28 միլիոն դոլարով աճուրդի հանած տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքն այդպես էլ գնորդ չի ունեցել: Այսօր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն իր ամփոփիչ ասուլիսում, պատասխանելով հարցին, թե արդյոք ցածր գին չէ՞ սահմանված տվյալ շենքի համար, գրեթե մի խանութի գին է, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մեր երկրում կա որեւիցե մի խանութ, որն արժե 28 միլիոն դոլար: Մեկ քառակուսի մետրն այդտեղ հաշվարկված է 3500 դոլար»:
Այդուհանդերձ ըստ Արման Սահակյանի, շենքի համար այդպես էլ գնորդ չի եղել: Հարցին, թե որքանո՞վ է նվազեցվել նախարարության շենքի գինը, առաջին աճուրդից հետո, պարոն Սահակյանը պատասխանեց, որ չի նվազեցվել, քանի որ կառավարության որոշմամբ աճուրդը մեկ անգամ պետք է լիներ:
Արման Սահակյանն ասաց, որ այս պահին որոշ հնարավոր ձեռքբերողների հետ բանակցություններ են գնում, սակայն նրանց անունները չի կարող հրապարակել:
Մեկ այլ հարցին էլ, թե հնարավո՞ր է, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը գնի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը, որը նաեւ ԱԳՆ-ի շենքի ձեռքբերողն է ի դեմս «Տանգո» ընկերության, Արման Սահակյանն ի պատասխան ասաց, որ պարոն Էռնեկյանը նման ցանկություն չի հայտնել:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Պետգույքի վարչության պետից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե պայմաններ դրվե՞լ են ԱԳՆ-ի կամ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների ձեռքբերողների առաջ, թե ինչ չեն կարող սարքել դրանց տեղում, օրինակ` կազինո կամ գիշերային ակումբ, պարոն Սահակյանն ասաց, որ ԱԳՆ-ի շենքը ձեռքբերած «Տանգո» ընկերությունը չի կարող շենքի արտաքին տեսքը փոխել. «Պայմանագրում հստակ ֆիքսվում են պայմանագրային պարտավորություններ ե’ւ ներդրումների ե’ւ շենքի պահպանման հետ կապված, որպես պատմամշակութային ճարտարապետական կառույց: Բնականաբար, նույն ճակատագրին կարժանանա նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքը»:
Արման Սահակյանն ասաց, որ ԱԳՆ-ի շենքի տեղում կկառուցվի 5 աստղանի հյուրանոց:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ