Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, թե որոշում է կայացրել ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը դեկտեմբերի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ այս հայտարարությանը. «Ես նրան տեսնում եմ որպես ծանրակշիռ պետական գործիչ: Անկեղծ ասած, ոգեւորված չեմ նրա՝ քաղաքականություն վերադառնալու որոշմամբ, որովհետեւ ըստ էության, Սեյրան Օհանյանը ուներ մեծ դերակատարում մեր պետության զարգացման համար:
Եվ եթե այսօր նա պետական պաշտոնյա չէ, նա կարող էր լինել շատ լավ հասարակական կամ պետական գործիչ՝ չունենալով պաշտոն, չլինելով քաղաքականության մեջ, զուտ իր փորձը կիսեր եկող սերունդների հետ կամ խորհրդատվությամբ հանդես գար քաղաքական բոլոր ուժերի համար»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ընդգծեց, որ Սեյրան Օհանյանի հայտարարությունը շատ հավասարակշռված էր, առանց զգացմունքների. «Ծրագրված էր, եւ ես այնտեղ վճռականություն տեսա: Դեռ կտեսնենք, թե ինչպես կդրսեւորվի հետագայում: Հուսով եմ՝ բոլոր դեպքերում Սեյրան Օհանյան պետական գործչին չենք կորցնի քաղաքական այս թոհուբոհի մեջ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ