Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ մտածում են՝ օրենքն ընդունվեց, գալու են տանեն իրենց երեխային, օտարեն ընտանիքից». Նունե Գեղամյան

Դեկտեմբեր 21,2016 12:40

Երեխաների պաշտպանության ցանցի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն՝ ծնողների 40 տոկոսը երեխաների դաստիարակության մեջ կիրառում է ֆիզիկական բռնություն:

«Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում և ընտանեկան բռնության դեմ օրենքի անհրաժեշտությունը» թեմայով քննարկմանը մասնագետները վստահեցրին, որ ընտանեկան բռնության խնդիրները միայն իրավական համակարգում չէ, որ պետք է լուծվեն: Ավելի շատ դեպքերը պետք է գնան սոցիալական ծառայություններ, իսկապես սոցիալական ծառայողների, հոգեբանի, մանկավարժի օգնությամբ առանց բարձրաձայնելու պետք է օգնել ընտանիքին, այլ ոչ թե միանգամից դիմել ոստիկանություն:

«Մեդիա կենտրոնում» «Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում և ընտանեկան բռնության դեմ օրենքի անհրաժեշտությունը» թեմայով քննարկմանը Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը փաստեց, որ ընտանեկան բռնության ոլորտում ճշգրիտ տվյալ չունենք, թե քանի երեխա է ենթարկվում բռնության. «Մենք խոսում ենք միայն բացահայտված և ընթացք ստացած դեպքերի մասին: Գուցե բացահայտվածների մի քանի պատիկները լուռ ողբերգություննե՞ր են ընտանեկան պատերից ներս»:

Տիկին Անտոնյանը փաստեց, որ հասարակությունն այս հարցերում բաժանված է երկու բևեռների՝ մի մասը կարծում է, որ դա ընտանեկան գործ է. նման հարցերը պիտի քննարկվեն միայն ընտանիքի պատերից ներս, մյուս բևեռի կարծիքով՝ միայն քրեական դաշտ հասած դեպքերն են, որ ենթակա են որոշակի կարգավորման:

Այն հիմնավորումներին, թե պետք չէ մտնել ավանդական հայկական ընտանիք, տիկին Անտոնյանն արձագանքեց, թե 80-100 տարի առաջ երեխաներին տանը տատմոր մոտ էին ունենում, հիվանդանոց գնալն ընդունված չէր ու զուգահեռեց. «Եթե մենք այժմ չենք ուզում միջամտել, նշանակում է հարյուր տարի հետո էլ նույն խնդիրների մասին ենք խոսելու: Հասարակությունը փոխվում է, նորմերը նույնպես»:

Տիկին Անտոնյանի կարծիքով՝ ընտանեկան բռնության դեպքերը պատիժներով չեն լուծվում: Դառնալով ընտանեկան բռնության մասին օրենք ունենալու հարցին՝ տիկին Անտոնյանը վստահեցրեց, որ կողմ արտահայտվելով այդ օրենսդրությանը՝ ամենևին չի նշանակում, որ ֆեմինիստական գաղափարներով են առաջնորդվում: Նա օրինակ բերեց. «Բազում կանանց համար տղամարդը դիտարկվում է որպես բանկի քարտ, և եթե այդ քարտը դատարկվում է, սկսվում են հոգեբանական ճնշումները»:

Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Աիդա Մուրադյանը ցավով փաստեց, որ հասարակությունը չունի անհանդուրժողական վերաբերմունք երեխայի նկատմամբ բռնությանը:

Դառնալով խնդրահարույց օրենքին՝ նկատեց. «Ըստ իս՝ այդ օրենքում երեխայի իրավունքները և երեխային՝ որպես ընտանեկան բռնության սուբյեկտ դիտարկելու հանգամանքը ակնհայտ չէ: Նա դիտարկվում է՝ որպես ընտանեկան բռնության հետևանքները կրողներից մեկը: Եթե այս տեսքով ընդունվի օրենքը, տարընթերցումների տեղիք է տալու: Ընտանեկան բռնության մասին օրենք ընդունելով՝ մենք չենք փորձում աշխարհին ցույց տալ, որ մենք էլ նման օրենք ունենք, այլ մեր նպատակն է այն, որ արմատախիլ արվի բռնությունն ընտանիքից: Մեր նպատակն ընտանիքը տրոհելը, ընտանիքը քանդելը չէ»:

Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Արշակ Գասպարյանը մտահոգություն հայտնեց, որ պատասխանատու մարմինները ոչ արդյունավետ են աշխատում, և չկա համապատասխան համագործակցություն. «Մենք այսօր ՀՀ-ում ունենք ընտանեկան բռնությանը քրեաիրավական վերաբերմունք: Իսկ ընտանեկան բռնության մասին օրենքը գալիս է ցույց տալու այլընտրանքը: Ամենևին պարտադիր չէ, որ ընտանեկան բռնության համար անձին տանեն քրեաիրավական դաշտ»:

Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Նունե Գեղամյանը փաստեց, որ շատերն են այսօր բռնությունը դիտարկում որպես նորմ դաստիարակության մեջ: Ըստ նրա՝ պիտի փոխվեն պատկերացումները պետական մակարդակում, ընտանեկան ներքին մշակույթում: Ըստ նրա՝ վերջերս տեղի ունեցած դեպքի գործով, երբ բռնարար հորը 30.000 դրամով տուգանեցին, իրականում դատարանը նրանց պետք է ուղարկեր վերականգնողական ծառայություն ստանալու:

Նունե Գեղամյանի համոզմամբ՝ օրենքի վերաբերյալ հասարակությունն ունի թյուր ընկալում, քանի որ օրենքը ճիշտ մատուցված չէ հասարակության լայն շերտերին: Նա այս առիթով նշեց. «Մարդիկ մտածում են, որ օրենքի ընդունումից հետո մտնելու, վերցնելու են իրենց երեխային, օտարելու ընտանիքից: Սրա հիմնական պատճառն, ի վերջո, ծառայությունների բացակայությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031