Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիները բողոքներ են ուղարկել ՀՀ ՄԻՊ-ին

Դեկտեմբեր 21,2016 13:23

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը եւ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն այսօր Երեւանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստորագրեցին համագործակցության հուշագիր:

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի խոսքով, երկու երկրների ՄԻՊ կառույցների միջեւ առաջին անգամ է ստորագրվում նմանատիպ հուշագիր, ինչը նոր հեռանկարներ է բացում մարդկանց օգնելու հարցում. «Իսկ դա մեր գլխավոր նպատակն է»:

Տիկին Մոսկալկովան ասաց, որ համաձայնագիրը հնարավորություն է նաեւ տալու երկու երկրների ինստիտուտներին օպերատիվ փոխանակել տեղեկատվություն եւ օպերատիվ օգնել մարդկանց, որոնք հայտնվել են դժվարին իրավիճակում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացիները նույնպես կարող են իրավունքների խախտումների դեպքում դիմել իրեն:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքներին, ՌԴ ՄԻՊ-ն ասաց, որ Հայաստանի` Եվրազեսին միանալը հեշտացրել է ՌԴ-ում հայերի աշխատելու հնարավորությունը. «Այսինքն, հիմա պետք չէ ստանալ հատուկ թույլտվություն Ռուսաստանում աշխատելու համար, արդյունքում մենք ավելի քիչ թվով բողոքներ ենք ստանում»:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նկատեց, որ իրենց ուղղված բողոքների թվի աճի միտում կա, ինչը պայմանավորեց քաղաքացիներին մտահոգող խնդիրների շատ լինելու եւ ՀՀ ՄԻՊ-ի գործունեության ոլորտների մասին քաղաքացիների իրազեկվածության մակարդակի աճով: Նրա տվյալներով, այս տարվա  10 ամիսների ընթացքում մոտ 40 դիմում-բողոք են ստացել կապված ՌԴ տարբեր մարմինների հետ. «Իհարկե, ՀՀ ՄԻՊ-ը որեւէ իրավասություն չունի ՌԴ իրավասու մարմինների նկատմամբ, այդ իսկ պատճառով կապի մեջ էինք մեր ռուս գործընկերների հետ, իսկ հիմա,  կունենանք մեր հատուկ ներկայացուցիչները՝ ՌԴ-ից բողոքներով զբաղվող: Իսկ ՌԴ-ի մարմինների հետ կապված բողոքները տարբեր են, զգալի մասը վերաբերում է  միգրացիայի հետ կապված խնդիրներին, բողոքում են, որ արգելվել է  ՌԴ-ում աշխատանքը կամ անհիմն վտարվել են ՌԴ-ից, զգալի թիվ են կազմում փակ հաստատությունների հետ կապված բողոքները»:

Պարոն Թաթոյանը հստակեցրեց, որ ներկայացուցիչները գործելու են իրենց երկրներում, բայց ունենալու են, այսպես ասած, հատուկ պաշտոն` հատուկ պատասխանատու ՌԴ բողոքներով, որոնք հնարավորություն կունենան ազատ շփվել ՌԴ ՄԻՊ հանձնակատարի հետ:

Այսօր նախատեսված է  նաեւ տիկին Մոսկալկովայի մասնակցությունը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի արտահերթ նիստին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031