Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու նախագահը՝ ընտրություններից հետո

Դեկտեմբեր 21,2016 14:12

«Ռոյթերզին» տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում, ինքը քաղաքականության մեջ անելիք չունի, բայց նույն րոպեին բացառել էր, որ ՀՀԿ-ն կպարտվի: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին հարցրեց՝ սա նշանակում է, որ նա անելիքներ տեսնում է քաղաքականությունում, չնայած մինչ այդ հայտարարել էր, որ որեւէ պաշտոն չի զբաղեցնելու, որտե՞ղ եք տեսնում Դուք նրան՝ ընտրություններից հետո:

gagik_meliqyanԳագիկ Մելիքյանը պատասխանեց. «Նախագահ Սերժ Սարգսյանը անկախության տարիների հենց սկզբից ակտիվ քաղաքականության մեջ է եղել, կա եւ կլինի: Ինքը խոշոր քաղաքական գործիչ է Հայաստանի Հանրապետությունում, ինչու չէ նաեւ՝ աշխարհում ճանաչված: Ասել, որ ինքը իրեն տեսնում է, թե չի տեսնում, ես կարծում եմ, որ ոչ միայն ինքը տեսնում է իրեն քաղաքականության մեջ, այլ նաեւ ՀՀԿ-ն տեսնում է իրեն ակտիվ քաղաքականության մեջ ապագայում: ՀՀ նախագահը միշտ եղել է ակտիվ քաղաքականության մեջ եւ կլինի ակտիվ քաղաքականության մեջ»:

Մեր հարցին՝ այդ դեպքում սահմանադրական փոփոխություններից առաջ ինչո՞ւ հայտարարեց, որ որեւէ պաշտոն չի զբաղեցնելու, ասաց, որ չի լինելու ԱԺ նախագահ, վարչապետ՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդ ամենը կախված է լինելու, թե ՀՀԿ-ն առաջիկա համապետական ընտրություններում ինչպիսի քվեներ կունենա: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն կունենա լուրջ քվեներ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում կունենա իր լուրջ ամենաբարձր դերը»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ վարչապե՞տ կլինի, ԱԺ նախագա՞հ՝ նա պատասխանեց. «Ամենաբարձր դերը»:

levon_zurabyanՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հայտարարություններում լուրջ հակասություն կա. «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցում հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ դուք լինեք վարչապետ, Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ դրա մասին վաղ է խոսել, պետք է սպասել ընտրությունների արդյունքին:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Սահմանադրական հանրաքվեից առաջ ինքը շատ աներկբա կերպով ասաց, որ երբեք այլեւս չի հավակնի պետության ղեկավարի պաշտոնին, ասաց, որ մարդը չպիտի երկու անգամից ավելի լինի այդ պաշտոնին եւ շատ հստակ նշեց, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ինքը չի հավակնի ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի պաշտոնին: Նման աներկբա հավաստիացումից հետո ասել, որ իմ որոշումը վարչապետ լինելու մասին կախված է այսինչ զարգացումներից՝ դա արդեն հակասության մեջ է ընկնում: Նա ցույց է տալիս, որ իրականում, ինչպես մենք զգուշացնում էինք Սահմանադրական հանրաքվեից առաջ, իր պնդումները մեկ նպատակի են ծառայում, որ հեշտացնեն Սահմանադրական փոփոխությունների ընդունումը, իսկ իրականում մտադրությունը լրիվ այլ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031