Դեկտեմբերի 20-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն այցելել է Լեհաստանի Լյուբլին քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Քշիշտոֆ Ժուկի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանն իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել Լյուբլինի քաղաքապետին` արդյունավետ համագործակցության համար:
Անդրադառնալով Լյուբլինում իրականցված ծրագրերին՝ դեսպան Ղազարյանը նշել է, որ 2015 թվականի ընթացքում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը հաշվի առնելով, Հայաստանը հանդիսացել է «Արևելքի մշակույթ» ծրագրի գլխավոր գործընկերը, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Լյուբլին քաղաքում, որտեղ 2015 թվականին համերգներով հանդես են եկել Հայաստանի «Հովեր» կամերային երգչախումբն ու Կոմիտասի անվան Ազգային լարային քառյակը: 2016 թվականին Հայաստանը գլխավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Լյուբլինում կազմակերպված Սննդի եվրոպական փառատոնին, որի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականին Լյուբլին քաղաքի 700-ամյակին և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Կարդացեք նաև
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ապակենտրոնացված համագործակցության հարցերին, որի համատեքստում Լյուբլինի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել 2017 հոբելյանական տարում համագործակցություն հաստատել Հայաստանի քաղաքներից մեկի հետ:
ՀՀ ԱԳՆ