Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները վրդովվել են. 25 մլրդ դոլար դրվել է բանակի վրա ու փոշիացվել. Վաղարշակ Հարությունյան

Դեկտեմբեր 21,2016 14:26

«Ռոյթերզին» տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայկական կողմի տարածքներ զիջելու պատրաստակամության մասին: Կիսելյովին տված հարցազրույցում Ալիեւը խոսեց իրենց առավելագույն զիջման մասին՝ Ղարաբաղին տալ ինքնավար հանրապետության կարգավիճակ, բայց՝ Ադրբեջանի տարածքում:

Aravot.am-ի հետ զրույցում, հարցին՝ հիմա մենք պարտվողական դիրքորոշում չունե՞նք այս հարցում՝ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, դա դիվանագիտական մոտեցում է: Միշտ եղել է այդ հարցը՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց: Հիմա ի՞նչ է փոխվել՝ ոչինչ չի փոխվել: Բայց ինչ ենք ստանում սրա արդյունքում՝ բոլորը հասկանում են, որ հայկական կողմը կառուցողական դիրքորոշում ունի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այդ հարցում որեւէ պարտվողական բան չեմ տեսնում»:

Քաղաքագետները մտահոգություն ունեն, որ մեզ մոտ չկա գիտակցություն, որ զիջել տարածքներ, նշանակում է զիջել Երեւանը: Վաղարշակ Հարությունյանի խոսքերով՝ «Այո, ես էլ եմ այդ տեսակետին, որ մինչեւ Ղարաբաղի կարգավիճակի լուծումը  որեւէ տարածք չի կարելի զիջել, որովհետեւ դա փոխում է ռազմաքաղաքական բալանսը: Եթե ինքը հիմա չի համաձայնում, հետո, որ դու թուլանում ես, ինչո՞ւ պիտի ինքը համաձայնի: Բայց կա դիվանագիտական մոտեցում, որտեղ դու ինքդ ես ընտրում քո մարտավարությունը: Հիմա Ադրբեջանը որեւէ բանի չի հասնում, դրա համար դուրս է գալիս հունից, գնում է ծայրահեղ քայլերի: Ինքը ի՞նչ ստացավ ապրիլյան գործընթացից հետո»:

Մեր դիտարկմանը, որ մե՛նք կորցրեցինք, տարածքներ կորցրեցինք՝ Վաղարշակ Հարությունյանը արձագանքեց. «Պատերազմ չի լինում առանց կորստի, մենք պատերազմական իրավիճակում ենք: Բայց Ադրբեջանը ի՞նչ ստացավ, ապացուցեց մի բան, որ այդ հսկայական միջոցները, որ դրել է բանակի վրա ՝ մոտ 25 մլրդ դոլար, կորած տեղ է. իր բանակը մարտունակ չէ, փոշիացրել է հսկայական ներդրումները: Իր  քաղաքացիների մոտ առաջացել է բնական վրդովմունք.  հիմա նրանք մտածում են՝ այդքան մեզ վատ էին պահում, իսկ Ադրբեջանում աղքատության տոկոսը շատ բարձր է՝ անկախ նրանից, որ իրենք նավթ ունեն եւ մեծ բյուջե, որ իբր  Ղարաբաղը վերադարձնեին, իսկ ո՞ւր է: Բանակի ներսում էլ նույն հարցադրումները կան: Ամենակարեւորն այն է, որ դրսում նայում են՝ ի վիճակի՞ է Ադրբեջանը խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, թե՞ ոչ: Ըստ դրա էլ իրենց մոտեցումն է ձեւավորում»:

Մեր մտահոգությանը, որ արդյո՞ք ապրիլյան պատերազմում մենք, բացի տարածքներից, շատ ավելի կարեւոր բան չկորցրինք ՝հաղթողի կեցվածքը՝ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Առաջին պատերազմի ժամանակ էլ ենք չէ՞ մենք տարածքներ կորցրել՝ Մարտակերտի և Մարտունիի մի մասը, որը հիմա իրենց հսկողության տակ է, բայց մենք չենք ասում, որ մենք պարտվել ենք: Հաղթանակը գնահատում են ռազմավարական արդյունքներով: Մենք այդտեղ կորցրեցինք, բայց  գլոբալ առումով, ռազմական առումով ջարդեցինք իրենց վստահությունը իրենց ուժերի, իրենց բանակի նկատմամբ: Իրենց ռազմաքաղաքական համակարգի անարդյունավետությունը, որը չի ապահովում իրենց առջեւ դրված խնդիրների լուծումը: Քաղաքական առումով մենք հաղթանակ տարանք, ամբողջ աշխարհը հասկացավ, որ անկախ նրանից, որ Ադրբեջանը փող ունի, ինքն ի վիճակի չի լուծել խնդիրը: Քաղաքականությունը դրա վրա է կառուցվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031