Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի «հոգեթերապեվտիկ բնութագրություններով» պատասխանը Վահան Արծրունուն

Դեկտեմբեր 21,2016 12:47

«ՄԻՊ-ի նամակում ես չգտա իրավաբանական գնահատականը: Այնտեղ կա ընդամենը նկարագրություն, թե ինչպիսի՞ն պետք է լինեն գործողությունները, ընդհանուր բնույթի եզրակացություններ: Իսկ քաղաքական հետապնդման, ճնշման եւ սպառնալիքի առումով ՄԻՊ-ը բացատրություն է տվել, որ այն չի կարող արձանագրվել ոչ մի պարագայում, քանի որ ես իմ մասնակցությունն այդ հարցաքննությանը կամովին եմ բերել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգիչ-երգահան Վահան Արծրունին`անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի`իր դիմումին պատասխանին:

Երգիչ-երգահանը դիմել էր ՄԻՊ-ին հասկանալու համար՝ ի՞նչ իրավաբանական նկարագրություն ունեն իրողությունները, որոնց մասնակիցն է եղել անկախ իր կամքից. «ՄԻՊ-ից հետաքրքրվել էի`օրենքը շրջանցվո՞ւմ է, թե՞ այս գործողություններն օրենքի շրջանակում են կատարվում եւ արդյոք ստեղծված իրավիճակը կարող եմ ես մեկնաբանել իբրեւ քաղաքական հետապնդում, այս գործընթացն իր մեջ սպառնալիքի տարր պարունակո՞ւմ է, թե`ոչ»: Խոսքն այն մասին է, որ օրեր առաջ երգիչ-երգահանը կանչվել էր ԱԱԾ, հարցաքննվել, ապա արգելափակվել էր նրա ֆեյսբուքյան էջը:

«Ինձ թվո՞ւմ է, որ ՄԻՊ-ի նամակը ոչ թե պատասխան է, այլ ավելի շուտ պատասխաններից եւ գնահատականներից հմտորեն խուսափելու հերթական օրինակ։ Ստացվում է, որ օրենքով նախատեսված պրոցեդուրան՝ հարցաքննելու հրավերի իրողությունը, արձանագրվում է, բայց չի քննադատվում։ Քաղաքական ճնշում եւ հետապնդում չի արձանագրվում, քանի որ կամովին եմ գնացել։ Իսկ ՖԲ էջիս հետ կապված խնդիրների համար պետք է դիմեմ ամերիկյան մասնավոր կազմակերպությանը»,- ասաց մեր զրուցակիցը`սրան իբրեւ հակակշիռ բերելով իրեն ԱԱԾ կանչել-հարցաքննելուց հետո հնչած տարբեր իրավաբանների եւ իրավապաշտպանների տեսակետներն ու վերլուծություններն այն մասին, որոնք բացարձակ հակառակ պատկերն են տալիս`խիստ քննադատում, օրենքի կոպիտ խախտում, մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարում, քաղաքական հետապնդում եւ ակնհայտ սպառնալիք:

«Հիմա, ես, որպես ՀՀ քաղաքացի, որը հմտացած չէ իրավաբանական նրբությունների մեջ, ի՞նչ եզրակացություններ պետք է անեմ»,- հարց է հնչեցնում Վահան Արծրունին: Հակընդդեմ հարցին`եւ ի՞նչ եզրակացություն եք անում, պատասխանում է. «Սա որեւէ գնահատականներից դուրս է: Իրավաբանական գնահատականներ եւ չափորոշիչներ տալուց խուսափելու, իսկ իրականում ԱԱԾ աշխատելաոճը եւ քաղաքացիների հետ շփվելու տեխնոլոգիաները քողարկելու փայլուն օրինակ է: Կարծում եմ, որ այս իրավիճակը ոչ միայն ինձ է վերաբերվում, այլ յուրաքանչյուր քաղաքացու, որը վաղը կարող է հայտնվել նույն իրողությունների առաջ`իր կամքից դուրս ներքաշվելով որոշակի գործընթացի մեջ»:

Մեր զրուցակիցը մտավախություն ունի, որ քողարկելն է մեր իրականությունում քաղաքական մտքի դոկտրինը:

Այս գործընթացով Վահան Արծրունին դատարան դիմել չի կարող`փաստեր չկան`ոչ ծանուցագիր, ոչ խոսակցության ձայնագրություն, ոչ արձանագրություն, որը պարտադիր կազմվում է հարցաքննությունից հետո: «Իրավաբանական առումով դատարան դիմելն անհեթեթ քայլ կստացվի: Ըստ երեւույթին, այս սխեման մտածված սխեմա է`յուրաքանչյուր քաղաքացի, որը կփորձի պարզել եւ հասկանալ ներքաղաքական իրավիճակը, շարժվելու է այս սխեմայով, որի վերջը ՄԻՊ-ի հոգեթերապեվտիկ բնութագրություններով պատասխանը պետք է լինի»: Մնում է`հնչեցնել անձնական գնահատականներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս հատուկ պարագային, իրավապահ մարմինների ձեռնարկած քայլը թերեւս աւելորդ զգուշություն էր, որովհետեւ այս մարդը անկարող է բռնության արարք գործելու: Անոնք թերացան Յուլիսի արյունահեղ դէպքերի առաջքը առնելու, հիմա ել… հաւելեալ բաներ են անում:

    Սակայն աւելի լայն առումով, Հայաստանի կարգ մը քաղաքացիներ չեն հասկանում որ պետական իշխանությունները, ոստիկանությունը եւ ներքին անվտանգութեան գործակալները, իրաւունքն ու օրինական ուժը ունին հետախուզություն կատարելու, ոչ միայն հանցագործությեան ընթացքում կամ անկէ ետք, այլ նաեւ անկէ առաջ:

    Օրինակի համար, այս տեսանկյունից դեռ աւելի անհեթեթ բաներ ենք տեսնում՝ ծանր մեղադրանքների տակ գտնվող բանտարկյալներ, որոնք դատական բողոքներ են ներկայացնում, ոստիկանության հետախուզական աշխատանքին դէմ ! Այդ բողոքը տուժող կողմերն է որ պիտի ներկայացնեն, այն հիման վրայ որ պատկան իշխանությունները բաւարար աշխատանք չտարին կանխելու համար նյութի առարկա հանցագործությունը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031