իշխանության կարևորագույն օղակ է եղել, որին ներվեց անգամ ապրիլյան սարսափելի բացթողումների պատասխանատվությունը: Դա նշանակում է, որ նրան դժվար կլինի որպես իրական ընդդիմություն ընկալելը, իսկ եթե ինչ-որ պահի էլ տեսականորեն ընկալեն, ապա իշխանությունն արագորեն կհիշեցնի նրան այն թելերի մասին, որոնք նախկին նախարարի հետևից ձգվում են դեպի իշխանական անցյալ: Սեյրան Օհանյանը նեղացածների նոր խո՞ւմբ, թե՞ քաղաքական լուրջ թիմ կստեղծի՝ չգիտեմ: Նույնիսկ իր հայտարարությունը քիչ բան է ասում, քիչ տեղեկատվություն է տրամադրում: Անհնար է այս պահին իմանալ, թե ինչ կա նրա գլխում, ինչպիսի մտադրություններ ունի: Երբ սկսի խոսել, ակտիվորեն հանդես գալ մամուլում, կսկսենք աստիճանաբար հասկանալ: Այս պահին ամեն բան դեռ սաղմնային վիճակում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի says:

    Ներկա Հայաստանում դեպի Մոսկվա նայող ո՛չ մի քաղաքական ուժ «ընդդիմադիր» չի կարող լինել: 125 տարի «հող ազատագրել» խոստանալը կամ նվազագույն աշխատավարձն ու խաղողի մթերման գինը բարձրացնել ցանկանալը (աշխարհա)քաղաքական գաղափարախոսություն չէ՛: Ոչ էլ «ավելի լավ նախագահ» լինել խոստանալն է քաղաքական գաղափարախոսություն:
    Պայքարեք նաև փողոցում: Ընտրությունները հսկող անկախ դիտորդների թիվը շատացնել ձգտեք: Այս նպատակի համար միավորված ֆոնդ ստեղծեք ու սփյուռքահայերին էլ փորձեք ներգրավել: Այս բոլորը լավ է և ճիշտ :
    Բայց հիշեք, որ Հայաստանում խաղաղ իշխանափոխության միակ ուղին երկրում երկբևեռ (կամ բազմաբևեռ) աշխարհաքաղաքական կողմնորոշվածության քաղաքական դաշտ ունենալն է: Հենց ա՛յս պատճառով Վրաստանում (ընտրությունների միջոցով) խաղաղ իշխանափոխություն եղավ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031